Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

   
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս.

Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: Ջերմ զգացումներով Մեր բարեմաղթանքներն ենք հղում այս պահին ծառայության վայրում իրենց պարտականություններն իրականացնողներին, հայրենյաց սահմանները անառիկ պահող մեր բանակի սպաներին ու զինվորներին, եկեղեցիներում աղոթքի համախմբվածներին, տոնական սեղանների շուրջ հավաքված Մեր բոլոր զավակներին:

Նոր տարվա սեմին գոհություն ենք հայտնում Աստծուն, որ անցնող 2018 թվականին խաղաղ պահեց մեր հայրենիքը եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին, օրհնեց բարիքով, արդար վաստակով եւ ձեռքբերումներով՝ ազգային ու եկեղեցական կյանքում: Գոհություն ենք առ Աստված բարձրացնում նաեւ, որ, մեր ժողովրդի ազգասեր ոգու եւ ողջամտության շնորհիվ, խաղաղ ընթացք ունեցան քաղաքական զարգացումները մեր երկրում, եւ մենք այսօր 2019 թվականը դիմավորում ենք դրական տեղաշարժերի սպասումներով:

Ամեն նոր տարի նոր սկիզբ է, որը լի է նորի ակնկալությամբ, ավելի լավի ու կատարյալի ձգտումով: Նոր տարվա հետ կապում ենք այն ամենը, ինչը կուզենայինք բարեփոխել, կարգավորել եւ շուտով տեսնել մեր նպատակների իրականացումը: Բարեփոխումների պահանջը եւ քաղաքացիական նախանձախնդրությունը, որ առկա են այսօր մեր կյանքում, անկասկած, բարի արդյունքներ պիտի բերեն, առավել խնամք, առավել ջանք ու ձգտում՝ ամրապնդելու հիմերը իրավական պետության, արդար, օրինահարգ հասարակության, շենացնելու մեր երկիրը եւ համայն ազգային կյանքը: Սա է մեր ուղին, որը հաստատուն պիտի պահենք՝ միշտ հիշելով, որ Հայաստանի զարգացումը եւ հզորությունն ազգային մեր իղձերի իրագործման առանցքն է եւ պայմանը Արցախի ապահովության եւ Սփյուռքի կենսունակության:

Սիրելինե՛ր, այս պահին, երբ, բարի սպասումների հետ, մեր մտահայացքը ուղղված է գալիքին, մեր ծրագրերին ու անելիքներին, հայրական հորդորով փոխանցում ենք ձեզ մեր Տիրոջ կենարար պատգամը. «Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց» (Հովհ. ԺԵ 17): Մեր կյանքը իմաստավորվում է տերունապատվեր սիրո առկայությամբ: Որտեղ սերն է, այնտեղ հավատն է զորանում, այնտեղ հույսն է առատանում, համերաշխությունն արդարությամբ ու բարի գործերով պտղաբերում: «Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ. ԺԳ 8),- ասում է առաքյալը: Այո՛, այն թթխմորի նման աճում է, դառնում կորով, անդուլ ջանք, հանձնառություն, որոնցով պիտի ապահովվի մեր կյանքի վերընթացը:

Այս մտորումներով եւ հոգու ուրախությամբ պատգամում ենք մեր բարեպաշտ ժողովրդին՝ սիրով ու լավատեսությամբ, միմյանց աջակից շարունակել ապրել ու գործել եւ նվիրյալ ջանքեր ներդնել՝ ի զորացում հայրենի մեր երկրի եւ հոգեւոր ու ազգային մեր կյանքի:

Մաղթում ենք խաղաղություն աշխարհին, խաղաղություն՝ մեր հայրենիքին, անսասանություն՝ մեր պետականությանը, շնորհառատ օրհնություն՝ աշխարհասփյուռ ազգիս հայոց եւ բոլոր ժողովուրդներին: Թող 2019 թվականն ուրախություն բերի մեր ընտանիքներին եւ առաջընթաց ու ձեռքբերումներ՝ մեր կյանքին:

Շնորհավոր նոր տարի:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները