Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

«…ԶՀՐԱՇԱԼԻ ԵՒ ԶՅԱՂԹՈՂ ԶԾՆՈՒՆԴՆ ՍՈՒՐԲ ՕՐՀՆԵՄՔ
ԵՒ ՓԱՌԱՒՈՐԵՆՔ»
Ս. ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Եթե բոլորս ապրինք Քրիստոսի ծննդյան խաղաղաբեր պատգամին հնազանդության մեջ, ուրիշ չի կրնար ըլլալ մեր ճամփան, քան այն, որ կը տանի դեպի խաղաղություն, հաճություն…»:
ԳԱՐԵԳԻՆ Ա

«ՏԵՐՆ ԻՄ ՕԳՆԱԿԱՆՆ Է, ԵՎ ԵՍ ՉՊԻՏԻ ՎԱԽԵՆԱՄ»

Տեր Աստծո Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը եկեղեցական տոների սկիզբն է ու հիմքը: Հայոց Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Մկրտության տոնն անվանում է նաեւ Հայտնություն, քանզի քսան դար առաջ՝ հունվարի 6-ին, ծնվեց Փառքի Աստված Միածին Որդին եւ, երեսուն տարի անց, դարձյալ հունվարի 6-ին մկրտվեց Հորդանան գետում:

Բեթղեհեմի մսուրում ծնվեց Քրիստոս եւ այն դարձավ մարդկության օրհնության ակունքը, որտեղից փրկության աստվածապարգեւ շնորհն ու հույսը ծագեցին աշխարհի վրա: Փրկչի աշխարհ գալով սկսվեց ճանապարհն Աստծո հետ հաշտության, մեղքի պատճառով Նրանից հեռացած մարդկության դարձի եւ փրկության: Աստծո Որդին խոնարհվեց երկնային բարձունքներից, մարդացավ ու աշխարհ եկավ՝ բանսարկուի խաբեությամբ դրախտից վտարված մարդուն ազատելու մեղքից եւ մեղք սերմանող սատանայի իշխանությունից: Եկավ, պատվիրազանցությամբ Աստծո դեմ ելած, նախաստեղծ մարդու կորուսյալ սերունդներին վերստին երկնքի արքայություն վերադարձնելու եւ Աստծո որդեգիրներ դարձնելու:

«Ցույց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դեպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս» ¥Սաղմ. ՃԽԸ 8¤: Ի պատասխան մարդկության այս աղերսի, որ սաղմոսերգուի շուրթերով երկինք էր բարձրանում, հնչեց մեր Փրկչի ձայնը. «Ես եմ ճանապարհը, եւ ճշմարտությունը, եւ կեանքը» ¥Հովհ. ԺԴ 6¤: Մարդեղացյալ Աստվածորդին, Իր Փրկչական առաքելությամբ, շրջափոխեց պատմության ընթացքը՝ կոչելով մարդկանց կյանքը հաստատել սիրո եւ խաղաղության սկզբունքի վրա: Քրիստոս մարդկանց պարգեւում է այս աշխարհի մեծագույն բարիքը՝ Իր խաղաղությունը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովեն եւ չվախենաք» ¥Հովհ. ԺԴ 27¤: Արդարեւ՝ կյանքը կանգուն է Աստծո սիրով լեցուն հոգու խաղաղությամբ: «Փա՛ռք Քեզ, Աստված, փա՛ռք Քեզ, ամեն բանի համար փառք Քեզ»:

ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի ուրախ առիթով՝ հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, մատուցվեց Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ:

Սարկավագներն ընթերցեցին Դանիել մարգարեի թղթերը, ով, որպես կանխասաց, վկայեց ու ավետեց մեզ գալիքը:

Նախնյաց ավանդույթի համաձայն՝ խորհրդին հատուկ արարողակարգով, վառվեցին հայոց եկեղեցիների ջահերն ու կանթեղները՝ խորհրդանշելով մոգերին առաջնորդող Բեթղեհեմյան լուսաշող աստղը:

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագին մեծաթիվ հավատավոր գյումրեցիներ էին հավաքվել Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում՝ ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Քրիստոս Ծնաւ եւ յայտնեցաւ» բնաբանով քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

«ՓԱՌՔ ՀՐԱՇԱՓԱՌ ԾՆՆԴԵԱՆ ՔՈ, ՏԷՐ»

Հունվարի 6-ին հայոց աշխարհում, եկեղեցիների զանգերի ղողանջների հետ միաձույլ, ասես Աստված Ինքն էր իջնոմ ձեռակերտ տաճարներ՝ սեր, խաղաղություն ու հաճություն բերելով ամենքին: Ավելի քան երկու հազար տարիների հեռվից անընդմեջ հնչում են, մեր Եկեղեցու հայրերի կողմից հորինված, շարականի սքանչելի տողերը. «Խորհուրդ մեծ եւ սքանչելի, որ յայսմ աւուր յայտնեցաւ…», քանզի երկու «անգիտելի եւ այլազան բնությունները միավորվեցին՝ դառնալով մի»: Աստվածային բնությունը, սիրո ողջագուրումով, անխառն, անշփոթ ու անայլայլ, միացավ մարդկային բնությանը. Աստված մարդացավ:

Աստվածահայտնության Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Ս. Յոթվերքում օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Սրբազան արաողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը, որով կրկին հիշատակվում էր Բեթղեհեմյան անմար աստղից ճառագող սերը, ինչը հավատացյալ հայորդուն կոչում է ինքնաճանաչման:

Սուրբ Պատարագին ներկա էր Երուսաղեմի միաբան Տ. Արիս եպս. Շիրվանյանը:

ՋՐՕՐՀՆՅԱՑ ԿԱՐԳ

Հավարտ սրբազան արարողակարգի, հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդի, հոգեւորականաց թափորը, ինչպես նաեւ հավատացյալների հոծ բազմությունը Ս. Աստվածածին եկեղեցուց ուղղվեցին դեպի Վարդանանց հրապարակ, ուր, ի հիշատակ Քրիստոսի Հորդանանում մկրտության, կենաց ծառը խորհրդանշող մայր եղեւնու հարեւանությամբ բարձրացված բեմահարթակի վրա, կատարվեց Ջրօրհնեքի հանդիսավոր արարողակարգ՝ խաչքավորությամբ Հովհաննես Տոնոյանի:

Այս արարողության հաստատումը վերագրում են Քրիստոսի առաքյալներին ու հետեւորդներին՝ Եկեղեցու սրբակյաց հայրերին: Սակայն առաջին մեծագույն օրինակը, որ տրվեց մարդկությանը, հենց Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կողմից եղավ, որ Իր սուրբ մարմինն «ամփոփեաց զջուրն, այսինքն՝ հալեցոյց յԻնքն եւ զօրացոյց եւ սրբեաց զջուրն, զի նախ էր ջուրն սրբութիւն մարմնոյ, եղեւ սրբութիւն հոգւոյ» ¥Ս. Գրիգոր Տաթեւացի¤:

Ջրօհնյաց կարգի ընթացքում ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, աղոթքներ: Ապա վերաբերումի ձեւով, «Ով զարմանալի» հոգեզմայլ շարականի երգեցողությամբ, բերվեց մյուռոնաթափ աղավնին: Սրբազան Հայրը, «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգեցողությամբ, սրբալույս Մյուռոնը կաթեցրեց ջրով առլեցուն կաթսաների մեջ, ապա արդեն ջրում եղող խաչը, «Պահպանիչ» աղոթքի ընթացքում, հանեց եւ տվեց Խաչի օրվա կնքահորը: Սա խորհրդանշում է այն պահը, որ երբ մկրտությունից հետո Քրիստոս դուրս եկավ Հորդանանի ջրերից, այդ պահին երկինքը բացվեց, ու Հովհաննեսը տեսավ աղավնակերպ Ս. Հոգուն՝ Հիսուսի վրա իջնելիս, եւ լսեց Բարձրյալի ձայնը. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» ¥Մատթ. Գ 17¤:

Այսպիսով, ինչպես Հիսուս Քրիստոսի ծննդյան, այնպես էլ մկրտության ընթացքում տեղի ունեցան մեծագույն ու խորհրդավոր իրադարձություններ:

Սրբազան արարողակարգի վերջում օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հունվարի 7-ին եւս հնչեցին Գյումրու եկեղեցիների զանգերը՝ հավատացյալ հայորդիներին կանչելով հոգեհանգստյան Ս. Պատարագի: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները