Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

ՆԿԱՐԻՉ ՍԱՐԿԱՎԱԳԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

յումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցրերի բաժնի նախաձեռնությամբ, հունիսի 24-30-ն անցկացվեց «Արթ շաբաթ» խորագրով դասական երաժշտության փառատոնը:

Փառատոնին մասնակցում էր ավելի քան 200 սկսնակ արվեստագետ: Դասական երաժշտությամբ համեմված երեկոներին նաեւ ցուցադրվում էին երիտասարդ նկարիչների աշխատանքները:

Դասական երաժշտության փառատոնի հինգերորդ կանգառը Գյումրու քաղաքապետարանի ճեմասրահում էր: Բացվեց ՀԳՊԱ ԳՄ շրջանավարտ Արտաշես սրկ. Աջապահյանի «Վասն հայրենյաց» խորագրով անհատական ցուցահանդեսը: Նկարների վառ գույներին միահյուսվեցին Առնո Բաբաջանյանի ու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների սաների կատարմամբ:

Արտաշես սարկավագի նկարներում Շիրակի գույներն են՝ պայծառ ու հարուստ ներկապնակով: Նկարել սկսել է մանկուց: Դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում: Նրան ճանաչողները հատկապես նշում են վերջինիս աշխատասիրությունը, նկարելու մեծ ցանկությունը, կատարելագործվելու ձգտումը:

Սակայն Արտաշեսը, անկախ ամեն ինչից, միշտ ցանկացել է ծառայել Աստծուն: Նա մանկուց երազում էր ուսանել Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում: Տարիներ անց, արդեն 25 տարեկանում, սովորեց քահանայից լսարանում եւ, ավարտելով այն, ծառայության անցավ Շիրակի թեմում:

Նկարել շարունակում է, ինչպես ինքն է նշում, «կտրվելով առօրյա հոգսերից»: «Երբեմն ուզում ես արարչությամբ ապրել, իրական բնության մեջ ստեղծագործել, լինել այնտեղ, որտեղ քիչ է մարդու բացասական ներգործությունը»,- շարունակում է ասելիքը բարեշնորհ սարկավագը:

Միաժամանակ խոսում է արվեստի մարդու հոգսերից. «Առ եւ տուր… Այս դարում գնահատվում է նյութականը, ոչ թե հոգեւորը, բարոյականը, գեղեցիկը, այլ՝ նյութը: Գնեցիր նկարը, կախեցիր պատին, ցույց տվեցիր, որ այսինչ մարդու կտավն է ու վերջ…Ցուցադրական է, ոչ թե բարոյապես արժեւորված: Արվեստագետը նկարներով դաստիարակում է, ստեղծում արժեք: Այն մարդու միջոցով է ծնվում: Իսկ երբ ամեն ինչ գումարային է դառնում, մնում են միայն կենցաղային հոգսերը: Այդ պատճառով էլ Գեղարվեստի ակադեմիան ավարտողների մեծ մասը հեռանում է կտավից:

Նկարիչը, ընդհանրապես արվեստագետը, ամեն մի դարաշրջանում տեսնում է ժամանակի խնդիրներն ու բարձրաձայնում: Որպեզի ասվածն առավել պատկերավոր լինի, այն կարող եք նմանեցնել նավի առագաստի գագաթին կանգնած մեկին, ով տեսնում է, թե ալիքը որ կողմից է գալիս ու զգուշացնում է, որպեսզի նավը հեշտ կառավարվի: Արվեստագետի դերն առագաստի գագաթին կանգնած մարդու դերն է, ով ավելի շատ է տեսնում եւ զգուշացնում մյուսներին»:

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս որոշեց դառնալ հոգեւորական, պատասխանում է շատ անկեղծ ու բովանդակալից. «Աստծուն ծառայելն իմաստն է կյանքի, հնարավորություն է նաեւ տրվել ազատության, բայց կա ընտրության կամք»:

Գյումրու քաղաքապետարանի կազմակերպած «Արթ շաբաթ»-ն Արտաշես սրկ. Աջապահյանի եւ մյուս երիտասարդ նկարիչների համար ճանաչելի դառնալու եզակի հնարավորություններից է: Ցուցադրված կտավները մեկ ամիս կմնան քաղաքապետարանի ճեմասրահում:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները