Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄ

«Տէր, ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան… գնալ արդարութեան ճանապարհս եւ ի կեանսն յաւիտենից»
ՇԱՐԱԿՆՈՑ

խտագնացությունները բարեպաշտ քրիստոնյայի կյանքի մի մասն են, որոնց միջոցով յուրաքանչյուրս փոքրիկ քայլերով մոտենում ենք Աստծուն, մասնակից ու արժանի դառնում Նրա սուրբ խորհուրդներին, զորություն ստանում սուրբ վայրից, որպեսզի կարողանանք դիմակայել կյանքի փորձություններին, արժանանալ Տիրոջ ողորմությանն ու շնորհներին:

Մայիսի 19-ին՝ Սուրբ Խաչի երեւման տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալներ, ստանալով Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, բռնեցին Կոտայքի մարզի սրբավայրեր տանող ճամփան:

ՋՐՎԵԺԻ Ս. ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների առաջին հանգրվանը Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցին էր: Այն, իր պարզությամբ ու գեղեցկությամբ, մեզ է հասել 1890 թվականից:

Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Հայկազ քհն. Մանսուրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Տ. Կյուրեղ քհն. Տալյանն ընթերցեց Ս. Կյուրեղ Պատրիարքի նամակը՝ նվիրված Ս. Խաչի երեւման տոնին:

Ուխտավորները նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը:

ԳԵՏԱՐԳԵԼԻ (ՋԱԳԱՎԱՆՔԻ) Ս. ՆՇԱՆԸ

Ուխտավորների փոքրիկ քարավանը, հավատքով զորացած, շարժվեց դեպի Գետարգելի Ս. Նշան, որ 13-րդ դարի կառույց է: Այս վանքը պատմական մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Այստեղ է հոգեւոր ծնունդ ստացել Զաքարիա Ջագեցի Կաթողիկոսը: Ազգային-ազատագրական պայքարին՝ արաբական լծից ազատագրմանը, սկիզբ է դրվել հենց Ջագավանքում, որը ոչ միայն հոգեւոր-կրոնական, այլեւ ազգային կարեւոր կենտրոն է եղել, առավելապես՝ 1293-ից հետո, երբ Կիլիկյան Հայաստանից, Սսից, Գրիգոր Անավարզեցի Կաթողիկոսի ջանքերով, այստեղ է տեղափոխվել Գետարգելի Ս. Նշանը՝ Խաչափայտի մասունքը, որով եւ մեծ հրաշքներ են տեղի ունեցել 11-րդ դարում եւ որի պատճառով էլ կոչվել է Ս. Նշան:

Վանքը գնալով դարձավ մի մեծ ուխտավայր, ու հետագայում ժողովուրդն այն վերանվանեց Գետարգելի վանք: Այս վանքում են գրվել ու ծաղկվել շատ ձեռագրեր:

Ուխտավորները երկյուղով համբուեցին խնկաբույր քարերը, վառեցին իրենց հավատքի մոմերը: Հաջորդ հանգրվանը, Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բակում գտնվող, 1898 թ. Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, ուր ուխտավորները երգեցին Կոմիտասի «Սուրբ, Սուրբ»-ը, Տերունական աղոթքը եւ «Տեր ողորմեա»-ն:

ԱՌԻՆՋԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Վերջին կանգառը Առինջի Ս. Հովհաննես եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորները, եկեղեցու կամարների տակ, հնչեցրին շարականներ ու աղոթքներ, վառեցին հավատքի մոմեր եւ խնդրեցին Ս. Հավհաննես Մկրտչին. «…Բարեխօսեա առ Քրիստոս վասն անձանց մերոց»:

Ուխտավորները տուն վերադարձան՝ իրենց հետ տանելով Սրբերի բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ՍԵԴԱ ԳԱԼՈՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները