Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

«ԼՈՅՍ ՅԱՅՏՆԵՑԱՐ ՀԵԹԱՆՈՍԱՑ ԵՒ
ՓԱՌՔ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՔՈՒՄ ԻՍՐԱՅԷԼԻ»
ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ

«Որ յանարուեստ աթոռ նստիս՝ բարեբանեալդ ի հրեշտակաց, այսօր ի Սիմէովնի բառնալով ի գիրկս, որ ընծայեսցես զմեզ ի կեանսդ յաւիտենից»:
ՇԱՐԱԿՆՈՑ

յառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու, մեղավոր մարդկության փրկության համար մարդեղացած Աստծուն խոնարհվելու հրավեր է, կոչ բոլոր հավատացյալներին՝ առանց երկմտելու, ուրախությամբ իրենց սրտերում Տիրոջ Լույսն ընդունելու ճիշտ այնպես, ինչպես Սիմեոն ծերունին փառավորությամբ իր գիրկն առավ Մանուկ Հիսուսին:

Այսօր Տյառնընդառաջն ամենասիրված տոներից է եւ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ քրիստոնյայի կյանքում: Հայոց Եկեղեցին Տյառնընդառաջը, որպես անշաժ տոն, նշում է փետրվարի 14-ին:

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՎԱՆԴՈՒՄ Է

Ըստ սրբազան ավանդության՝ տոնը կարգել է Սուրբ Հակոբոս Տյառնեղբայրը: Չորս Ավետարաններից միայն Ղուկասի Ավետարանում է նկարագրվում այս խորախորհուրդ իրադարձությունը. «Ութ օր հետո, երբ մանկանը թլպատելու ժամանակը հասավ, նրան կոչեցին Հիսուս, այն անունով, որ հրեշտակն էր տվել նրան, երբ դեռ չէր հղացվել իր մոր՝ Մարիամի որովայնում:

Իսկ երբ, Մովսեսի հաստատած Օրենքի համաձայն, նրանց ծիսական մաքրության ժամանակը լրացավ, Հովսեփն ու Մարիամը մանկանը տարան Երուսաղեմ՝ Տիրոջն ընծայելու, որովհետեւ Տիրոջ Օրենքում գրված է. «Պետք է Տիրոջը նվիրվի ամեն արու զավակ, որ իր մոր առաջին զավակն է», ինչպես նաեւ, Տիրոջ Օրենքի համաձայն, զոհ մատուցելու «մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. Բ 21-24): Տատրակը խորհրդանշում է ողջախոհություն եւ հավատարմություն, իսկ աղավնին՝ հանդարտություն եւ հեզություն:

Երբ Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը, Տիրոջ Օրենքը կատարելու համար, գնում են Տաճար, Սուրբ Հոգուց առաջնորդվելով, նրանց ընդառաջ է գալիս «արդար ու աստվածավախ Սիմեոն ծերունին, որ աղոթքներում մշտապես խնդրում էր Տիրոջը իրեն այնքան կյանք շնորհել, մինչեւ տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին»:

Աստված, ունկնդիր ծերունու խնդրանքին, ի կատար էր ածել նրա բաղձանքը: Սիմեոն ծերունին, թեեւ համարյա կուրացած, զգում է Աստվածորդու ներկայությունը Տաճարում, քանզի, ինչպես ավանդում է սրբազան պատմությունը, աղմուկով բացվում են դռներն ու պատուհանները, եւ լույս է ներս հորդում: Ծերունին ընդառաջ է գնում, գիրկն առնում սպասված Մեսիային եւ բարձրաձայն աղաղակում. «Այժմ, Ով Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային, ըստ Քո Խոսքի, որովհետեւ աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ. լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար…» (Ղուկ. Բ 29-32):

Տաճարում Տիրոջը փառաբանում եւ գոհություն է մատուցում նաեւ Աննա մարգարեուհին, ով Երուսաղեմի փրկությանն սպասողների հետ խոսում էր հրաշափառ Մանկան մասին (Ղուկ. Բ 36-38): Այս միջադեպով մեկ անգամ եւս շեշտվում է Աստծո հայտնության գաղափարը, ինչպես նաեւ բացատրվում «տյառնընդառաջ» բառի իմաստը, որ է Տիրոջն ընդառաջ գնալ:

ՀՆԱԳՈՒՅՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐ

Տյառնընդառաջն իր ծիսակատարությամբ զուտ կրոնական տոն չէ: Այն միախառնված է ազգային հնավանդ այլ սովորույթների, ավանդությունների, հավատալիքների հետ, որոնք դարերի ընթացքում վայելել եւ ցայսօր վայելում են մեծ ժողովրդականություն:

Տյառնընդառաջի նախատոնակից անմիջապես հետո, եկեղեցու շրջաբակում տեղի է ունենում խարույկահանդես: Այդ խարույկից տարված կրակից են իրենց տների բակում խարույկներ վառում հատկապես նորապսակներ ունեցող ընտանիքները: Ամեն ոք եկեղեցուց կամ խարույկից վառած մոմ կամ լամպ է տուն տանում ու մինչ առավոտ վառ պահում, որպեսզի լույսն ու իմաստությունը թագավորեն սեփական հարկից ներս եւ փարատվեն խռովությունները:

Իսկ թե ինչու ենք խարույկ վառում, եռամեծ Վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացին այսպես է բնութագրում այն. «Ինչպես Անանիան եւ իր ընկերերը, երբ հրի մեջ ընկան, գովում եւ օրհնում էին Աստծուն… եւ բոլոր արարածներին՝ ջրին, հրին, ցրտին, տոթին ու մյուսներին, օրհնության էին հրավիրում (ԴՆ. Գ 51, 61-79), նույնպես եւ մենք խոսքով ու գործերով վառված հուրը, ի պատիվ արարածների Արարչի, ընծայում ենք Քրիստոսին»: Արդ՝ հետեւենք միակ եւ ճշմարիտ Լույսին, քանզի ով Նրա ետեւից է գնում, «խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովհ. Ը 12):

ՆԱԽԱՏՈՆԱԿ. ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԾԻՍԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվարի 13-ին Ս. Աստվածածին մայր եկեղեցում երեկոյան ժամերգությանը ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Հնչեցին հոգեպարար աղոթքներ ու շարականներ, որից հետո կատարվեց նախատոնակ, ինչը եւ ավետեց Տերունի տոնի սկիզբը: Ապա հանդիսավոր թափորը, Առաջնորդ Սրբազանի գլխավորությամբ, ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր կատարվեց անդաստանի կարգ. Ս. Խաչով եւ Ս. Ավետարանով օրհնվեց երկրի չորս կողմերը:

Անդաստանին հաջորդեց մոմերի օրհնությունը, որոնց կրակով, ձեռամբ Սրբազան Հոր, վառվեց, հրապարակի կենտրոնում պատրաստված, ավանդական խարույկը՝ իր շուրջը համախմբելով ներկաներին:

Այնուհետեւ խարույկի շուրջը բոլորեց ուրախ շուրջպարը, որը կազմակերպել էր «Հայկական զարդանախշեր» պարային համույթը (ղեկավար՝ Բագրատ Հովհաննիսյան):

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այս օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր այն հույսով ու համոզումով, որ նորակազմ ընտանիքները, ստանալով Աստծո օրհնությունը, Հովսեփի եւ Մարիամի օրինակով, ամուր շաղախված սիրով եւ վստահությամբ կկառուցեն իրենց ամրոցը՝ հավատարիմ մնալով հայրերից ավանդված մեր սրբություններին եւ նվիրագործված ավանդույթներին:

Նորապսակների օրհնությունը կատարվեց սրբազան արարողակարգից հետո: Ապա յուրաքանչյուր զույգ իր հետ տուն տարավ վառված մոմեր՝ սեփական բակում տոնի խարույկը մայր խարույկի կրակով բոցավառելու համար:

«ՏԵՐՆ ԸՆԴ ՁԵԶԻ» ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 14-ին՝ Տյառնընդառաջի լուսեղեն խորհրդով բացված այդ օրը, Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց եւ տոնի խորհուրդը մեկնեց պատարագիչ Հայր Սուրբը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները