Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ
ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՏՈՆԸ

«Ով անսկիզբ եւ ամենագութ Հայր, որ հայոց փրկությունն ի սկզբանե սահմանելով, Քո Միածին Որդու հետ մեզ ծանոթացրիր Սուրբ Առաքյալների միջոցով»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը: Տոնի առիթով Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ ուխտավոր հավատացյալներ, Ռիմա Բարինյանի եւ Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, ստանալով Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, ուխտավորաբար այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Առաքյալների տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, դեռեւս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՎԱՐԴԱՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Բերկրառատ տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների եւ արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ:

Եկեղեցական հանդիսավոր թափորը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Հին Վեհարանից Ս. Հովհաննես Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Ս. Գեղարդը: Սրբազան արարողության ընթացքում Տեր Հայրն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին` ի մասնավորի նշելով. «Առաքելական քարոզչությամբ Հայոց աշխարհում եւ հայ ժողովրդի մեջ դրվեց Աստծո արքայության թթխմորը, որը սքանչելապես խմորեց եւ բարձրացրեց հայոց ազգը բարոյական իդեալների գագաթը՝ դարձնելով Նոր Ուխտի ընտրյալ եւ հավիտենական ազգ:

Լուսավորիչ առաքյալները, իրենց կենարար ու փրկարար տեսիլքով, այնպես կերտեցին հայ ժողովրդին, որ, Աստծո արքայության թթխմորից առաջ եկած, լուսեղեն սերունդներն իրենց վարքով, մտքի ու ձեռքի արարումներով, կենսակերպով բյուրեղացրին մեր ինքնությունը...:

Ահա, այդ տեսիլքն է, որ երեկ, այսօր եւ ցկատարած աշխարհի, որպես առաքելություն, ծավալում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին. նահատակ, բայց միշտ հարուցյալ Եկեղեցին, հալածյալ, բայց ընդմիշտ հաղթական Եկեղեցին, կորցրած, բայց միշտ լիառատ Եկեղեցին: Ուստի, հայ իրականության մեջ չկա եւ չի կարող լինել այլ թթխմոր, այդ մեկն ու միակը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին է: Հայի եւ Հայաստանի ճշմարիտ լուսավորության, միասնության, զորության, շենության եւ անմահության այդ թթխմորն այլեւս երբեք ոչ ոք եւ ոչինչ չի կարող հեռացնել, զատել իր հարազատ զանգվածից»:

Ասողիկ քահանան նաեւ խոսեց Սուրբ Գեղարդի նշանակության մասին: «Աստվածամուխ Սուրբ Գեղարդը կենաց զեն է, որ առատ օրհնություն եւ բարօրություն է պարգեւում դեպի իրեն եկող անկեղծ, ազնիվ, հավատով վառյալ, հույսով թեւավորյալ ու սիրով լիացյալ անձերին: Հիրավի, այդ դեպքում հրաշք է լինում եւ գոհացում տրվում հոգու եւ մարմնի բոլոր կարիքներին: Բայց միեւնույն ժամանակ Սուրբ Գեղարդը բոցեղեն սուր է, որ խորտակում է ամենայն չարը՝ հոգեկան ու մարմնական, երեւելի ու աներեւույթ:

Մեր օրերում էլ ականատես եղանք այդ հրաշքին եւ խորտակմանը. Սուրբ Գեղարդի աստվածային զորությամբ Հայոց Եկեղեցին մնաց պայծառ, անխախտ յուր կարգի ու առաքելության մեջ, իսկ մերօրյա ամբարիշտ հակառակորդները խորտակվեցին բարոյապես ու հոգեպես: Այսպես է եղել անցյալում, այդպես է լինելու գալիք բոլոր ժամանակներում. երանի՜ նրանց, ովքեր կարող կլինեն այդ հասկանալ եւ ապրել», - ասաց պատարագիչ Տեր Հայրը:

ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ Ս. ԳԵՂԱՐԴԻՆ

Նորին Սրբությունը, օրհնելով ներկա ժողովրդին, հնարավորություն ընձեռեց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին ուխտավորաբար ժամանած, հավատացյալներին երկրպագել եւ համբուրել համաքրիստոնեական սրբությունը:

Գյումրեցի ուխտավորները երկյուղով համբուրեցին Ս. Գեղարդը՝ խնդրելով բժշկություն, աշխարհին խաղաղություն, հայոց հինավուրց ազգին սեր, մաքրություն, Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն անսասանություն, քանզի «Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն զրահանդերձն է փայլուն, ...եւ զանգակներն են բոմբիւն, եւ երգն է միշտ յաղթութիւն…» (Վահան Թեքեյան):

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին:

Ս. Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում մնաց մինչեւ Երեկոյան ժամերգության ավարտը:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Ս. ԳԱՅԱՆԵ
ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ Ս. ՆԱՐԵԿ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Ս. Գայանե եկեղեցին էր: Վանքի լուսե կամարների ներքո ուխտավորները մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Բարձրյալը: Այնուհետեւ, Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի եւ Տ. Ռուբեն վրդ. Զարգարյանի նախաձեռնությամբ ու ամերիկաբնակ Քնարիկ տատիկի բարերարությամբ, Հայորդյաց տանը կից գործող բարեգործական ճաշարանում կատարվեց մատաղօրհնության կարգ: Այստեղ ուխտավորները նստեցին սիրո ճաշի:

Վերջին կանգառը Արմավիրի Ս. Նարեկ մատուռն էր, այստեղ եւս ուխտավորները երգեցին շարականներ եւ աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով Սրբի բարեխոսությունը: Իսկ երեկոյան բռնեցին տունդարձի ճամփան:

Շնորհակալություն Մակի Փանոսյանին եւ վարորդ Արկադիկին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԱՐՈՒՍԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները