Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

ՄԵՐ ԿԱՄԱՎՈՐ ՈՒ ԲԱՐԵԿԱՄ ԸՆԿԵՐ ԷՄԻԼԻԱՆ

ստված տեսնում ու գնահատում է այն բարեգործությունը, որն արվում է լուռ, անտրտունջ ու առանց հանդիսավորության: Հաճախ, կեղծ բարեգործների աղմուկի մեջ, մենք չենք նկատում այն մարդկանց, ովքեր լուռ նվիրաբերում են ՍԵՐ...

Սոցիալ-կրթական կենտրոնի համար բարեգործությունը շատ ավելին է, քան նվիրաբերված միջոցների արժեքը, մանավանդ, երբ այն կատարվում է աննկատ, սիրով ու ջերմությամբ:

Ընկեր Էմիլիան հինգ տարի է՝ անհատույց ու կամավորական սկզբունքով, սեր է նվիրում մեր «Հեքիաթ»-ի մանուկներին:

Մասնագիտությամբ մանկավարժը, երկար տարիներ դասավանդելով դպրոցում ու նախակրթարանում, որոշեց բոլորանվեր տրվել իր առաքելությանը: Հոգսաշատ առօրյայից ու հարազատների խնամքը ապահովելուց բացի, կարողացավ իր սիրուց բաժին հանել նաեւ մեր երեխաներին՝ սովորեցնելով նրանց ռուսերեն լեզուն:

Հինգ տարի առաջ տիկին Էմիլիային սոցիալ-կրթական կենտրոն է ուղղորդել դուստրը, ով նույնպես կամավորական է: Նա կամավորության ընթացքում առաջարկ ստացել է նորից աշխատել դպրոցում, բայց ընտրությունը «Հեքիաթ»-ն է եղել:

Վաթսուներկու տարեկան Էմիլիա Հայկյանը սիրով է գալիս նախակրթարան եւ հպարտանում սոցիալ-կրթական կենտրոնում ստանձնած իր կամավորական աշխատանքով:

«Հաճույք է ինձ համար, երբ երեխաներին իմ գիտելիքներն եմ փոխանցում, աշխատում նրանց հետ: Եթե փողով ես անում գործդ, ոնց որ ստիպված գնաս աշխատավայր, իսկ այստեղ ես գալիս եմ իմ կամքով, ոչ ոք չի ստիպում, չի պարտադրում: Ես համարյա ամեն օր այստեղ եմ»,- ասում է վաստակաշատ մանկավարժը, եւ մեղմ ժպիտը լուսավորում է դեմքը:

Մեր երեխաների ռուսերենի բառապաշարն ավելին է, քան տարրական օղակն ավարտող աշակերտներինը, որովհետեւ ընկեր Էմիլիան դիդակտիկ տարբեր մեթոդներով է ուսուցանում, մոր նման խնամում ու դաստիարակում է, ամեն օր ամրապնդում փոքրիկների ձեռք բերած գիտելիքների պաշարը:

Սոցիալ-կրթական կենտրոնն անչափ շնորհակալ է ընկեր Էմիլիային՝ մեր ընտանիքին անդամագրվելու եւ մեզ անշահախնդիր օգնելու համար:

Վեց տարեկան մեր «Հեքիաթ»-ն իրականություն դարձավ շնորհիվ «Focus on Children Now»-ի, որ աջակցում է մեր բալիկներին հաճախել նախակրթարան, իսկ ծնողները ոչ մի լումա չեն վճարում: Սոցիալապես անապահով ընտանիքների համար սա իրոք մեծ օգնություն է: Այս կերպ նրանք կարողանում են, աշխատանքին զուգահեռ, ապահովել զավակների ժամանցն ու կրթությունը եւ վստահ են, որ իրենց փոքրիկներն ապահով ձեռքերում են:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները