Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

«ՈՉ ԵՆ ԲԱՆՔ ԵՒ ՈՉ ԵՆ ԽՕՍՔ, ՈՐՈՑ ՈՉ ԼՍԻՆ ՁԱՅՆՔ ՆՈՑԱ»
ՏՈՆ ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑՆ

«Ընդ ամենյան երկիր ել բարբառ նոցա, եւ միշտ ի ծագս աշխարհի են խօսք նոցա»:
ՇԱՐԱԿՆՈՑ


ուրբ Գիրքը, ըստ Հայաստանյայց Եկեղեցու ուղղափառ վարդապետության, Աստծո խոսքն է, Նրա ուղերձը մարդկությանը, որը, սակայն, գրի առան, Նրա իսկ կողմից ընտված, շուրջ քառասուն սրբազան մատենագիրներ, մարգարեներ, ավետարանիչներ եւ առաքյալներ: Աստված, կամենալով Իր սուրբ կամքը հայտնել մարդկությանը, ընտրեց առաքյալների, ովքեր եւ դարձան Նրա հայտնության վկաները, Նրա խոսքերի քարոզիչները: «Այս սրբազան հեղինակներից շատերը չափավոր կարողությունների տեր մարդիկ էին. եթե միայն իրենց սահմանափակ կարողություններին ապավինած լինեին, ոչ հստակորեն վերահասու կարող էին լինել իրենց գրած պատմություններին, ավանդած վարդապետություններին, հայտնած բարոյական տեսություններին, ոչ էլ մանավանդ այնքան հեղինակությամբ պիտի կարողանային փոխանցել դրանք ուրիշներին» (Մաղաքիա արք. Օրմանյան):

Աստվածային հայտնության այս ականատեսներն ու քարոզիչները գտնվում էին Սուրբ Հոգու անմիջական առաջնորդության ներգործության ներքո, որն աստվածաբանության մեջ ներշնչանք է կոչվում, որ ներգործում էր Ավետարանիչների մտքի վրա, թելադրում գրելիքը, բարձրացնում կատարելության ամենավերին աստիճանին, անշուշտ, զերծ պահում սխալներից:

Այսպիսով՝ կարող ենք ասել, որ մեզ հասած չորս Ավետարանները Հիսուսի կյանքի եւ վարդապետության հատվածներն են՝ շարադրված Ավետարանիչների կողմից: Ի դեպ՝ Եկեղեցու Ավանդության, հատկապես սրբանկարչության, քանդակագործության մեջ տարածված է չորս Ավետարանիչների սիմվոլիկ պատկերագրությունը՝ Մաթեոսը հրեշտակակերպ մադ, Մարկոսն առյուծ, Ղուկասը եզ, Հովհաննեսն արծիվ: Այս սիմվոլիկ ներկայացումը հիմնված է Եզեկիելի Ա 10 եւ Հովհաննու Հայտնության Դ 7 համարների վրա:

Ավետարանները պատմություն չեն, թեեւ պարունակում են պատմություն, կենսագրություն չեն, թեեւ ունեն կենսագրական մանրամասնություններ: Ամեն բանից առաջ եւ հիմնականում դրանք խոր իմաստ ունեցող որոշ գործերի եւ խոսքերի պատմություն են, քանզի Աստծո գործերն են մարդկային կյանքում, Ում մարդկանց մի խումբ ընդունեց որպես Տեր եւ Փրկիչ: Ավետարանիչներն իրենց Ավետարանները գրել են օգտագործելով գրավոր եւ բանավոր աղբյուրներ՝ անշուշտ Ս. Հոգու ներշնչմամբ եւ առաջնորդությամբ: Եթե որոշ դեպքերում տարբերվում են միմյանցից, ապա այն բխում է նրանց հետապնդած նպատակներից եւ ընթերցողների պահանջից: Ամբողջության մեջ Ավետարանիչների պատմությունները լրացնում են միմյանց:

Մարկոս Ավետարանիչը Բառնաբասի եղբոր որդին էր, բնիկ երուսաղեմցի: Համաձայն մի հին ավանդության՝ Մարկոսը եղել է Ալեքսանդիայի առաջին եպիսկոպոսը: Մատթեոսի Ավետարանը հանդիսանում է Հին ու Նոր Կտակարաններն իրար կապող կամուրջ: Նա Հիսուսի 12 առաքյալներից է եւ, նախքան Քրիստոսին հետեւելը, մաքսավոր էր: Երրորդ Ավետարանի հեղինակը Ղուկասն է, ով, ըստ Պողոսի վկայության (Կող. Դ 14), եղել է բժիշկ: Ծնվել է Անտիոքում եւ Հիսուսի 72 աշակերտներից մեկն էր: Որոշ եկեղեցական հայրեր եւ մեկնիչներ Ղուկասին նույնացնում են Էմմավուսի երկու ճամփորդներից մեկին (ԻԴ 13):

Հին եկեղեցական ավանդությունը Հովհաննեսի Ավետարանը կոչում է «ոգեկան», իսկ մյուս երեքը՝ մարմնական եւ սա այն պատճառով, որ չորրորդ Ավետարանն ավելի բարձր է եւ ոգեկան, քանզի Հիսուսի կյանքից վերացված դեպքերի պարզ շարադրություն չէ, այլ Քրիստոսին հավատացող Եկեղեցու ապրումի արտահայտություն եւ հավատքի վկայություն: Ըստ ավանդության՝ չորրորդ Ավետարանը գրվել է Եփեսոսում, Ա դարի վերջին: Իրինեոսն ասում է. «Ապա Հովհաննեսը, Տիրոջ աշակերտը, այն որ նրա կուրծքն ընկավ, գրեց Ավետարանը Ասիայի Եփեսոսում գտնված ժամանակ» (Եվս. Ե 8-4), իսկ Կղեմես Ալեքսանդրացին գրում է. «Հովհաննեսը տեսնելով, որ մարմնական բաները շարադրված են արդեն մյուս ավետարաններում, գրեց վերջում ոգեկան ավետարանը» (Եվս. Զ 14-7):

Հավելենք նաեւ, որ Հովհաննու Հայտնության գիրքը, հայերենի է թարգմանվել ԺԲ դարում՝ Ներսես Լամբրոնացու կողմից եւ աստիճանաբար ընդգրկվել Աստվածաշունչ մատյանների հայերեն թարգմանության մեջ: Եկեղեցական արարողակարգի ընթացքում, սակայն, Հայտնությունից ոչ մի ընթերցում չի կատարվում:

Սուրբ Ավետարանիչների հիշատակն այս տարի Հայոց Եկեղեցին տոնախմբեց հոկտեմբերի 20-ին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները