Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

այիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաեւ 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ` տերունի այս տոնը հռչակվել է նաեւ Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց, տերունական տոնի առիթով մատուցվող, Պատարագի սրբազան արարողությանը, որին ներկա էին նաեւ հայաստանյան թեմի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ եւ մեծաթիվ ուխտավոր հայորդիներ:

Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Սուրբ Պատարագի քարոզում Հոգեշնորհ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց օրվա խորհրդին` ի մասնավորի նշելով. «Համբարձման տոնը եւ համբարձման ավետարանական դրվագը մի շատ կարեւոր պատգամ է մեզ՝ հավատարիմ մնալու Հայր Աստծո այն խոստմանը, որ, համբարձումից տասն օր հետո, Հոգեգալստյան տոնին հեղվելու է ամենքիս վրա իբրեւ Սուրբ Հոգու շնորհ: Հայր Աստծո խոստումը Քրիստոսի Եկեղեցու հիմնադրումն էր երկրի վրա: …Եվ, ուրեմն, առաքյալները շարժվում էին Քրիստոսի ոտնահետքերով, բայց շարժվում էին ոչ թե հուսահատության եւ տրտմության մեջ, այլ շարժվում էին, որովհետեւ, արդեն Քրիստոսի խոստմանը հավատարիմ, ունեին առաքելական գիտակցություն: Նրանց համար կյանքն այլեւս անապատ չէր, որտեղ անտարբերություն եւ հուսահատություն է միայն տիրում, նրանց համար կյանքը նաեւ դրախտ ու ձրի պարտեզ չէր: Կյանքն սպասում էր նրանց, որպեսզի նրանք սիրո, հույսի եւ հավատի հունդերը հողի մեջ դնեին եւ սպասեին պտղաբեր իրենց համայնքների հիմնադրմանը: Եվ, ուրեմն, տեսնում ենք, սիրելինե՛ր, որ Քրիստոսի համբարձումը միայն նրա երկրավոր առաքելության կնիքն է եւ փոխանցումն այն առաքելական գիտակցության, այն խոստումի, որ Քրիստոսի գործը շարունակվելու է Նրա Սուրբ Եկեղեցու եւ Նրա առաքյալների միջոցով: … Քրիստոսի համբարձումից հետո է, որ ամենքս դարձանք մեկ մարմին, մեկ հոգի եւ մեկ միտք, մեկ` մկրտությամբ եւ մեկ` Տիրոջով»: Հայր Շահեն ընդգծեց, որ Փրկչի համբարձմամբ է, որ Տերը հավատացյալներին պարգեւեց ամենատարբեր շնորհներ:

Պատարագիչ Հայր Սուրբը հիշեցրեց ուխտավորներին նաեւ, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությունն է:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական Աթոռը տեղափոխող հայրերը գիտակցեցին, որ, ուր Լուսավորչի տեսիլքով նոր ոտնահետք է հայտնվել Հայաստան երկրում, այնտեղ է նախամեծար Կաթողիկոսական Աթոռի վայրը: Մենք աղոթքի մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անվանում ենք սնիչ եւ դաստիարակիչ Հայաստանյայց բոլոր եկեղեցիների: Էջմիածինը միայն շենք չէ, միայն քարից կառուցված եկեղեցին չէ: Էջմիածինը Քրիստոսի ոտնահետքն է Հայաստան աշխարհում: Էջմիածինը մեր այն սրբությունն է, որը հայ ժողովրդի համար եղել է արարող միտք, բաբախող սիրտ եւ հայ ժողովրդի հավաքական կամքի արտահայտություն», - փաստեց Շահե ծայրագույն վարդապետը՝ հավելելով, որ Համբարձման տոնի եւ Կաթողիկոսական Աթոռի տեղափոխության այս երկու կարեւորագույն իրադարձությունները բարի լուր են տալիս մեզ, ըստ Տիրոջ խոսքի՝ «Մի՛ վախեցեք, որովհետեւ ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը»:

Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատավոր ժողովրդին աղոթել եւ կրկին անգամ նորոգել հավատարմությունը Հայր Աստծո խոստման հանդեպ ու շարականագրի խոսքերով ասել՝ «Անշարժ պահեա զԱթոռ Հայկազնեայց»:

Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգեւոր դասն ու ներկա ժողովուրդն աղոթեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու հավերժ պայծառության համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները