ՀԱՄԱՅՆ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԷԿԶԱՐԽԻ
ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄ
ամայն
Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Նորին
Սրբազնություն Պավելը Հայաստան էր ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ
Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եւ, լինելով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, ծանոթացավ Հայոց Եկեղեցու կյանքին,
կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպես նաեւ այցելեց տարբեր վանքեր
ու պատմական վայրեր:
Հունիսի
8-ին Հայոց Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ
մեծահարգ հյուրի հետ, որին ներկա էր Բելառուսի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը:
Նորին Սրբազնությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների
բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վրդ. Անանյանի, Բելառուսի
Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանի
ուղեկցությամբ, հունիսի 11-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,
եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Նույն օրը՝ հետկեսօրեին, դարձյալ Տ. Շահե ծայրագույն վրդ. Անանյանի
ուղեկցությամբ, Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտն այցելեց Շիրակի թեմ:
Նորին Սրբազնությանն առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում դիմավորեց
Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Թեմակալ Առաջնորդը
շնորհակալություն հայտնեց միտրոպոլիտ Պավելին այցի համար, ապա խոսեցին
թեմական գործունեության մասին: Սրբազան Հայրը միտրոպոլիտին ներկայացրեց
Ս. Յոթվերք եկեղեցու պատմությունը` ի մասնավորի նշելով, որ այն իր
մեջ ներառում է ծիսական այն բոլոր ատրիբուտները, որոնք բնորոշ են
ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցուն, այլեւ Կաթոլիկ եւ Ուղղափառ Եկեղեցիներին:
Ս.
Յոթվերքի Ս. Խորանը պատկերազարդ կամ իկոնոստաս է, որը հատուկ է Ուղղափառ
Եկեղեցուն, իսկ մուտքի ձախ կողմում գտնվող ավանդատանը դրված է Քրիստոսի
Խաչելության արձանը, որը բերվել է հայ կաթոլիկ եկեղեցուց: Քանի որ
Խորհրդային Հայաստանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածն Մայր Տաճարից հետո,
միակ գործող եկեղեցին Ս. Յոթվերքն է եղել, ուստի այն սիրով ծառայել
է ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլեւ ուղղափառ եւ կաթոլիկ
հավատացյալներին: Դրանով է արտահայտվել այն հանգամանքը, որ Առաքելական
Եկեղեցին երբեւէ անջրպետ չի ստեղծել մյուս առաքելահաստատ Եկեղեցիների
միջեւ, այլ միշտ կողմ է եղել փոխադարձ սիրուն ու եղբայրությանը:
Պատրիարքական Էկզարխն էլ իր հերթին հաստատեց, որ այն փոխադարձ է,
ինչի վառ վկայությունն իր այցելությունն է: Այնուհետեւ, Միքայել
Սրբազանի ուղեկցությամբ, մեծահարգ հյուրերն այցելեցին սոցիալ կրթական
կենտրոն, ուր կենտրոնի աշխատակիցները միտրոպոլիտին հանգամանորեն
ներկայացրին թեմի սոցիալական ծառայության գործունեությունը:
Նորին Սրբազնություն Պավելը, հրաժեշտից առաջ, կենտրոնի աշխատակիցներին
նվիրեց աղոթագրքեր, իսկ գրադարանին` «Սուրբ Եվանգելիե» գիրքը: Որից
հետո հյուրերը, Միքայել Սրբազանի առաջնորդությամբ, այցելեցին 102-րդ
ռազմաբազայում գտնվող Ս. Ալեքսանդրա եկեղեցի: Այնտեղ հանդիպում ունեցան
զինծառայողների եւ սպայական անձնակազմի հետ: Ապա եղան ռուս ուղղափառ
Ս. Միքայել Հրեշտակապետ մատուռում, ինչպես նաեւ «Սեւ Բերդ» ամրոցում:
Այցի վերջում «Չերքեզի ձոր» ռեստորանային համալիրում տրվեց հյուրասիրություն:
Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխն իրեն ուղեկցողների հետ Մայր
Աթոռ վերադարձավ ուշ երեկոյան:
ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
>>>
|
|