Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի:
Այսօր էլ նրա մէջ նիւթական
աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են
իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (223), նոյեմբեր 2018 թ.  


 

       

«ԸՆԴ ՀՐԵՇՏԱԿԱՑՆ ՕՐՀՆԵՄՔ ԶՔԵԶ
ԵՒ ԸՆԴ ՍՐԲՈՑ ՔՈՑ, ՏԷՐ»

«Եւ ընդ սերովբէսն եւ ընդ քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս եւ համարձակապէս գոչելով աղաղակել ընդ նոսին եւ ասել՝ Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ Տէր զօրութեանց»:
ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՒՅՑ

այաստանյայց Եկեղեցու տոնակարգում լուսեղեն դասին՝ հրեշտակներին նվիրված տոնը նշվում է Խաչվերացի տոնին հաջորդող ութերորդ շաբաթ օրը: Ըստ Ս. Հովհան Որոտնեցու՝ «Հրեշտակներն են պարզ էություն՝ անձնիշխան կարողությամբ: Արագաշարժ են բարու մեջ, դժվարաշարժ կամ անշարժ՝ չարի»:

Հրեշտակ եբրայերեն նշանակում է պատգամավոր, դեսպան: Հրեշտակները, նախքան մարդկանց եւ մյուս էակների արարումը, ստեղծված իմանալի, այսինքն՝ հոգեւոր, աննյութական արարածներ են, սակայն կարողություն ունեն, սովորաբար մարդկային կերպարանք առնելով, տեսանելի դառնալ մարդկանց:

Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետների՝ ստեղծվել են արարչության առաջին օրը՝ մշտնջենավոր լույսի հետ միասին: Հրեշտակներն անմահ են, հրեղեն, լուսեղեն, այսինքն՝ աննյութական լույսից կազմված, թվով՝ բազմաբյուր՝ «հազարք հազարաց եւ բիւրք բիւրոց»: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «բնակվում են, մեր այս նյութական երկնքից տարբեր, հոգեւոր կամ լուսեղեն կոչվող երկնքում, սրանից տարբեր է իմանալի Երկինքը, Երրորդ երկինքը, ուր տեսնվում է Սուրբ Երրորդությունը»: Ս. Դիոնեսիոս Արիսպագացին հրեշտակներին բաժանում է ինը դասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումն ու մասնավոր պաշտոնը:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ

Ա դասն աթոռաց կարգն է, որին պատկանում են քերովբեներն ու սերովբեները: Բ դասին են պատկանում տերությունները, զորությունները, իշխանությունները, իսկ Գ դասին՝ պետությունները, հրեշտակապետերն ու հրեշտակները: Քերովբեները գիշեր-ցերեկ, «Սուրբ, սուրբ, սուրբ է ամենակալ Տեր Աստված, որ էր եւ է եւ գալու է» խոսքերով, օրհներգում են Աստծուն՝ սերովբեների հետ շրջապատելով Նրա Աթոռը ¥Հայտ. Ե 8¤: Իսկ սերովբեներն Աստծուն օրհներգում են՝ ասելով. «Սուրբ, սուրբ, սուրբ է զորությունների Տերը, ողջ երկիրը լի է Նրա փառքով» ¥Ես. Զ 3¤:

Այս օրհնությունը երգվում է Սուրբ Պատարագին եւ կոչվում է «Սրբասացություն»:

Գլխավոր հրեշտակների մասին ասվում է, որ նրանք ինն են՝ Գաբրիել, Միքայել, Ռափայել, Անայել, Ուրիել, Դակուել, Բարաքիել, Անդոնիել, Փանուել: Հիշենք, որ Գաբրիել հրեշտակապետը, հայտնվելով Դանիելին, մեկնեց վերջինի տեսիլքը ¥Դան. Ը 16, Թ 21¤, հայտվեց նաեւ Զաքարիա քահանային՝ Հովհաննես Մկրտչի հորը, եւ հայտնեց նրա որդու ծննդյան մասին, ապա հայտնվեց Մարիամ կույսին՝ ավետելով Փրկչի ծնունդը:

Միքայելը Տիրոջ փառքի ու նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչող զորքի հրամանատարն է ¥Հայտ. ԱԲ 7¤: Իսկ Ռափայելը վեր է հանում մարդկանց աղոթքները, «մտնում սուրբ եւ փառավոր Աստծո մոտ եւ մատուցում Նրան» ¥Տոբ. ԱԲ 15¤:

Հայոց պատմության մեջ մենք հրեշտակների մասին գեղեցիկ ավանդության ենք հանդիպում՝ կապված Ս. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապում անցկացրած տարիների հետ, երբ նրան այցելում էր իր պահապան հրեշտակը: Հենց հրեշտակի հավաստմամբ է նաեւ Տրդատ արքայի քույր Խոսրովիդուխտն իմանում, որ վիրապ նետված Գրիգորը ողջ է:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Սրբոց հրեշտակապետաց տոնը ոգեկոչեց նոյեմբերի 10-ին:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Նոյեմբերի 10-ին՝ Սրբոց Հրեշտակապետաց տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

Արարչագործության առաջին օրն ստեղծված լուսեղեն էակների հիշատակության օրը նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ձեռնադրության եւ անվանակոչության օրն է: Սրբազան Հայրը կուսակրոն քահանա է ձեռնադրվել երեսուն տարի առաջ՝ 1988 թվականին եւ, ի պատիվ ու ի հիշատակ Ադանայի ջարդերի ընթացքում նահատակված Տ. Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանի, վերանվանվել Միքայել:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները