Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

ԽԱՉԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ամբարձման տոնը Սառնաղբյուր համայնքում կրկնակի տոն էր: Մայիսի 30-ին այստեղ, Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի եւ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ Խաչի օրհնության կարգ:

Սուրբ Թադեոս եկեղեցու խաչքավոր Սեւադա Գրիգորյանի բարերարությամբ, համայնքը, որպես թագ, իր «գլխավերեւում» ունեցավ Տիրոջ փրկչական Խաչի նշանը, որը տեղադրվեց գյուղի բարձունքին եւ իր պահպանության ներքո առավ ողջ համայնքը:

Խաչի օրհնության կարգին ներկա էին Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, բարեպաշտ տեղաբնակներ: Տերունական Խաչի օրհնության կարգից հետո իր հայրական խոսքը ներկաներին հղեց Սառնաղբյուրի հոգեւոր հովիվ Տ. Հակոբ քահանան՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով բարերարին, ով միշտ առատաձեռն է գտնվել աստվածահաճո գործեր կատարելիս: Տեր Հայրը համայնքի բնակիչներին մաղթեց Խաչի պահպանությունը եւ զորակցությունը` Տիրոջ նկատմամբ հավատքով լցվելու եւ հույսով ապրելու ու արարելու համար, նաեւ նկատելով, որ Աստծո նկատմամբ ունեցած հույսը երբեք չի ամաչեցնում:

Արարողության ավարտին համայնքի շնորհալի երիտասարդներն ազգային երգ ու պարով ուրախ շունչ հաղորդեցին տոնակատարությանը, որից հետո տեղի ունեցավ մատաղօրհնություն:

Իրապես մեծ է Խաչի խորհուրդը: Այն սիրո բարձրագույն դրսեւորումն է, քանզի Ամենակարողի զոհաբերությունն է՝ մեղքերով ախտահարված իր ժողովրդի համար, ովքեր կորցրել էին հավիտենական կյանքը, Տիրոջով ապրելու ազատությունը: Տերունական նշանը՝ Խաչը, բոլոր նշանների թագն ու պսակն է: Ուրեմն՝ նշաններ փնտրելուց առաջ, արժեւորենք Տիրոջ նշանով պսակվելու անհրաժեշտությունը, որ կյանք է պարգեւում արդարության համար հալածվողներին, մեղքից դեպի կյանք ձգտողներին, աստվածային նմանությունը վերականգնել կամեցողներին: Սակայն չմոռանանք, որ այն մահվան դատավճիռ է անարգողների համար: Ուստի Տիրոջ Խաչը միշտ պահապան է դեպի փրկություն առաջնորդվողներին, սակայն ամոթ եւ նախատինք է նրանց համար, ովքեր, ատելով բարին, մերժում են իրենց համար նախասահմանված կյանքը: Թող Տերունական Խաչը, որպես հաղթության զենք, միշտ պահապան լինի բոլոր հայ օջախներին:

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները