Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

«ԴԱՍՔ ԱՆՄԱՐՄՆՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՑ ՔԵԶ ԵՐԱՆԵՆ,
ԱՄԵՆՕՐՀՆԵԱԼ ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ …»
ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

«Ի չորրորդ օր դարձեալ հրեշտակն ետ զաւետիսն կուսական, թէ լոյսն որ ոչ բովանդակի ի քէն մարմնով պարունակի»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այ Առաքելական Ս. Եկեղեցին հնուց ի վեր տոնախմբել է Ս. Ավետման սքանչելի եւ մեծախորհուրդ տոնը, որ հաստատուն եւ անշարժորեն նշվում է ապրիլի 7-ին՝ ի հիշատակ Գաբրիել հրեշտակապետի Կույս Մարիամին բերած այն ավետիսի, թե, Սուրբ Հոգու զորությամբ, Աստծո Որդին իրենով պիտի մարդեղանա: Եվ երկրի վրա ծնված կանանցից այն միակը, ում, Նարեկյան բնութագրմամբ, «ծոցն լուսափայլ» էր, «խնկեալ ի կնդրկէ բուրվառ հրով աստուածայնով լցեալ», դարձավ մայրն Աստվածորդու: Ինչպես Որդուն, այնպես էլ մորը պետք է հասցեագրել «եւ արատ ինչ ոչ գոյ ի Քեզ» երգ-երգոցյան տողը: Եվ ահա 2000 տարի է արդեն, ինչ քրիստոնյան, Տիրոջից հետո, իր աղոթքն առավելապես ուղղում է Տիրամորը՝ որպես մայրական սիրո ու նվիրվածության, ողորմասիրության ու կարեկցանքի, խոհեմության, հեզության ու համբերության, հավատարմության ու զոհաբերումի խորհրդանիշի, որպես բարեխոսի, մարդկային մեղսական ցեղից ծնված կուսականության: Քրիստոնյան ծնկել է ու աղոթել, վստահել ու հավատացել, խաղաղվել ու մաքրագործվել է՝ «բարեխօս ունիմք սուրբ զՄարիամ զԱստվածածինն՝ զփառաւորեալ ու օրհնեալ միշտ սուրբ Կոյսն…» խոսքերը շուրթերին:

Պատահական չէր, որ Հովհաննես Մկրտչի մայրը՝ Եղիսաբեթը, երբ հանդիպեց Մարիամին Սուրբ Հոգով հղիանալուց հետո, «լցվեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց. «Օրհնեալ ես դու կանանց մեջ, եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը» (ՂԿ. Ա. 42): Անշուշտ, Մարիամն արժանի է իրեն ընծայված բոլոր պատիվներին, հատկապես այն գերագույն պատվին, որ մեր բոլոր եկեղեցիների Սուրբ Սեղանները պսակված են Ս. Կույսի մայրական նկարով՝ մանուկ Լույս Հիսուսը գրկում: Մոր եւ Մանկան այդ հոգեթով պատկերը չի կարող անտարբեր թողնել որեւէ մեկին: Ուստի, կարելի է ասել, որ նրա Մանուկը նաեւ մեկ այլ իմաստ է խորհրդանշում, այսինքն՝ ողջ մարդկությունը, որին, Սուրբ Աստվածածինն իր գիրկն առած, խնամում է սիրող մոր պես, քանզի նա, ողջ տիեզերքն ստեղծող, Աստծո մայրն է: Արդ, աղաչենք մայրերի մորը, որ իր գրկում մշտապես կրում է աշխարհի Փրկչին՝ հիշեցնելով նրան Խաչի մոտ թափած արցունքները՝ որպես բարեխոսություն բազմամեղներից համար:

ԱՎԵՏՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլի 7-ին վերստին հնարավորություն ընձեռվեց մեզ՝ ազգովի ծնրադրել Տիրամոր առջեւ եւ աղոթել վասն աշխարհի խաղաղության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, արդարության եւ գթասրտության, նաեւ մեր հոգու փրկության: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, գիշերային եւ առավոտյան ժամերգություններից հետո, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սուրբ Պատարագի ընթացքում ներկա գտնվողները, ինչպես նաեւ Երեւանի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու ուխտավորներն ստացան Ս. Հաղորդություն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Այդ օրը Հայոց Եկեղեցու բոլոր տաճարներում, ինչպես նաեւ Ս. Աստվածածին եկեղեցում, Սուրբ Պատարագից հետո, կատարվեց մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները