Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

ԵՎ ԱՂՈԹՔՆ ԷՐ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿԻՑԸ

«Տէ՛ր, ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան.
Տէ՛ր, ուղղեա եւ առաջնորդեա հոգւոց եւ ամենայն հաւատացելոց…»:

                                                                                    ՇԱՐԱԿՆՈՑ

խտագնացությունները հայ քրիստոնյայի անհատական կյանքի հոգեւոր դաստիարակության լավագույն միջոցներից են եւ կապված են ոչ միայ Հիսուս Քրիստոսի կյանքին առնչվող վայրերի, այլեւ մարտիրոսների, սրբերի գերեզմանների, հրաշագործությունների հետ:

Հունիսի 8-ի վաղ առավոտյան, Ռիմա Բարինյանի, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ ուխտավորներ արեւածագը դիմավորեցին Ս. Յոթվերք եկեղեցու հյուրընկալ բակում՝ մեկնելու ուխտագնացության Գյումրի - Գորիս – Վայոց ձոր երթուղով:

ՄՈՇԱՂԲՅՈՒՐԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ԵՎ
ՄԱԼԻՇԿԱՅԻ Ս. ԱՆՆԱ ԱՂՈԹԱՏՆԵՐԸ

Ուխտավորների առաջին հանգրվանը Արկազի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին էր: Այն եղել է վանական համալիր եւ գտնվել է Մոշաղբյուր (նախկինում՝ Զինջիրլու) բնակավայրում: Հայաստանի հնագույն եւ նշանավոր բնակավայրերից մեկն է: Ս. Հովհաննես Կարապետ վանքի վիմագիր արձանագրությունում նշվում է, որ 1301 թ. իշխանուհի Գոնցան կառուցել է «Սպիտակավոր Աստվածածին՝ Ս. Հակոբ-Կարապետ վանական համալիրը»: Վերջինս Ջալալ Օրբելյանի կինն էր:

Գմբեթավոր, սրբատաշ քարերով կառույց է: Եկեղեցու ներսում է գտնվում Օրբելյանների զինանշան քանդակը: Համալիրը կանգուն է մնացել մինչեւ 1678 թ. երկրաշարժը: Եղել է նաեւ գրչության կենտրոն:

Հիրավի եկեղեցին Աստծո տունն է, պաշտամունքի սրբազան վայր, ուր հանդիպում են երկինքն ու երկիրը, ժամանակավորն ու հավիտենականը: Այստեղ ուխտավորները գոհաբանական աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով Ամենակարող Տիրոջ բարեգթությունը:

Այնուհետեւ ուխտագնացների խումբն առաջնորդվեց Մալիշկայի Ս. Աննա եկեղեցի, որ 2000 թ. կառույց է: Այստեղ նրանք իրենց աղոթքն առաքեցին առ Բարձրյալը, ապա հնչեցրին հոգեւոր երգեր, շարականներ:

ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Հաջորդ ուխտավայրը Ս. Խաչ եկեղեցին էր: Գտնվում է Վայոց ձորի Վերնաշեն գյուղից յոթը կիլոմետր դեպի արեւելք: Այն Վայոց ձորի նշանավոր ուխտատեղին է եւ հիշատակվում է 8-րդ դարից: Ս. Խաչը հատկանշական է նրանով, որ, շնորհիվ Բյուրեղ իշխանուհու, հարավարեւելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը: Այդ պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ: Եկեղեցու զարմանահրաշ ազդեցությունը շատերն են զգացել:

1857-ին խոնարհվել է: Այն հիմքից վերստին կառուցել է Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցին: Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը, վառեցին իրենց հավատքի մոմերը:

ՄԱՍԻՍԻ ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Վերջին հանգրվանը Մասիս քաղաքի Ս. Թադեոս եկեղեցին էր, որ կառուցվել է 2015 թվականին՝ Միքայել եւ Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ: Ուխտավորները ծնրադիր, միաձայն ու միահունչ երգեցին «Տեր ողորմյա»-ն, «Հայր մեր»-ը, «Սուրբ Աստված»-ը եւ աղոթք վերառաքեցին ի փառս Աստծո:

Յուրաքանչյուր քրիստոնյա հավերժի ճամփորդ է, ու այդ ճամփորդության այս մի փոքրիկ հանգրվանը, որ այսօր կատարեցինք, թող պսակվի աստվածային օրհնությամբ: Անգամ տեղացող հորդ անձրեւը չկարողացավ խանգարել ուխտավորներին, քանզի աղոթքով էին նրանք ճանապարհ ընկել եւ աղոթքով էլ վերադառնում էին՝ սրբավայրերի զորությամբ լցված:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԱՐԻԵՏԱ ՇՈՂՈՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները