ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

«ՔԱՋՈՒԹԵԱՄԲ ՄԻԱՅՆ ՄԵՌՑՈՒՔ, ԶԱՆՈՒՆ ԵՒ ԶՈԳԻՍ Ե
ՒԵԹ ԺԱՌԱՆԳԵՍՑՈՒՔ…»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

«Նոքա են, որ չարչարեալք վասն Տեառն իւրեանց մեռան, եւ ի կենդանութիւն փոխեցան, եւ զանուն եւ զօգուտ պտղոց իւրեանց քաջութեան յաշխարհի թողին»:
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

այոց ազգային գիտակցության հիմքը հայրենիքի գաղափարն է, որ հետեւողական հաջորդականությամբ արծարծվել է մեր պատմության բոլոր փուլերում: Վարդանանք մեր ժողովրդի այն զավակներն են, ովքեր, իրենց ապրած կյանքով, կենդանի քարոզ եւ անգերազանցելի օրինակ ապահովեցին առարկայականորեն՝ համաձայն Տիրոջ խոսքի, որ «եթե հավատաք, ավելի մեծ գործեր պիտի կատարեք»: Վարդանանք կենդանի նահատակությամբ համալրեցին Քրիստոսի ավետարանական հրավերը. «Եվ մարդն այնպես սիրեց Աստծուն, որ ինքն իրեն չխնայեց» (Հովհ. Գ 16): Այս իրողությունը կասկածի ենթարկելը մեզ համար հավասարարժեք է ճշմարտությունն ուրանալուն:

Սուրբ Վարդանանց տոնը խնկելի հիշատակն է, հանուն հավատքի եւ հայրենյաց 451 թ. Սասանյան Պարսկաստանի դեմ մղված, Ավարայրի ճակատամարտում ընկած 1036 նահատակների: Այս տոնն իր խորհրդի մեջ միավորել եւ պահպանել է ամենակարեւորը՝ ժամանակների կապը: Ահավասիկ այն շարժումը, որ ըստ էության ընդգրկել է մեր ժողովրդի բոլոր շերտերը եւ հայտնի է Ղեւոնդյանց եւ Վարդանանց պատերազմ անունով, անշուշտ մնում է ամենաինքնօրինակն ու ամենալուսավորը. «Սուրբ Հովսեփն ու Սուրբ Ղեւոնդը խրատեցին, ամրապնդեցին եւ բոլորին Քրիստոսի զինվորը դարձրին, այնպես որ կարելի էր զարմանալ նրանց աներկյուղ համարձակության վրա…» (Եղիշե):

Ճիշտ է՝ հայերը պարտվեցին այդ կռվում, սակայն հաղթանակն այստեղ շատի ու քչի մեջ չէ, այլ ոգու ու շնչի: Ս. Վարդանանք իրենց սրբազան արյամբ ոռոգեցին Ավարայրը՝ ի գին արյան փաստելով, որ այս աշխարհի ուժը տեղի է տալիս, երբ նրան հակադրվում է հոգու զորությունը: Վարդանանց պատերազմն ավարտված չէ, շարունակվում է նաեւ այսօր, շարունակվում է մղվել բոլոր նրանց դեմ, ովքեր ուզում են վերացնել հայ ազգի ոգին՝ Հայոց Եկեղեցին: Եվ այդ շարունակվող պատերազմի ընթացքում մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իրեն համարել եւ զգալ իբրեւ Վարդանանց հետեւորդ, քաջ Վարդանի արժանի զինվոր:

Արդ, թող մեր պատմության մեջ հավիտյան պայծառ մնան Վարդանանց պատկերն ու նրանց արթնացրած գաղափարը, եւ թող նրանց ազդեցությամբ շարունակ ոգեւորվեն ճշմարիտ քաջությունն ու իմաստությունը:

ՀԻՇԱՏԱԿԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, վերստին ղողանջեցին հայոց եկեղեցիների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով Վարդանանց Սուրբ Նահատակների պատգամը, որ է «Մեր օրինակը հիշելով՝ ամուր պահեք մեր հայրերի ճշմարիտ հավատքը եւ սիրեցեք միմյանց…»:

Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում եւս մատուցվեց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» բնաբանով ոգեշունչ քարոզով դիմելով ներկաներին, պատարագիչ Տեր Հայրն ի մասնավորի շեշտեց, որ իմացյալ մահով, հայրենասիրական խոսքի ուժով Հովսեփ Կաթողիկոսն ու Ղեւոնդ Երեցն իրենց հետեւից մարտի տարան հայ ժողովրդին եւ կոչ արեց ներկա սերնդին՝ հետ չմնալ մեր փառապանծ նախնիներից:

Սրբազան արարողակարգի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք՝ ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության:


ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները