Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

«ԱՅՍՕՐ ԶՎԱՐՃԱՑԱՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ
ԵՐԿՐԻՑ ՄԻ ՀՐԵՇՏԱԿ»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

«Լոյսն անքնին ծածկեալ ի ծոց Հօր, Որ ծագեցաւ ի քէն մայր եւ կոյս, Այսօր իջեալ անմարմնական դասուք հրեղինացն Փոխադրեաց զքեղ լուսափայլ ամպովք ի լոյսն անստուեր»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին Տիրամոր երկրային կյանքի ավարտը խորհրդանշող ննջումը եւ ապա, իր Միածին Որդու ձեռամբ, հրաշալիորեն երկինք փոխադրվելը նշում է Վերափոխման՝ վեր, երկինք փոխադրման տոնով, որը հայոց եկեղեցական տոնացույցում կոչվում է «Վերափոխումն Ս. Աստվածածնի»: Աստվածամոր երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» եւ ոչ թե «մահ» բառով է որակում՝ հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը, քանզի «Թագավորի մայրն» առաջնորդվում է «ի բարձունս», ուր Միածինն Ինքն է դիմավորում Իր ծնողին եւ նրան հրավիրում «ի գերարփի եւ յանպատում լուսաճեմ խորանս», որ «ակն ո՛չ ետես, եւ ունկն ո՛չ լուաւ» եւ որ սկզբից եւեթ պատրաստված էր Մարիամի համար:

Այսպիսով՝ հայրական ծոցում թաքնված անքննելի լույսը՝ Մարդացյալ Բանը, ծագելով Իր Կույս Մորից, Տիրամոր ննջմանը, երկիր իջնելով անմարմինների հրեղեն դասերով, ամենասրբուհի Կույսին լուսափայլ ամպով փոխադրեց երկնային անստվեր լույսը: Եռամեծ վարդապետ Գրիգոր Տաթեւացին Աստվածամորը համեմատում է ծիածանի հետ՝ ասելով. «Ինչպես ծիածանը չի կամարվում, կամար կապում երաշտ օրերին, երբ երկնքից անձրեւ չի տեղում, այնպես էլ մարդիկ չորանում, երաշտանում են բարի գործերից, այն ժամանակ չեն հիշում Տիրամորը, իսկ երբ նեղությունն է պատում, իրենց արտասուքով են ցողում աչքերը, եւ Սուրբ Կույսը ծիածանի նման երեւում է նրանց՝ իրենց աղոթքների առջեւ»: Ի դեպ՝ Վերափոխման տոնը նշում են քրիստոնեության ամենավաղ ժամանակներից: Այն հաստատվել է 582 թ., Բյուզանդիայի Մավրիկիոս (Մորիկ) կայսեր կողմից:

Վերափոխման այս հանդիսավոր ու խորախորհուրդ արարողությանը մասնակցում էին Փրկչի տասներկու Առաքյալները եւ «բազմութիւն աշակերտաց Նորաց կտակին»:

Հուղարկավորությանը բացակա Ս. Բարդուղիմեոս Առաքյալը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Սակայն երբ Առաքյալները, նրա խնդրանքով, բացում են գերեզմանը, այլեւս չեն գտնում Սուրբ Կույսի մարմինն այնտեղ: Դա նշանակում էր, որ Հիսուս, Իր խոստման համաձայն, երկինք էր փոխադրել մորը: Առաքյալները Տիրամոր կողմից փայտի վրա դրոշմված պատկերը տալիս են Բարդուղիմեոսին՝ որպես մխիթարություն: Ինչպես ասում է Գրիգոր Մարաշեցին սրբապատկերի մասին՝ «եւ եղիցի պատկեր այդ բժշկութիւն ամենայն ախտացելոց եւ ի հալածումն դիւաց՝ որք հաւատով ապաւինին ի քոյ բարեխօսութիւնդ, եւ դու եկեսցիր մեծաւ փառօք ի նախապատրաստեալ հանգիստ արքայութեան՝ որ անտեսն եւ անմտանելին է եղականաց»:

ՆԱԽԱՏՈՆԱԿ Ս. ՅՈԹՎԻՐԱՑ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՊԱՏԿԵՐԸ

Գյումրու Ս. Աստվածածին մայր եկեղեցում է գտնվում յոթնապատիկ խոցված Տիրամոր հրաշագործ պատկերը՝ 1852 թվականից: Ըստ ավանդության՝ այն նկարել է Թովմաս Առաքյալը:

Օգոստոսի 17-ի հետկեսօրեին՝ ժամերգությունից հետո, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվեց նախատոնակ: Հոգեւորականաց թափորը, Առաջնորդ Սրբազանի գլխավորությամբ, սուրբգրային ընթերցվածներով, շարականների հոգեզմայլ երգեցողությամբ եւ սաղմոսասացությամբ, հանդիսավորաբար Ս. Աստվածածին եկեղեցուց դուրս բերեց Ս. Յոթվիրաց հրաշագործ պատկերը եւ ուղղվեց քաղաքի Վարդանանց (կենտրոնական) հրապարակ:

Այստեղ թափորապետ Սրբազան Հայրը, հավատացյալների խուռներում բազմության ներկայությամբ, կատարեց անդաստան՝ Ս. Խաչով, Ս. Ավետարանով եւ Սուրբ Յոթվիրաց պատկերով օրհնելով երկրի չորս ծագերը: Սրբազան արարողակարգին ներկա էին հավատացյալներ ոչ միայն Շիրակի մարզից, այլեւ Երեւանից ու Ջավախքից:

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
«ՍԱՓՈՐ ՄԱՆԱՆԱՅԻՆ ԿԵՆԱՑ ՔԱՂՑՐԱԳՈՅՆ
ԲՈՒՐՎԱՌ ՈՍԿԻ ԼՑԵԱԼ, ՏՈՒՓ ԱՆՈՒՇ ԽՆԿՈՅՆ»

Օգոստոսի 18-ին՝ տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Ս. Հակոբ եկեղեցիներում:

Սուրբ Կույսի բարեխոսությանը դիմելու ակնկալությամբ Ս. Աստվածածին եկեղեցում ի մի էին եկել հավատացյալ հայորդիներ, ուր Վերափոխման Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Ի լրումն օրվա խորհրդի՝ մեծաթիվ հավատացյալներ ստացան Սուրբ Հաղորդություն:

Այսպիսով՝ Վերափոխման տոնը մեկ անգամ եւս հավաստում է, որ Աստվածամոր կերպարով մեր նախամայր Եվային տրված անեծքը քանդվեց, չքացավ, վերացավ, կինն ազատագրվեց Աստվածամորը տրված հատուկ շնորհով:

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ «ՍԱ Է ՆՈՐ ՈՒԽՏԻ ԻՄ ԱՐՅՈՒՆԸ»

Խաղողօրհնեքը նախաքրիստոնեական ծագում ունի: Սակայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչն այն կցեց Աստվածածնի տոնին, եւ նրա հաջորդները ոչ միայն պահպանեցին այդ բարեպաշտական ավանդույթը, այլեւ նրանցից Ս. Սահակ Պարթեւն այն կանոնավորեց «որպես աւրէն»: Ներսես Շնորհալի Հայրապետը պտղի ընծայաբերման ավանդույթը վերածեց արարողության՝ սահմանելով մարգարեական, ավետարանական եւ առաքելական ընթերցվածներ. «Իսկ յորժամ երեւելի շնորհք Հոգւոյն նուաղեցան ի հաւատացելոց յաղագս ընդունողացն տկարութեան, զայս ինչ գեղեցկապէս հնարեցան ի նոյն իսկ ի Հոգւոյն շարժեալք, զի զբանս հոգեկիր մարգարէիցն եւ առաքելոցն եւ աւետարանչացն ընթերցցին… եւ զգրեալ պաղատանս աղօթիցն ընթերցին քահանայքն որպես նոցին ասողացն բերանով»: Իսկ քահանայական օրհնությամբ սրբագործման համար Շնորհալին գրեց օրհնության հատուկ աղոթք:

Անշուշտ, խաղողօրհնեքին սփռվող օրհնության բարեխոսն Աստվածածինն է, ով հնազանդորեն «այո» ասաց, որպեսզի փրկությունն աշխարհ մտնի: Պտուղներից ընտրվեց խաղողը, քանի որ Հիսուս Իր մասին ասում էր. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Ինչպես նաեւ վերջին ընթրիքի ժամանակ Նա խաղողի հյութից ստացված գինին օրհնեց եւ տվեց աշակերտներին՝ որպես Իր Կենարար Արյան խորհրդանիշ: Ճշմարիտ Որթատունկին հաստատուն մնալու հայց է խաղողօրհնեքը՝ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ:

Հավարտ Սուրբ Պատարագի, ձեռամբ թեմակալ Առաջնորդի, Վարդանանաց հրապարակում կատարվեց խաղողօրհնեքի կարգ, որի ընթացքում օրհնվեց այս տարվա երախայրիքը եւ բաշխվեց հավատացյալ հայորդիներին, «…որպեսզի այս նյութական պտղի ճաշակման հետ, ճաշակողներիս հոգիներին միանա Քո օրհնության իմանալի շնորհը՝ ընդունելով մաքրություն եւ մեղքերի թողոթյուն, որպեսզի դրա միջոցով արժանի լինենք ճաշակելու նաեւ Կենաց ծառի պտուղը, որը բոցեղեն սրով հրամայեցիր պահել քերովբեների դասին» (Ս. Ներսես Շնորհալի):

Արդ, եկեք աղոթենք, որ Աստվածամայրը դառնա մեր բարեխոս եւ միջնորդ մայրը, որպեսզի, այդ միջնորդության եւ բարեխոսության արդյունքում, Տերը եւ Փրկիչը թագավորի մեր կյանքում, եւ այն դառնա Տիրոջ փառաբանության ճշմարիտ ընթացք: Աստվածամոր մշտամրմունջ բարեխոսությունը թող ամենքիս պարգեւի շնորհ, սեր եւ խաղաղություն:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Օգոստոսի 19-ին, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները