Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ

«Ուխտել իմացող եւ ուխտը կատարել կարողացող անհատն ավիշ է քաղում Աստծու եւ ազգի հետ հաղորդակցվելուց եւ մնում առողջ ու տոկուն, կանաչ ու պտղաբեր…»:
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

պրիլի 28-ին՝ Կրկնազատկի տոնի ուրախ առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Ս. Յոթվերք եւ Ս. Հակոբ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի, Ժաննա Խաչատրյանի, Ռիմա Բարինյանի եւ Թամարա Սարգսյանի, ուղեւորվեցին Արագածոտնի մարզի Մուղնի գյուղ, ուր գտնվում է Ս. Գեւորգ եկեղեցին:

Ուխտավորները նախատեսված ժամին ճանապարհ ընկան աղոթասացությամբ եւ շարականների երգեցողությամբ: Այդ օրը, ամրագրված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից Ս. Գեւորգ եկեղեցի բերվեց Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը:

ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հայկական ձեռագիր մատյանները մեր ժողովրդի հետ սփռվել են աշխարհով մեկ, սակայն ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն այսօր էլ մեր գանձերը վերադարձնում են Մատենադարանին: Մեծ եղեռնից փրկված ձեռագրերի աշխարհագրությունը նույնանում է այն բնակավայրերի հետ, որոնցում ապրել կամ վերահաստատվել է հայը:

Մատյանը գրվել է Վասպուրականում, 15-րդ դարում, Բարսեղ Վարդապետի ձեռամբ: Շահ Աբասի տեղահանությունների ժամանակ հայ գաղթականներն իրենց հետ Սուրբ Գիրքը տեղափոխել են Իրան: Ավանդության համաձայն՝ Արաքսն անցնելիս, Ավետարանն ընկնում է գետը եւ յոթը տարի շարունակ մնում այնտեղ: Երբ կրկին հաջողվում է Արաքսի ջրերից հանել մատյանը, այն ունենում է սկզբնական տեսքը: Ընդամենը մի քանի թերթերի եզրերն են փոքր-ինչ թրջված լինում: Ջրի հետքերն առ այսօր նկատելի են: Հետագայում Ավետարանը պահվել է Իրանի Շուրիշկան գյուղում, իսկ իրանահայերն ամեն տարի, Ս. Հարության տոնին հաջորդող կիրակի օրը (Կրկնազատկին), նվիրական ուխտի են գնացել ու խոնարհվել պաշտելի Ավետարանին:

70-ական թվականներին Ավետարանը բերվեց Հայաստան եւ պահ տրվեց Մատենադարանին: Ի ցավ մեզ, պետք է արձանագրել, որ հայկական ձեռագիր մատյանների կորուստները շատ են եղել թե՛ բնական, թե՛ անբնական ճանապարհով: Բնականն այն է, որ, երկար օգտագործվելիս, գիրքը մաշվել է եւ հնացել: Ժողովուրդը նույնիսկ կատարել է ձեռագիր մատյանների թաղում այն կարգով, ինչ մարդկանց դեպքում: Իսկ անբնական ճանապարհը քոչվոր ցեղերի արշավանքներն ու ավարառություններն են:

17-րդ դարի Սուրբ Գեւորգ եկեղեցում, մեծաթիվ ուխտավորների ներակությամբ մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Զաքարիա ծայրագույն վրդ. Բաղումյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց պատարագիչ Հայր Սուրբը: Հավատավոր ուխտավորներն ու շուրիշկանցիները հնարավորություն ունեցան համբուրելու Ս. Ավետարանը, ինչպես նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը:

ԿԱՐԲԻԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Երկրորդ հանգրվանը, ուր այցելեցին ուխտավորները Կարբիի Ս. Աստվածածին եկեղեցին էր, որը, իր պարզությամբ ու գեղեցկությամբ, մեզ է հասել 14-րդ դարից: Վերանորոգվել է 1999 թվականին եւ վերաօծվել երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ: Եկեղեցու կամարների տակ ուխտավորների շուրթերից հնչեցին շարականներ ու աղոթքներ, վառվեցին հավատքի մոմեր:

ՕՀԱՆԱՎԱՆՔ

Ուխտավորների այցելած հաջորդ սրբավայրն էր Օհանավանքը, ուր նրանք երգեցին Կոմիտասի «Սուրբ, Սուրբ»-ը, Տերունական աղոթքը եւ «Տեր ողորմյա»-ն: Օհանավանքի եկեղեցով զմայլված եւ վանքի հետնամասից բացվող բնության անկրկնելի տեսարաններով, անդնդախոր ձորերով եւ գահավեժ ջրվեժներով հիացած՝ հավատացյալ ուխտավորները մեկնեցին, մոտակա լեռան գագաթին վեհաշուք բազմած, Սաղմոսավանք, ուր թվում էր, թե երկինքն ու երկիրը հատվում են միմյանց: Սաղմոսավանքում եւս հնչեցին հոգեհույզ շարականներ, իսկ մանրաքանդակ խաչքարերը, որոնք կանգնած էին եկեղեցու գավթում, իրենց քարե համանվագով լրացրին եկեղեցում հնչող ուխտավորների աղոթքը:

ԱՊԱՐԱՆԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Վերջին կանգառն Ապարանի 7-րդ դարի Ս. Խաչ եկեղեցին էր, ուր այցելուները հնչեցրին աղոթքներ ու երգեցին շարականներ:

Ուխտավորները տուն վերադարձան՝ իրենց հետ տանելով Սրբերի բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները