Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

ՈՒԽՏԱՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ

Աստծո օգնությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ, թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, ինչպես նաեւ Ռիմա Բարինյանի ու Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, ի կատար ածվեց մի խումբ հավատացյալների իղձը: Նրանք ուխտագնացության մեկնեցին, սրբազան լեռան հայացքի ներքո գտնվող, Լուսավորչի վիրապը, այնտեղ, ուր հազարամյակներ առաջ, Արարատից իջնելով, Նոյը զոհասեղան կանգնեցրեց՝ փառաբանելով Աստծուն իր եւ ընտանիքի փրկության համար:

Յուրաքանչյուր ուխտավոր մի նվիրական փափագ ուներ՝ տեղ հասնել եւ տեսնել մեծ Սրբի չարչարանաց վիրապը սեփական աչքերով, ծնկի գալ եւ զգալ այդ սուրբ հողի ջերմությունը, նաեւ ներկա գտնվել, Ս. Գրիգոր Լուսավորչի «Ելն ի վիրապեն» տոնի ուրախ առիթով մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագին:

ՄԵԿՆՈՒՄ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔԻ ԲԱԿԻՑ

Կարծեք թե ավանդություն է դարձել եւ ամեն ամիս նորովի է կրկնվում Ս. Յոթվերք եկեղեցուց սկիզբ առնող ուխտագնացությունների հրապուրիչ շարքը: Այդ օրը եւս ուխտավորները միասնաբար աղոթեցին առ Աստված՝ հնչեցնելով «Հայր մեր»-ը, այնուհետեւ, հայցելով Լուսավորչի բարեխոսությունը, ճանապարհ ընկան սաղմոսասացությամբ ու հոգեւոր երգեր երգելով:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Սուրբ Աստվածածին եկեղեցում սկսվեց մեր հավատո հոր՝ ելն ի վիրապեն տոնի առիթով մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագը: Այն մատուցվեց ձեռամբ Ղրիմի Ս. Խաչ վանքի վանահայր Տ. Աղան աբղ. Երնջակյանի:

Կյանքի վերջին տարիներին Ս. Գրիգոր Լուսավորիչը ճգնում էր Սեպուհ լեռան այն այրում, ուր ճգնել էր Մանե կույսը: Սրբի վախճանից հետո, որոշ ժամանակ անց, մի քանի հովիվներ գտան նրան եւ ամփոփեցին այդտեղ:

2001 թվականին՝ փրկչական 21-րդ դարագլխի առաջին տարում, հայոց լուսավորության տասնյոթերորդ հարուրամյակի ուրախ առիթով, Հռոմի Հովհաննես-Պողոս Պապը Հայ Առաքելական Ս. Եկեղեցուն նվիրեց Ս. Գրիգորի մասունքները: Սուրբ Պատարագից հետո, Խոր Վիրապի բակում, մեր հավատո հոր մասունքակիր Ս. Աջով կատարվեց ուխտավոր հավատացյալների օրհնություն եւ Անդաստանի կարգ:

ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊ

Խաչված մի երթ ձգվում էր առաջ՝ հաղորդվելու անմեկնելիին եւ զգալու մեծ խորհուրդը: Իջնում ենք գուբը…

Հաղթահարելով վախը՝ Ս. Գրիգոր եկեղեցու Ավագ Ս. Խորանի աջ կողմի բացվածքից իջնում ենք 4,5 մետր տրամագծով եւ 6,5 մետր խորությամբ գուբը՝ աղոթքով հայցելու Սուրբ Հայրապետի օրհնությունն ու բարեխոսությունը: Յուրաքանչյուր ուխտավոր, հոգում անթեղած հավատքի լույսը, խնկաբույր Վիրապում աղոթք առաքեց առ Աստված՝ աշխարհի խաղաղության, եկեղեցիների շինության, իրենց ընտանիքների ամրության ու մեր հայրենիքի սահմանները պահող զինվորների համար:

Հաջորդ հանգրվանն Արտաշատ քաղաքի, 2015 թվականին կառուցված, Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորներն աղոթեցին, երգեցին շարականներ, ապա եղան նաեւ Ս. Գայանե վանքում, մոմեր վառեցին եւ ծնրադիր աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով Սրբուհու բարեխոսությունը: Այնուհետեւ, հենց եկեղեցու բակում, խմբվեցին սիրո ճաշի՝ ագապեի սեղանի շուրջ:

Վերջին հանգրվանն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին էր: Ուխտավորներն իրենց խորին հարգանքը, սերն ու ակնածանքն արտահայտեցին Ս. Մեսրոպի շիրմի առջեւ, ում շնորհիվ Աստվածաշունչ Մատյանը, որպես կենսապարգեւ գիր, ամրագրվեց հայ հոգիներում, եւ Աստծո խոսքը հնչեց հայերեն:

Ուխտավորները տուն վերադարձան ուշ երեկոյան՝ իրենց հետ տանելով Սրբերի բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները