Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի:
Այսօր էլ նրա մէջ նիւթական
աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են
իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (223), նոյեմբեր 2018 թ.  


 

       

Ստեղծագործում է ընթերցողը

ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ
ԿԱՄ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Մարդկա՛նց որդիներ, Արարիչն եմ ձեր,
Հե՛տ դաձեք տարտար տանող ճամփեքից,
Մի՛ ուրացեք Ինձ, որ Ինձնով փրկվեք
Ձեր հոգիների ավերումներից:
Դրախտ աշխարհը դժոխք մի՛ դարձրեք,
Մի՛ հեռացեք ձեր երկնային Հորից…
Թե դարձի չգաք, Ես կհեղեղեմ
Իմ արքայության այս ծերպը նորից:


Բարձյալ Աստծո այս խոսքերով էր սկսվում կիրակնոց կիրակի, իր երկու համագյուղացիների հետ, Գյումրու առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցի այցելող մի տաղանդաշատ երիտասարդի հղացած արտասովոր պիեսը, որ չափածո թատերգություն էր: Նա իր ստեղծագործության առանձին հատվածները թղթին էր տվել, մի ստվար մասն էլ` հրատարակել: Ի վերուստ մեղավոր մարդկանց հղած այս խոսքերն առ աշխարհ պիտի բարձրաձայնվեին Արարչի առաքյալներից մեկի բերանով: Թատերգությունը լինելու էր ծավալուն, ընդգրկուն եւ անվերջ շարունակելի: Հեղինակը ձգտում էր այն շարադրել, միջնադարում տարածում գտած, առաքելական (ապոստոլյան) միստերիաների նմանությամբ (գուցե նախախնամության կամքով էր, որ նրա անունն Առաքել էր):

Ս. Յոթվերքում մատուցվող կիրակնօրյա Ս. Պատարագներին ինքս էլ էի ներկա գտնվում: Ս. Պատարագի ավարտին, երբ եկեղեցու սրահը գրեթե դատարկվում էր, այնտեղ ընկերների եւ իրեն համակրողների հետ կեցած Առաքելը զրույցի էր բռնվում աստվածաշնչյան թեմաների եւ իր՝ մեծավ մասամբ անտիպ, երկասիրության շուրջ: Երիտասարդ հավատացյալների տաք-տաք խոսակցությունը լսելի էր դառնում ողջ եկեղեցում, քանի որ գրեթե դատարկ սրահում ձայներն արձագանքում էին` ռեզոնանսի ուժեղացմամբ պայմանավորված:

Թեեւ քիչ հեռվից, ես՝ մոմավաճառանոցի մոտ կանգնածս, հիացքով էի ունկնդրում երիտասարդ գրողին, հաղորդակցվում նրա լուսավառ խոկումներին: Ասես նրա հետ զրուցողներից մեկը լինեի: Ախր նրա աստվածանվեր եւ աստվածահմա սիլլոգիզմ-դատողությունները սրտիցս էին բխում: Այնուամենայնիվ չէի ուզում «պոչս խուզել» եւ խառնվել ջահելների ամենշաբաթյա խոսք ու զրուցին: Ինձ համար ակնառու էր Առաքելի` իրեն լսողներին հմայելու ունակությունը: Ուշագրավ էին «Առակաց գրքի», «Գործք առաքելոց»-ի, Առաքյալների (մասնավորապես՝ Պողոս Առաքյալի) թղթերից իր քաղած այն հատվածների մեկնությունները, որոնցում մարդկային զգացմունքների (սիրո, ընկերության, ամուսնության, հավատով մարդու համար կենսական այլ հատկությունների) արատավորում թույլ չտալու աստվածաշնչյան հորդորներ էին: Հորդորնր, որոնցից Առաքելն առաջնահերթ էր համարում մեր օրերի գնալով այլակերպվող մարդու ինքնաքննությամբ եւ խոստովանանքով մեղքերի քավության, դրանով իսկ` բարոյահոգեբանական վերածնության ձգտելը: Մարդու մեղավորության մասին աստվածակիր մտքերը նա համեմում էր Հովհաննես Առաքյալի մի հորդորը փոխանցելով իր զրուցակցին, այն է. «Եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք, ուստի պիտի մեր մեղքերը խոստովանենք»:

Շարունակելի
ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐԱԶՅԱՆ
ԲԱՆ. ԳԻՏ. ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները