Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ
ՔԱՀԱՆԱՅԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

այիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի եւ Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ եւ միաբաններ:

Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգեւորականները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Գիշերային ժամերգությանը:

Ժողովը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով: Սրբազան Հայրը քահանայից դասին մաղթեց Ավարայրի, Սարդարապատի, հայոց պետականության զորացման ու պայծառացման տեսլականով առաջ ընթանալ՝ արձանագրելով նորանոր հաջողություններ հովվական առաքելության մեջ:

Այնուհետեւ «Քահանա-անհատ ճանաչողության եւ հարաբերության հարց» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկավ Քահանայից ժողովի գործադիր մարմնի անդամ Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը (Արարատյան հայրապետական թեմ): Բանախոսությանը հաջորդած քննարկման ընթացքում ժողովականները ընդգծեցին հովվական կյանքում հոգեւոր խնամքի կարեւորությունը՝ հիմնված հովվի հոգեւոր փորձառության, ամուր հավատքի, անսակարկ սիրո եւ նվիրումի վրա: Քահանա-անհատ ճանաչողության պարագային շահեկան նկատվեցին ծխական համակարգի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ժողովի երկրորդ զեկույցը «Խոստովանության եւ խոստովանահոր շիտակ ընկալումը Հայոց Եկեղեցում» թեմայով ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Նյութի շուրջ Հայր Սուրբը հայ եկեղեցական մատենագրությունից եւ կանոնագրքերից քաղված տեղեկություններ փոխանցեց` անդրադարձ կատարելով նաեւ այլ Եկեղեցիների փորձառությանը: Ծավալված քննարկման ընթացքում քահանա հայրերը խնդրի առնչությամբ ներկայացրին իրենց դիտարկումներն ու հովվական փորձառությունը:

Ժողովը եզրափակվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց ժողովի մասնակից եկեղեցականներին իրենց նվիրյալ ծառայության համար: «Մենք միշտ հպարտ ենք մեր եկեղեցականներով: …Այն աշխատանքը, որ նրանք իրականացնում են, իրականացնում են ամբողջական պատասխանատվությամբ, առաջին հերթին` հավատքով, աստվածսիրությամբ եւ ազգասիրությամբ, գիտակից, որ իրենց առաքելությունը պայմանավորում է աստվածսիրությունն ու հայրենասիրությունը հայ հավատացյալի՝ արժեքներ, որոնցով հարատեւել է մեր ժողովուրդը, պահպանվել է մեր երկիրը, որոնցով այսօր մենք ունենք անկախ պետականություն», - ասաց Վեհափառ Հայրապետը` պատգամելով դժվարությունների առջեւ չընկրկել, միասնաբար ջանալ հաղթահարել դրանք եւ անշեղ ընթանալ այդ ճանապարհով, նույն քաջարի ոգով, ամբողջական պատասխանատվությամբ շարունակել իրենց ծառայությունը հայ ժողովրդի կյանքում:

Անդրադարձ կատարելով մայիսյան հերոսամարտերին եւ տիրող հաղթական մթնոլորտին` Նորին Սրբությունը խոսեց նաեւ մեր ժողովրդի դավանած արժեքների անխաթար պահպանության անհրաժեշտության մասին` դրանում կարեւորելով Հայոց Եկեղեցու եւ հայ հոգեւորականի դերակատարությունը: «Մենք՝ իբրեւ եկեղեցականներ, պետք է ամրորեն, հաստատուն կերպով, քաջաբար պաշտպանենք հոգեւոր, բարոյական մեր արժեքները, որոնք առանցքն են մեր ինքնության, որոնց շնորհիվ հարատեւել ենք դարերի մեջ, դիմակայել ամեն տեսակ փորձությունների, փրկության առաջնորդել մեր ժողովրդին եւ կերտել անկախ պետականություն»,- ընդգծեց Հայոց Հովվապետը:

Վերջում Նորին Սրբությունը շնորհավորեց եկեղեցականներին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա առիթով՝ իր տոնական բարեմաղթանքները փոխանցելով ամենքին:

Հայրական իր օրհնությունը բերելով հոգեւոր դասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ մաղթեց Աստծո զորակցությամբ աննկուն մնալ հավատքի մեջ, հավատարիմ` Երկնավոր Տիրոջ ու սուրբ հայրերի սահմանած ուղուն: Նորին Սրբությունն աղոթեց հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար:

Ժողովի ավարտին հոգեւորականաց դասը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Երեկոյան ժամերգությանը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները