Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՁԵՌԱՄԲ ՕԾՎԵՑ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

պրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի ավետման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի հոգեւոր սպասավորներ, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցու կառուցմանն իրենց աջակցությունը բերած բարերար հայորդիներ, Հայաստանի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներ, ուխտավորներ եւ հավատավոր բազում արցախցիներ:

Հընթացս օծման սրբազան արարողության` սաղմոսերգության ներքո, ջրով եւ գինով լվացվեցին տաճարի Սուրբ Սեղանը եւ օծվելիք սյուները: Այնուհետեւ Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը: Թեմակալ Առաջնորդ Տ. Պարգեւ արքեպս. Մարտիրոսյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի պատասխանատու Տ. Նաթան արքեպս. Հովհաննիսյանի, Գուգարաց թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ արքեպս. Չուլջյանի, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանի, ՀՀ ԶՈՒ հոգեւոր Առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպս. Բաբայանի ձեռամբ օծվեցին խորանի` չորս Ավետարանիչների անունները կրող սյուները եւ եկեղեցու մնացյալ սյուները:

Աղոթքներից եւ սուրբգրային ընթերցվածներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորակառույց եկեղեցին անվանակոչեց Սուրբ Աստվածածին:

Օծման արարողությունից հետո Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց արցախահայությանը եւ Սուրբ Ավետման տոնի ու եկեղեցու օծման առիթով հայրապետական պատգամ հղեց ներկա ժողովրդին:

Իր պատգամի ավարտին Հայոց Հովվապետը նորաօծ եկեղեցուն ընծայեց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված, Տիրոջ Սուրբ Ծննդյան սրբապատկեր, որպեսզի այդ տերունական օրհնյալ պատկերի առջեւ աղոթելով՝ հավատավոր արցախցիները արժանի դառնան Տիրոջ ընծայած փրկության բյուր շնորհներին:

Երկարամյա հոգեւոր ծառայության եւ վաստակի գնահատանքով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Պարգեւ Սրբազանին շնորհեց եպիսկոպոսական պանակե՝ Տիրոջ Սուրբ Աջի հանապազ զորակցության սրտագին մաղթանքով:

Նորին Սրբությունն իր առանձնակի գնահատանքը հայտնեց եկեղեցու կառուցման հիմնական բարերարներ Միքայել եւ Կարեն Վարդանյաններին` նրանց արժանացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանին` եկեղեցաշահ իրենց գործունեության, հոգեւոր-եկեղեցական կյանքի առաջընթացին բերած գովարժան ներդրումի եւ բարի հանձնառությունների համար:

Այս ուրախալի առիթով Արցախի թեմի Առաջնորդը Վեհափառ Հայրապետին ընծայեց Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ԺԷ դարի պատմական սկիհը` պատշաճ նկատելով, որ այն պահպանվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Այնուհետեւ նորաօծ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ` ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները