Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:

   
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Յարեաւ Աստուած եւ ցրուեցան ամենայն թշնամիք Նորա»:
ԺԱՄԱԳԻՐՔ

իրելի՛ հավատավոր զավակներ Մեր,

Սուրբ Հարության տոնի ուրախությունն է համակել մեր հոգիները, Հարության հաղթական բերկրանքն է ամենուր՝ մեր շուրջը, մեր եկեղեցիներում, ընտանիքներում, քրիստոնյա ողջ աշխարհում, նաեւ՝ բնության զարթոնքի մեջ: Քրիստոս հաղթական ելել է փակված քարանձավից, եւ հրեշտակը Նրա հարության ավետիսն է հնչեցնում թափուր գերեզմանից: Փրկչի հաղթանակով փշրվել են մեղքի ու մահվան կապանքները, բացվել են դռները երկնքի արքայության եւ մարդկանց ընծայվում է աստվածային շնորհը՝ ժառանգելու հավիտենական կյանքի անգին պարգեւը. «Ես իսկ եմ հարություն եւ կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. 11.25-26):

Քրիստոսով հարության եւ հավիտենական կյանքի ուղին սկսվում է այս աշխարհից, մարդու կյանքի վերափոխումից, մեղքի ու չարիքների մերժումից, դեպի սրբություն ու կատարելություն ընթացքից: Արդարեւ, որտեղ բաց են մարդկային հոգիները Քրիստոսի Հարության լույսի առջեւ, այնտեղ ցրվում ու նահանջում են խավարները աստվածամերժ չարահնար խորհուրդների, մոլորեցնող գաղափարախոսությունների, բաժանումների ու բեւեռացումների, անհանդուրժողականության, թշնամության ու պառակտումի, եւ հաստատվում են համերաշխություն ու միաբանություն, հավատարմություն, սրբություն, սեր եւ ուրախություն: «Աստված հարություն առավ, եւ ցրվեցին Նրա բոլոր թշնամիները»,- օրհնաբանում է ժամասացը:

Աշխարհի խաղաղության, հասարակության բարօրության, մարդկության ներդաշնակ գոյակցության, ընտանիքների ամրության եւ ամենայն բարիքի հակառակ են այն ընթացքները, որոնք մերժում են Քրիստոսով նորոգությունը եւ գերի դարձնում կյանքը մեղքին, ենթարկում աղավաղումների ու կործանման:

Քրիստոսի Հարության ավետիսը հրավեր է ամենքին՝ ապրելու Փրկչի պարգեւած շնորհներով՝ որպես նոր մարդ, ինչպես պատգամում է առաքյալը. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով եւ հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ» (Եփ. 4.22-24): Հավատալ Քրիստոսի Հարությանը եւ Քրիստոսով մեր հարությանն ու մեր կյանքի վերափոխմանը, նշանակում է ոչ միայն հաղթանակ տանել մեղքի, մոլությունների ու մոլորությունների դեմ, այլեւ սիրով համակվել ամենքի հանդեպ՝ մերժելով արդարության, արժանապատվության եւ ամենայն մարդկայինի ոտնահարումները, տարածել հոգատարություն ու համընդհանուր հաճություն՝ ինչպես Քրիստոս, «որ եկավ եւ փրկեց բոլոր արարածներին» (Շարական):

Հարության շնորհն ընդունած քրիստոնյայի կյանքում տեղ չունեն ագահության, անիրավության, ատելության, բռնությունների եւ Աստծո պատվիրաններն անտեսող այլ դրսեւորումներ, որոնք մեղքից ու մահից Քրիստոսի պարգեւած ազատության մերժումն են եւ վերացնում են բարին ու բարիքը մարդու, ընտանիքի, երկրի կյանքից:

Ազատությունը տրված է բարին ընտրելու եւ ո՛չ թե չարիքի ու սանձարձակությունների պատրվակ դարձնելու համար (հմմտ. Ա Պետ. Բ 16): Հիրավի, հարության շնորհի ժառանգորդ լինելը արտահայտվում է ապրելակերպի, գործերի, ոչ միայն անձնական ու ընտանեկան, այլեւ հանրությանը, ազգին, մարդկությանը բերած օգտակարության ու ներդրումի մեջ: Այս ճանապարհով է պայծառանում եւ արդյունավորվում հավատքը, առատանում հույսը, հաստատվում եղբայրասիրությունն ու միասնաբար առաջընթացի ուղին:

Քրիստոսի չարչարանքներն ու Հարությունը հանուն մեզ, հանուն ողջ մարդկության աստվածային անսահման սիրո արտահայտությունն են: «Նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ Նրա համար, ով մեռավ եւ հարություն առավ իրենց համար» (Բ Կորնթ. 5.15): Սերը, սիրելինե՛ր, անձնակենտրոն չէ, իրենը չի փնտրում (Ա Կորնթ. 13.5), արտահայտվում է միմյանց հանդեպ նվիրվածությամբ եւ հիմքն է ծաղկումի, վերելքի, հարության: Այս է այն կարեւոր պատգամը, որ Փրկիչ մեր Տերը փոխանցում է մարդկանց Իր օրինակով: Տիրոջ Հարությունն ինքնին համընդհանրության, հավաքականության ու միաբանության խորհուրդն է բերում աշխարհին: Քրիստոս բոլորին բերեց իր ծառայությունը, այդպես էլ մենք ապրենք միմյանց հանդեպ սիրո ու ծառայանվիրումի, նախանձախնդրության ու հանձնառության ոգով: Այս գիտակցությամբ է, որ ի զորու պիտի լինենք դիմագրավել մեր պետական ու համազգային կյանքի դժվարությունները, լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները, ամրապնդել ընտանիքները, անսասան պաշտպանել ու շենացնել մեր հայրենիքը, աշխարհասփյուռ ազգային մեր կյանքը: Մեր ժողովուրդը, որ ընդունել է Քրիստոսին որպես իր Փրկչի եւ առ Տերը սիրով ու հավատարմությամբ հառնել պատմության արհավիրքներից, այսօր էլ այդ հավատքով, այդ զորությամբ պիտի շարունակի կերտել իր հաղթանակներն ու ձեռքբերումները: Արդ, սիրելինե՛ր, Քրիստոսի էջքով սրբագործված մեր երկրում եւ համայն մեր կյանքում հարատեւ պահենք Քրիստոսի Հարության լույսն ու զորությունը եւ շարունակ նորոգվենք մեր Փրկչի պարգեւած շնորհով: Այսպես մենք կարող կլինենք միասնաբար ընթանալ դեպի հզոր հայրենիքի նորակերտում, դեպի նոր հորիզոնները մեր կյանքի՝ փաստելով, որ մենք Քրիստոսով հարուցյալ ժողովուրդ ենք, Քրիստոսի ժողովուրդն ենք, Աստծո սեփական ժողովուրդն ենք:

Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության ցնծալի ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպս. Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպս. Աթեշյանին, քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին՝ իրենց ծառայության արգասավորման մաղթանքով: Հայրապետական օրհնությամբ ողջունում եւ ամենայն բարյաց Մեր մաղթանքներն ենք բերում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին եւ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն: Սուրբ Հարության շնորհաբեր տոնի առիթով Մեր բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը՝ մեր Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասին եւ համայն հավատավոր մեր ժողովրդին:

Սուրբ Հարության շնորհառատ այս օրն աղոթում ենք, որ աշխարհում հրաշագործեն Փրկչի Հարության շնորհները, մարդիկ նորոգվեն կյանքի, խաղաղության, միասնության բարի ձգտումներով ու իրագործումներով եւ լինեն մեկ ընտանիք՝ աստվածային օրհնության ներքո: Ընտանիքին նվիրված այս տարում վերստին հայցում ենք, որ Քրիստոսի Հարության լույսով պայծառանան ու ամրանան ընտանեկան մեր հարկերը՝ լի սիրով, համերաշխությամբ ու երջանկությամբ: Թող Տերն Իր անսահման սիրո մեջ պահպանի մեր ժողովրդին եւ անշեջ պահի հարության լույսն ու ուրախությունը մեր սրտերում, մեր երկրում ու համայն աշխարհում:

Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը եւ խաղաղությունը լինեն մեզ հետ եւ ամենքի. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները