Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի:
Այսօր էլ նրա մէջ նիւթական
աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են
իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (223), նոյեմբեր 2018 թ.  


 

       

«ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԱՆԱՐԱՏ ԼՈՒՍՈՅՆ, ԶՔԵԶ ՄԵԾԱՑՈՒՑԱՆԵՄՔ»

«Պարտէզ ամրափակեալ, ծառ կենաց տնկոյն, Եւ մորենի վառեալ անկէզ ի հրոյն, Դու գաւազան ծաղկեալ Դաւթեան յարմատոյն, Մայր Էմմանուէլի ծնօղն բարձրելոյն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ բովանդակ քրիստոնյա աշխարհը Ս. Կույսին նկատում է որպես անմահություն պարգեւող կենսունակ ակնաղբյուր եւ նրան նվիրված յոթը տոն ունի, ի թիվս որոնց ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի Տաճարն, որ անփոփոխ տոնախմբվում է նոյեմբերի 21-ին:

Բարեպաշտ շատ հրեաների նման, Մարիամի ծնողները (Հովակիմն ու Աննան) եւս իրենց սիրասուն դստերը, հազիվ երեք տարեկան, ընծայեցին Աստծո Տաճարին, որպեսզի մեծանա խնկաբույր մթնոլորտում, Տիրոջ շնչի ներքո, Նրա օրհնության ու լույսի մեջ եւ, ըստ մարգարեական պատգամի, դառնա Մեսիայի մայրը: Այստեղ էին բնակվում Աստծուն ծառայության անցած կույսերը, ինչպես նաեւ այրիները, ովքեր ուխտել էին կյանքի վերջին օրերն անցկացնել տաճարում՝ պահելով իրենց մաքրությունը մինչ ի գերեզման: Սակայն Տաճարում եղողներից միայն Մարիամն արժանացավ գերագույն պատվին, աստվածային ընտրությանը, զի միայն մեկը պիտի ընտրվեր հազարավորներից՝ ամենաանբիծը, ամենասուրբը, որպեսզի ինքնընծայմամբ դառնար Տիրոջ երկնային ծրագրերի իրականացման միջոցը:

Աստվածընտիր Կույսը՝ Մարիամը, որ (նշանակում է «հույս» եւ «տիրուհի»), դարձավ մարդկության հրեշտակատիպ Աստվածամայրը, ըստ Գրիգոր Նարեկացու՝ «հրեշտակ ի մարդկանէ, մարմնատեսիլ քերովբէ»: Տիրամայրը պսակն է բոլոր սրբերի, մայրը եւ ծնողը բոլոր արդարների, Թագուհին հրեշտակների եւ մարդկանց: Նրա միջոցով կրկին տեսանելի եղավ Կենաց Ծառը տանող ճանապարհը: Նա միջնորդ հանդիսացավ, որպեսզի բացվեն դրախտի փակ դռները, եւ արդարները վարձատրվեն Տիրոջ կողմից: Նա է ամենամեծ բարեխոսը Միածին իր Որդու առջեւ՝ մեր մեղքերի քավության ու թողության համար:

Անարատ Կույսը գերազանցեց բոլոր սրբերին՝ առաքյալներին, մարգարեներին, ճգնավորներին, մարտիրոսներին ու կույսերին, քանզի նա բոլորից սիրված էր իր ողջախոհ ու աստվածահաճո վարքով եւ խոնարհությամբ, որ «գլուխն» է առաքինությունների: Շարակնոցում այսպես է գովերգում Տիրամայրը. «Զանապական կույսն Մարիամ Աստուածածին խոստովանի սուրբ Եկեղեցի, ուստի տուաւ հացն անմահութեան եւ բաժակ մեզ ուրախարար, տուք օրհնութիւնս նմա հոգեւոր երգով»:

Հետեւենք նրա օրինակին՝ մեզ Աստծուն ընծայելով, մեր սիրտն ու հոգին Նրան անկեղծորեն ու բոլորանվեր հանձնելով եւ խնդրենք բովանդակ քրիստոնյա աշխարհի անարատ ու աստվածընտիր Մորից՝ Ս. Աստվածածնից, որպեսզի բարեխոս լինի իր Միածին Որդու եւ մեր Փրկչի առջեւ՝ մեր հոգիների փրկության համար:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Նոյեմբերի 21-ին՝ «Ընծայումն Սբ. Աստվածածնի երից ամաց ի տաճարն» տոնի ուրախ առիթով, Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր, ուխտավորաբար Գյումրիում գտնվող, Դիլիջանի Ս. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Սուրբ Պատարագի ընթացքում ներկա հավատացյալները եւ Դիլիջանի Ս. Խաչ եկեղեցու ուխտավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները