Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության
մեջ:

   
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ.

Կրկին տարեմուտ է, եւ կրկին մեր հոգիները պարուրում է անսովոր մի զգացում՝ հինը ճանապարհելու եւ նորը նորոգ սրտով դիմավորելու ցանկությամբ:

Դիմավորում ենք փրկչական 2019 թվականը: Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով՝ նոր տարի է սկսվում: Ժամացույցի՝ ամանորն ազդարարող զարկերի հետ, մեր եկեղեցիներում աղոթք ենք առաքելու առ Աստված, որ գալիք տարին լինի երկնային օրհնությամբ ու շնորհներով լեցուն եւ աշխարհն ավելի մոտենա խաղաղության ու մարդկանց մեջ հաճության այն օրհնյալ օրվան, երբ երկրի վրա կթագավորեն եղբայրասիրությունը, բարօրությունն ու խնդությունը:

Բարի սպասումներով ենք դիմավորում Տիրոջ 2019 թվականը, քանզի այն տարբերվելու է նախորդներից նրանով, որ մեր ժողովուրդը սեփական կյանքը կերտող նոր պայմանների ու հնարավորությունների առջեւ է կանգնել՝ 2018 թվականը փակելով գեղեցիկ պատմությամբ, նոր նվաճումներով ու ձեռքբերումներով: Շուտով հնչելու են տարեմտի ղողանջները, իսկ ապա մեր հոգիները զորանալու են Ամենակարող Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով, հրեշտակների՝ «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» օրհներգությամբ:

Սիրելինե՛ր, ամեն նոր տարի յուրաքանչյուրս ընկալում է իբրեւ սկիզբ: Սկիզբը հույս է` նորը ստեղծելու, մեր մտածումները, ձգտումները մարմնավորելու, մեր կյանքի ընթացքը բարեփոխելու: Այսօր մեզ համար քաջալերություն են այն ձեռքբերումները, որ ունեցանք նախորդ տարի՝ հոգեւոր եւ ազգային մեր կյանքում: Տարեմտի սեմին աղոթք բարձրացնենք առ Աստված եւ հայցենք նոր հաջողություններ ու հաղթանակներ մեր ժողովրդին: Դիմավորենք Նոր տարին լավատեսությամբ, մեր հույսերն ու տեսիլքները իրագործելու հավատով: 2019 թվականը նշանակալի դարձնենք ազգային մեր կյանքում` ի սեր մեր օրհնյալ գալիքի: Թող Նոր տարին լինի փառքով լուսազարդ, բարիքներով առատ եւ բարի գործերով լեցուն մի ընթացք ամենքիս համար:

Թող Հայր Աստծո սերը, Քրիստոս մեր Տիրոջ շնորհն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը լինեն մեզ հետ այսօր եւ միշտ. ամեն: Շնորհավոր նոր տարի:

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի»:

ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները