ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

ՊԱՀՔՆ ԱՍՏԾՈ ԿՈՉՆԱԿՆ Է ԵՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՑՆԾՈՒԹՅՈՒՆԸ

«Որ զօրէնս սրբութեան պահոց նախ ի դրախտին աւանդեցեր, զոր ոչ պահելով նախաստեղծիցն ճաշակմամբ պտղոյն զդառնութիւն մեղաց եւ մահու»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եծ Պահքի երկարօրյա ճանապարհի պայծառության լուսե սյուներ են այն հանգրվանները, որոնք մերթ ընդ մերթ հանդիպում են այս ուղեւորության ընթացքում եւ իրենց խորհուրդներով ու պատգամներով սնուցում «ճամփորդներին» ու նրանց լապտերների պարունակության հավելման պատճառ դառնում:

Մեծ Պահքի հոգեւոր երկար ճանապարհի երկրորդ կիրակին մեր Սուրբ Հայրերը կոչել են Արտաքսման, որը եւ բացատրում է նախամարդու արտաքսումը դրախտից: Դրախտային կյանքը, Աստծո սերն ու կենդանի ներկայությունը քիչ թվաց առաջին մարդկանց: Նրանք փորձեցին էլ ավելի կատարելագործվել եւ, անվստահությամբ լցվելով իրենց Արարչի նկատմամբ, չհնազանդվեցին, տիեզերական նշանակություն ունեցող, պատվիրանին. «Դրանցից չուտեք եւ չմոտենաք, որպեսզի չմեռնեք» (Ծննդոց Գ 3) եւ մոտեցան ու ագահաբար կերան բյուրավոր պտուղների մեջ այն մեկը, որն Աստված պատվիրել էր չուտել: Մեղքը մուտք գործելով աշխարհ՝ խաթարեց այն ջերմ փոխհարաբերությունը, որ առկա էր Աստծո եւ մարդու միջեւ:

Չհնազանդվելով՝ Ադամը կորցրեց իր մաքրամաքուր, անմեղ եւ երանական վիճակը, գերի ընկավ մեղքի ծառայությանը, եւ, որ ամենակարեւորն է, կորցրեց Աստծո կենդանի ներկայությունը: Ըստ առաքելական վարդապետության՝ բոլոր մարդիկ իրենց նախաստեղծ հորից ժառանգում են այն մեղքը, որն ապականեց ողջ արարչագործությունը: Մեղքի աղտը խմորվեց մարդու էության ու բնավորության հետ, եւ հետզհետե նա հեռացավ իր սկզբնաղբյուրից: Դրախտից արտաքսված մարդը հոգնեց, տառապեց ու լաց եղավ՝ «քրտնելով հաց վաստակելու համար»: Ընդհանրապես մարդ արարածը հետո է գնահատում կորցրածի արժեքը:

Արդ՝ Մեծ Պահքի ապաշխարության այս շրջանում ջանանք լավագույնս հոգ տանել մեր հոգու նորոգությանը, փորձենք հաճելի լինել Ամենակարող Արարչի աչքին եւ ընդունելի՝ մարդկանց, քանզի ոսոխը քնած չէ, արթուն մռնչում է ամեհի գազանի պես եւ այսօր էլ «տքնում» է՝ մեզ դրախտի երանելի կյանքից զրկելու համար: Նա եւս «պահեցող» է, ոչինչ չի ուտում, բայց եւ չի դադարում մեղանչելուց ու մարդկանց կորստյան առաջնորդելուց: Այսօրվա դրախտն Ամենասուրբ Երրորդության Սուրբ եւ Ուղղափառ Եկեղեցին է՝ իր աստվածապաշտական քաղցրությամբ, իսկ երանելի մեր կյանքը՝ Սուրբ Եկեղեցու անդաստանում քրիստոսավանդ պատվիրանների համաձայն ապրելը. «Որքան հաճելի է Քո հարկի տակ, զորությունների Տեր, իմ հոգին Քո գավիթն է ցանկանում ու փափագում» (Սաղմ. ՁԳ 2):

Հետեւենք Սուրբ Հայրերին, մարգարեներին, ովքեր պահեցողությամբ ու ծոմապահությամբ արժանացան Աստծո տեսությանը: Հիշենք Ս. Եղիային, Ս. Մովսեսին, ովքեր, պահքը սանդուղք դարձնելով, հասան երկինք: «Պահեցողների տունը հրեշտակների տուն է եւ սրբերի հանգստարան, որովհետեւ այստեղ սաղմոսերգություններով փառավորվում է Աստված: Պահքն ամուր աշտարակ եւ լուսավոր սանդուղք է առ Աստված բարձրանալու համար, նաեւ Աստծուց մեզ պարգեւված հոգեւոր սուր եւ երբեք չբթացող զենք է ընդդեմ թշնամու» (Վարդան Այգեկցի):

Ուրեմն՝ նախապատրաստվենք ըստ արժանվույն, հոգեպես եւ մարմնապես սրբված ու մաքրված, անկեղծ ցնծությամբ տոնելու մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները