Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

«ՕՐՀՆԵՑԷ՛Ք ՄԱՆԿՈՒՆՔ ԶՏԷՐ ԵՒ ՕՐՀՆԵՑԷ՛Ք ԶԱՆՈՒՆ ՏԵԱՌՆ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Խոստացված Մեսիային ընդառաջ գնացող բազմության՝ մանուկների ու երիտասարդների շրթներից աղբյուրացող հնավանդ օրհներգն այս օրերին մեկ անգամ եւս հաղթականորեն հնչում է հայոց եկեղեցու կամարների ներքո: Այս երկնաբույր օրհներգն էր, որ արձագանքեց նրանց հոգիներում, ովքեր ձիթենու եւ արմավենու ոստերով, փառաբանության ու գոհաբանական բացականչություններով ողջ մթնոլորտը վերածեցին բացօթյա հրաշակերտ տաճարի: Ժողովրդի բազմությունն աղաղակում էր. «Օվսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ. ԺԲ 13): Հիսուս, ավանակին նստած, մտավ Երուսաղեմ, որ ի կատար ածվի Աստծո ծրագիրը: Հին ժամանակներում ավանակին բազմում էին արքաները: Մինչ Քրիստոս կբազմեր մայր ավանակին, Առաքյալներն իրենց հանդերձանքը փռեցին կենդանու վրա: Սա խորհրդանշում է Առաքյալների եւ համայն հավատացյալների խոնարհումն Արարչին, իսկ փոքր ավանակը՝ Առաքյալներին, որ, ժառանգորդ եւ որդեգիր լինելով, կոչված են ավետարանել Տիրոջ խոսքը: Նաեւ այն, որ հետայսու մարդկությունը Հիսուսի լուծը պիտի կրեր, Նրա սիրո պատվիրաններով կամ նոր Օրենքով պիտի մտներ Երուսաղեմ՝ Աստծո թագավորություն: Իսկ այդ ճանապարհը խոնարհության ճանապարհ է, որովհետեւ «խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սղմ. 50.19): Ողջ ճանապարհին մարդկանց կողմից փռված ձիթենու ճյուղերը, ինչը հայոց մեջ փոխարինվեցին ուռենիներով, խորհդանշում է մեր անձը, որ Արարչի ոտքերի առջեւ է՝ պատրաստ ճկվելով դիմակայել չարի փորձություններին:

Այսպես՝ սպասելով Քրիստոսի երկրորդ գալստյանը, դիմավորում ենք Նրան՝ բացելով նախ մեր սրտի օթեւանները, ուր մտնելով երկնքի Արքան, Իր խաղաղությունն է բերում մեզ: Երուսաղեմի մուտքին Իրեն դիմավորողների մեջ հիշատակվում են հատկապես մանուկները, ովքեր անդադար երգում էին «օրհնութի՜ւն Որդւոյ Դաւթի»: Մանուկները վաղվա հասարակությունն են, ազգն ու Եկեղեցին: Մեր խնամքի, գուրգուրանքի ու սիրո առարկան հանդիսացող այսօրվա մանկան ճիշտ դաստիարակությունից է կախված ազգի ճակատագիրը: Սուրբ Գիրքն ասում է. «Կրթի՛ր մանկանը, երբ դեռ փոքր է եւ դրանից հետո այլեւս երբեք պիտի չշեղվի իր ճանապարհը» (Առ. ԻԲ 6):

Ծաղկազարդի կիրակի օրը եկեղեցիներում օրհնվում եւ հավատացյալ ժողովրդին են բաժանվում ուռենու, ձիթենու կամ արմավենու ճյուղեր՝ ի հիշատակ Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքի:

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլի 13-ին, հընթացս երեկոյան ժամերգության, բացվեցին հայոց բոլոր, այդ թվում եւ Շիրակի թեմի Ս. Յոթվերք, Ս. Հակոբ, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիների Սուրբ Խորանների վարագույրները, որ փակված էին Մեծ Պահքի քառասնօրյա շրջանում:

Ապրիլի 14-ին՝ Ծաղկազարդի կիրակին, նշանավորվեց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցված Սուրբ եւ անմահ Պատարագով: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց եւ ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Սրբազան արարողության ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ՝ համաձայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինության: Եկեղեցի եկած բոլոր մանուկներին իր օրհնությունը բաշխեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԴՌՆԲԱՑԵՔ

Նույն օրը դարձյալ մարդաշատ էր մայր եկեղեցին: Մեծաթիվ հավատավոր գյումրեցիներ էին եկել՝ ներկա գտնվելու Դռնբացեքի խորհրդավոր արարողությանը: Հայաստանյայց Եկեղեցու արարողակարգում Դռնբացեքը բացառիկ տեղ է գրավում: Ավետարանական ոչ մի դեպքի կամ տոնի հետ չի առնչվում, այլ պարզապես վերջին դատաստանի մի պատկերն է պարզում հավատացյալներին եւ հարց ու պատասխանի ձեւ ունի, ինչը եզակի է մեր Եկեղեցում:

Սուրբգրային ընթերցվածներից հետո Ավագ Խորանից հնչեց «Բաց մեզ Տեր» հոգեզմայլ տաղը: Հիսուս ողջության օրոք հաճախ էր խոսում կատարածի օրվա եւ վերջին դատաստանի մասին, ապաշխարության, մեղքերի թողության կոչ անում, որպեսզի զերծ մնան հավիտենական տանջանքներից:

Անշուշտ, ժողովուրդը Քրիստոսին ողջունեց որպես Մեսիա եւ Նոր Թագավոր Իսրայելի: Նա Երուսաղեմ եկավ՝ լրացնելու մարգարեությունները: Ընտրելով Խաչի ճամփան՝ այս կերպ հրավիրեց հավատացյալներին վկայել Իր չարչարանքների ու հրաշափառ Սուրբ Հարության մասին:

Դռնբացեքի հուզիչ արարողությունը, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, ավարտվեց ավետարանական ընթերցմամբ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները