Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

ՕԾՎԵՑ ՋՐԱՓԻԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԸ

ունիսի 1-ին, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, հանդիսավորաբար օծվեց Ջրափի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգը:

Համայնքի բնակիչներն ու Իսահակյանի հոգեւոր հովիվ Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը վաղուց էին սպասում այդ օրվան: Այն, որ արեւմտյան կողմում գտնվող պատմական հայրենիքից միշտ լսվում էր նամազի ձայնը, ցավ էր պատճառում Ջրափիի բնակիչներին, որովհետեւ արյունարբու թուրքն Արեւմտյան Հայստանում անկենդան էր թողել հայ եկեղեցիները` բնաջինջ անելով քրիսոնյա ժողովրդին: Իսկ զանգի ղողանջները կդառնային այն ազդակը, որի միջոցով հայոց պատմական բնակատեղին կբարձրաձայներ իր գոյության շարունակականության մասին:

Զանգը եկեղեցուն էր նվիրել Ջրափիում ծնված, սակայն այսօր ռուսաստանաբնակ Մխիթար Անտոնյանը: Արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը, տասնինը վարչական համայնքների ղեկավարներ եւ Ջրափի համայնքի բարեպաշտ բնակիչներ:

ՕԾՈՒՄ ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆՈՎ

Օծման արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով: Սարկավագների սաղմոսերգության ներքո Տեր Հուսիկը կատարեց զանգի` ջրով եւ գինով լվացումը: Ապա Միքայել Սրբազանը սրբալույս Մյուռոնով օծեց այն` հայցելով Սուրբ Հոգու շնորհները, որպեսզի զանգն իր ազդու ելեւէջներով յուրաքանչյուր լսողի դեպի զղջման եւ ապաշխարության կոչի, հիվանդներին ու վշտացյալներին ազդարարի Տիրոջ Սուրբ եւ Ամենակարող անվան մասին` պարզելով Նրա մեծ ողորմածությունը, իսկ թե ամպեր կուտակվեն անդաստանների վրա՝ ժողովրդին հիշեցնի «մեղա» ասել` Տիրոջ ողորմությանն արժանանալու համար: Արարողության ավարտին ներկաներին իր հայրական պատգամ-հորդորը հղեց ծիսակատար Սրբազան Հայրը:

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՊԱՏԳԱՄԻՑ

Սիրելի՛ ներկաներ, այստեղ կանգնած տեսնում ենք Արեւմտյան Հայաստանը: Երեւում են բոլոր նախկին հայկական գյուղերը: Այնտեղ հեռվում մեծ վանական համալիր կա: Ես առիթ ունեցել եմ լինել մյուս կողմում, բոլոր գյուղերում եղել եմ: Նրանցից շատերում դեռ կանգուն են եկեղեցիները, այստեղից էլ մեկը երեւում է` Կարմիր վանքը: Եվ երբ զանգն օծում էի, հիշեցի մի պատմություն: Մենք Երուսաղեմի հայոց Պատրիարք ունեինք՝ երջանկահիշատակ Տ. Եղիշե արքեպս. Դուրյանը, ով հայտնի բանաստեղծ Պետրոս Դուրյանի կրտսեր եղբայրն էր: Նա հոգեւորական դարձավ, Արմաշի դպրեվանքի տեսուչ եղավ եւ հասցրեց մեծ թվով հոգեւորականներ կրթել` իբրեւ տեսուչ: Այդ հոգեւորականների մեծ մասը զոհվեց 1915-ի ցեղասպանության ժամանակ:

Եղիշե արքեպիսկոպոսը մի կերպ փրկվեց, հասավ մինչեւ Երուսաղեմ եւ այնտեղ պատրիարք ընտրվեց: Երբ նա առաջին հունձքն ունեցավ Երուսաղեմի վարժարանից եւ ձեռնադրեց մի քանի աբեղաներ, իր զոհված բոլոր ուսանողների, աշակերտների դիմաց Երուսաղեմում նոր սերունդ ձեռնադրելով` ասաց. «Վրեժս լուծեցի»: Հիմա մեր` իբրեւ հոգեւորականների, վրեժն այս է, բայց դուք նույնպես պետք է, իբրեւ հայ քրիստոնյաներ, մասնակից լինեք այդ վրեժին:

Մենք շատ հաճախ սիրում ենք պոռոտախոսությամբ, ճամարտակությամբ զբաղվել, խոսել մեծ-մեծ, բայց մեծ-մեծ գործեր կատարել երբեմն չենք սիրում: Ամեն մի արարողություն, որ այս առափնյա գյուղերում է լինում` եկեղեցու կառուցում, զանգի օծում, խաչի տեղադրում, դա վրեժի լուծման ամենակարեւոր հանգրվաններից է: Հեչ պարտադիր չէ այստեղ կանգնել եւ հայհոյել այն ափում գտնվող թշնամուն: Պետք է գործ անել, մեր երկիրը` Հայաստանի Հանրապետությունը, շենացնել: Շենացնել չի նշանակում միայն նյութապես, այլեւ հոգեպես, բարոյապես` ունենալով հոգեւոր, բարոյական առողջ սերունդ, չթողնելով մեր երխաները միայն նյութը պաշտելով մեծանան, այլ պաշտեն նաեւ հոգեւորը, հոգեւորը փնտրեն:

Այս առափնյա գյուղերում, երբ որեւէ հոգեւոր արարողություն ենք կատարում` այսօրվա պես զանգ ենք կախում, Շիրակավանում կարողացանք եկեղեցի կառուցել, Հայկաձորի եկեղեցում ինչ-որ շինարարական աշխատանքներ կատարել, Խարկովի եկեղեցին մաքրել աղբից եւ այլն (սակայն ավելի շատ չարված գործեր ունեցանք, քան` արված), այդ բոլոր գործերն անելիս ապրելու եւ արարելու զգացողություն պետք է ունենանք, որովհետեւ վրեժ լուծելն ապրելով է, մեռնելով չէ: Եթե ուզում ենք ապրել, այսպիսի քայլերով, այսպիսի զոհողություններով պետք է ցույց տանք դիմացինին, որ մենք ապրում ենք: Տեսեք՝ նրանք դիմացի սարի վրա գրել են, թե ինչ լավ է թուրք լինելը, իսկ մենք ինչ ենք գրում մեր սրտերի վրա, արդյոք ասու՞մ ենք` ի՞նչ լավ է հայ լինելը, երանի նրան, ով հայ է: Իմացե՛ք, այս ամենը կասենք այն ժամանակ, երբ մեր առաքելությանը նվիրված լինենք:

Իսկ ո՞րն է մեր առաքելությունը: Լինել տարբեր, բոլորից տարբեր եւ տարբեր ոչ միայն անուն-ազգանունով, ոչ միայն լեզվով, այլ նաեւ հոգեւոր բարոյականությամբ, մեր ներքին բովանդակությամբ: Աղոթքը, որ այսօր կարդում էի զանգի օծման ժամանակ, ասում է. «Այս զանգը նրա համար է, որ երբ այն հնչի, մարդիկ հիշեն իրենց մեղքերը եւ ասեն` մեղա Աստուծո»: Երբ կարկտաբեր ամպեր կուտակվեն, զանգը հնչի, եւ ժողովուրդը ջանասիրաբար աղոթի, որպեսզի կակուտ չգա եւ ձեր ցանքսերը չվնասի: Ուստի այդ ամենը զուտ ձեւական բաներ չեն, այլ ներքին, խորը հոգեւոր ապրումներ: Այդ իսկ պատճառով իմ ցանկությունն է, սիրելի՛ ժողովուրդ, որ այս մերձափնյա գոտում առավել եւս միշտ աղոթք հնչի, եկեղեցիները բարեկարգ լինեն:

Ջրափիի եկեղեցու վրա դեռ ինչքա՜ն գործ կա անելու: Ահավասիկ նոր մտա ներս ու տեսա, որ տանիքը քամին տարել է եւ մի անկյունում ծածկը բացել: Սպասենք, որ Լոս Անջելոսից մեկը գա տանիքը նորոգի՞, թե ինքներս կանենք: Ուրեմն` Ջրափին այն գյուղն է, որ ի վիճակի է իր եկեղեցին պայծառ, շեն, բարեկարգ պահել, եւ դա կլինի խաղաղ պայմաններում ձեր վրեժը: Իսկ քանի դեռ այս եկեղեցին պիտի մնա լքված, մոռացված, երբեմն-երբեմն հիշված, իսկ երբ զանգի ձայնը հնչի, դուք, եկեղեցի գալու փոխարեն, գնաք ուրիշ գործերով զբաղվելու, ուստի այս զանգն իր նպատակին չծառայեց:

Հետեւաբար՝ այս զանգով ոչ թե ավարտվում է ինչ-որ մի փուլ, այլ սկսվում է: Ձեր եկեղեցվո շուրջը եւ ձեր քահանայի կողքին եղեք, օգնեք, որպեսզի եկեղեցին պայծառանա, բարեզարդվի, Ճանապարհը սարքվի, ամեն կիրակի այստեղ Սուրբ Պատարագ մատուցվի եւ լեփ-լեցուն ժողովուրդ լինի, որպեսզի կանգնենք, նայենք այն կողմն ու ասենք. «Մենք մեր վրեժը լուծել ենք»: Դիմացի հարեւանի նպատակն Է, որպեսզի մենք ե՛ւ քրիստոնյա չլինենք, ե՛ւ հայ չլինենք: Մենք պետք է ապացուցենք, որ ո՛չ, մենք կանք, լինելու ենք եւ դեռ շատանալու ենք:

Ես շնորհակալություն եմ հայտնում բարերարներին, ովքեր այս զանգը նվիրեցին համայնքի եկեղեցուն` ցույց տալով իրենց սերն ու նվիրումը հայրենի գյուղին ու եկեղեցուն: Շնորհակալություն նաեւ նրանց ովքեր այսօր ներկա են եւ նրանց, ովքեր չկարողացան գալ: Այս տոնական օրը, որ երեխաների պաշտպանության օրն է, ավելի տոնական դարձավ ձեր մասնակցությամբ: Աստծո օրհնությունը ձեզ բոլորիդ:

ՀԱՎԱՐՏ ՊԱՏԳԱՄ-ՀՈՐԴՈՐԻ

Վերջում ներկաները մոտենալով համբուրեցին նորաօծ զանգը, որից հետո այն տեղադրվեց զանգակատան վրա եւ երկար սպասված ղողանջներով կենդանացրեց թե՛ աղոթատունը եւ թե՛ շրջակայքը: Արարողության ավարտին համայնքի շնորհալի մանուկներն ու երիտասարդներն ազգային երգ ու պարով եւ ասմունքով ուրախ շունչ հաղորդեցին տոնական օրվան: Այնուհետեւ եկեղեցուն կից գտնվող, 11-րդ դարի կառույց, քարվանատանը կատարվեց մատաղօրհնություն եւ տրվեց հյուրասիրություն:

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները