Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

«ՈՐ Ի ԼԵՐԻՆՆ ԱՅԼԱԿԵՐՊԵԱԼ ՑՈՒՑԵՐ ԶԱՍՏՎԱԾԱՅԻՆ
ՔՈ ԶՕՐՈՒԹԻՒՆԴ …»
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

ոն է պայծառության ու հոգենորոգման: Ահա այսպես կարելի է բնորոշել բոլորիս համար սիրելի այս տոնը, որը ոչ միայն ներքին ծածուկ շքեղություն ունի, այլեւ արտաքին եւ գրավիչ:

ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հիսուսի Այլակերպությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար կամ գլխավոր տոներից է: Այն նշվում է Սուրբ Զատկից տասնչորս կամ Հոգեգալստից յոթը շաբաթ անց հանդիպող առաջին կիրակի օրը:

Քրիստոս, որ մարմնացել էր Ադամի բնությամբ, պայծառակերպությամբ ցույց տվեց այն փառքը եւ մեզ վերստին հագցրեց նույն լուսեղեն զգեստը, որ ուներ Ադամը դրախտում, եւ որն Աստված վերցրել էր նրանից՝ մեղանչումից հետո: Հետեւաբար, ինչպես ասել էր՝ «… արդարները երկնքի արքայության մեջ կծագեն, ինչպես արեգակը» (Մատթ. ԺԳ 43): Տերը պայծառակերպությամբ հայտնապես ցույց տվեց արդարների փառավոր կերպարանքը, որն Իր նմանությամբ է լինելու: Քրիստոս պայծառակերպվեց նաեւ, որպեսզի աշակերտներին ցույց տա Իր միակամությունն ու փառակցությունը Հորն ու Սուրբ Հոգուն, որպեսզի, Իրեն խաչված տեսնելով, առաքյալները չերկմտեն: Հիսուս աշակերտներին ցույց տվեց Իր արքայությունը՝ մինչ տառապանքները, զորությունը՝ մինչ մահը, փառքը՝ մինչ անարգանքը:

Պայծառակերպությունը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա, ուր Տերն առանձնացել էր՝ վերջին անգամ աղոթելու: Ավետարանների վկայությամբ՝ այդ ժամանակ Նրա դեմքից երկնային լույս է ճառագում, իսկ զգեստները դառնում են խիստ ճերմակ: Երեք աշակերտները՝ Պետրոսը, Հակոբոսը եւ Հովհաննեսը, լինելով մահկանացու, դեռեւս մահ չճաշակած, արժանացան Տիրոջ աստվածային փառքը տեսնելուն, քանզի, պայծառակերպվելուց օրեր առաջ, Հիսուս Իր աշակերտներին ասել էր. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն եկած իր արքայությամբ» (Մատթ. ԺԶ 28):

Երբ երեք աշակերտները տեսան այլակերպյալ Քրիստոսին, վախեցան եւ զարմացան, բայց միեւնույն ժամանակ հիացան. ոչ մեկը չէր համարձակվում ինչ-որ բան հարցնել: Այդ ժամանակ Քրիստոսի կողքին հայտնվեցին Մովսես եւ Եղիա մարգարեները: Մովսեսը, ինչպես եւ հայտնի է, մահացել էր Քրիստոսի ծննդից հարյուրավոր տարիներ առաջ եւ եկել էր մեռյալների մոտից, իսկ Եղիան եկել էր երկնքից, քանզի դեռեւս մահը չէր ճաշակել, այլ մարմնով երկինք էր համբարձվել: Ահա հին կտակարանյան այս երկու մարգարեների ներակությունն աղաղակում էր կարեւոր մի հանգամանքի մասին. այո, Քրիստոս է այն ճշմարիտ փրկիչը, Ով պիտի գար եւ արդեն եկել է: Նա է մեռյալների եւ կենդանիների, երկնավորների եւ երկրավորների Տերն ու Աստվածը: Այսօր համարձակորեն կարող ենք ասել. «Քանի որ տեսանք եւ վկայեցինք եւ ինչ որ վկայեցինք այն ճշմարիտ է» (Հովհ. ԻԱ 24):

Թաբոր լեռան վրա գտնվող երեք աշակերտներից եւ ոչ մեկը չէր շտապում ներքեւ իջնել կամ հեռանալ, այլ հակառակը, ուզում էին, որքան հնարավոր է, երկար մնալ աստվածային ներկայության մեջ. «Տեր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը քեզ համար, մեկը Մովսեսի, մեկն էլ Եղիայի» (Մատթ. ԺԷ 4): Ս. Գրիգոր Տաթեւացին ասում է. «Եթե աշակերտները Թաբոր լեռան վրա միայն մի պահ տեսան Աստծո փառքը, ապա հավիտենությունում տեսնելու ենք հավերժապես…»: Խոսքն անշուշտ ապաշխարությամբ սրբված արդարներին է վերաբերում:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հուլիսի 28-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի ուրախ առիթով, հայոց բոլոր, այդ թվում եւ Գյումրու, եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Պակաս մարդաշատ չէր նաեւ Սուրբ Յոթվերք եկեղեցին: Այստեղ օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հանգամալաից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ՎԱՐԴԱՎԱՌԻ ՋՐԱԽԱՂ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

Այլակերպության տոնի հետ հիշատակվում է նաեւ հայոց հեթանոսական տոներից մեկը՝ Վարդավառը, որի տոնակատարությունից, որպես ժողովրդական ավանդություն, մնացել է միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի թռցնելը: Ցարդ ճշգրտված չէ, թե հեթանոսական որ աստվածության հետ է կապվել վարդավառը, թեեւ կան մի քանի բացատրություններ:

Հին մատենագրության մեջ առաջին անգամ Ս. Սահակ Պարթեւի անունով հասած կանոնների մեջ ենք հանդիպում «վարդավառ» բառին: Ս. Գրիգոր Լուսավորիչը Վարդավառի տոնի փոխարեն հաստատեց Հովհաննու եւ Աթանագինեի տոնը, իսկ Լուսավորչից հետո, հավանաբար Ե կամ Զ դարում, հայերն Այլակերպության տոնին միացրին Վարդավառը: Ժողովրդական սովորություններից իմանում ենք, որ Վարդավառի տոնն իր մեջ ներառում է նաեւ պտղաբերության, բերքատվության խորհուրդը:

Հնում այս տոնին ծաղիկներ էին հավաքում, փնջեր կազմում եւ միմյանց նվիրում: Ամենից պայծառ, բուրավետ ու գեղեցիկ ծաղիկը, ինչպես գիտենք, վարդն է: Այն համարվում է ծաղիկների թագուհին եւ, ի պատիվ վարդի, տոնն անվանվել է Վարդավառ: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, այդպես էլ Հիսուս, նախքան պայծառակերպվելը, պահում էր Իր մեջ Աստվածային պայծառությունը: Սուրբ Գրիգոր Նարեկացին նուրբ հոլովումներով է նկարագրում Տիրոջ այլակերպման այս հրաշքը. «Ի փունջ խուռներում վարդից գոյնըզգոյն ծաղկունք ծաղկեցան, այդ սօս ու տօսախ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցան»:

Ուստի հետեւենք Սուրբ Եղիշե Վարդապետին՝ կրկնելով. «Դու անոխակալ եւ մարդասեր Տեր եւ, թեեւ մեղանչեցինք, սակայն սուրբ Ավազանի արգանդից դեպի Քեզ դարձանք, եւ մեզ համար չկան օտար աստվածներ: Դու ես մեր Հայրը, Տեսուչն ու Հովիվը, դարձիր դեպի մեզ, մեր Փրկիչ Աստված, եւ մեզնից ետ դարձրու Քո պատուհասի ցասումը, որովհետեւ եթե ըստ մեր գործերի հատուցես մեզ, մենք մեր չար գործերով հանապազ ապականեցինք մեր ճանապարհները: Արդ, թողություն տուր մեր մեղքերին կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ գործած, եւ անսասան պահիր մեր Թաբորը՝ Ս. Էջմիածինը»:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հուլիսի 29-ին առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց հեգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները