Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

ԲՅՈՐՆԻ ԹՈՌԸ ՏԱՏՈՒ ՊԱՏԳԱՄԻ ՀԵՏՔԵՐՈՎ

այաստանում ֆրանկոֆոնյան օրերի շրջանակներում, Նորվեգիայից ժամանած պատվիրակության հետ, Հայաստանում է ռեժիսոր Յուսսի Ֆլեմմինգ Բյորնը: Վերջինիս այցը Հայաստան առաջինը չէ, սակայն այս անգամ ավելի լուրջ ու նպատակային էր:

Հոկտեմբերի 14-ին Նորվեգիայի Կրագերո քաղաքի քառասունհինգ երգիչ ունեցող երկսեռ հոգեւոր երգչախումբը ելույթ ունեցավ Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում:

Մինչ համերգային ծրագրով ներկայանալը, Կրագերո քաղաքի պատվիրակությունը հանդիպեց Գյումրու համայնքի ղեկավարի հետ: Պատվիրակության անդամների թվում էր նաեւ, 1922 թվականին Ալեքսանդրապոլում որբանոց հիմնած, նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բյորնի թոռը՝ Յուսսի Բյորնը: Վերջինս ցանկացել է Գյումրիում գտնել այն որբանոց-հիվանդանոցը, ուր իր տատը խնամել է երեխաներին եւ հենց նույն վայրում էլ հիմնել նորվեգական կենտրոն: Սամվել Բալասանյանը հավանության է արժանացրել գաղափարը:

Հոգեւոր համերգին ներկա էր թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, պետական եւ տեղական կառավարման մարմինների եւ արվեստասեր ու հավատավոր հանրության ներկայացուցիչներ: Ներկաների թվում էր նաեւ Բոդիլ Բյորնի թոռը՝ Յուսսի Բյորնը, ով Գյումրիում որոնում է իր տատու հետքերը: Հասարակական գործիչ Հասմիկ Կիրակոսյանը ներկայացրեց Բոդիլ Բյորնի կյանքը՝ ընդհանուր դրվագներով եւ հայանպաստ այն մեծ գործունեությունը, որ կապված է նորվեգուհու անվան հետ:

Համերգին ելույթ ունեցավ նաեւ Գյումրու հայորդյաց տան երգչախումբը:

ԲՈԴԻԼ ԿԱՏԱՐԻՆԵ ԲՅՈՐՆ

Նորվեգացի երեսունչորսամյա Բոդիլ Կատարինե Բյորնը, ով մասնագիտությամբ բուժքույր էր, չէր պատկերացնում, որ ազնվական ընտանիքից հեռանալու է եւ 1905 թվականից նվիրվելու է միսիոներական մի գործի, որը ծառայելու է հայ ժողովրդին: Կանանց միսիոներական կազմակերպության կողմից ուղարկվելով Օսմանյան կայսրություն՝ աշխատում է որպես միսիոներ-բուժքույր Խարբերդ քաղաքում, ավելի ուշ՝ Մուշում: Այնտեղ նա ականատես է լինում 1915 թ. կոտորածներին, խնամում եւ մահից փրկում հարյուրավոր անօթեւան երեխաների ու կանանց:

1917 թվականին Բոդիլ Բյորնը Մուշից Նորվեգիա է վերադառնում Ռաֆայել անունով երկու տարեկան մի տղայի հետ, ում, իր խոսքով, որդեգրել էր: Մկրտությունից հետո տղային կոչում են ի պատիվ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի: «Արդյունքում այդ տղան հետագայում դառնալու էր իմ հայրը»,-նշում է Յուսսի Ֆլեմմինգ Բյորնը: Բյորնը վստահեցնում է՝ կիսով չափ հայ է. «Ես մեծացել եմ իմանալով, որ կիսով չափ հայ եմ, սակայն նաեւ նորվեգացի, մայրս էլ ֆինն է»:

Միսիոներուհին 1921 թվականին այցելել է նաեւ Ալեքսանդրապոլ, հիմնել որբանոց, զբաղվել որբախնամ գործունեությամբ: Ալեքսանդրապոլում միսիոներուհին նաեւ մարդկանց բժշկություն է սովորեցրել: Քանի որ արդեն խորհրդային կարգեր էին, եւ արգելվում էր կրոնական ամեն ինչ, իսկ որբանոցը գործում էր հավատքի հիմքով, թույլ չեն տալիս, որ մանկատունը երկար աշխատի, եւ Բյորնը ստիպված մեկնում է Հալեպ, ուր աշխատում է ինը տարի:

«Տատս ինձ շատ բան է հասցրել կենդանության օրոք պատմել ցեղասպանության մասին: Մինչեւ տասնհինգ տարեկանն ապրել եմ նրա հետ, այնպես որ լավ եմ հիշում նրան: Տատս շատ լավ կին էր, մահացել է 89 տարեկանում: Նա շատ է պատմել այն երեխաների մասին, հանուն որոնց մեկնել էր Մուշ, ապա Ալեքսանդրապոլ: Բոլորի մասին պատմել է, ասել, որ նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ու բնավորությունն ուներ: Ամեն ինչ նա գրի է առել իր օրագրում: Հաճախ ինձ համեմատում էր այդ երեխաների հետ՝ չարության պահին, կամ երբ ես ինձ լավ էի պահում: Բայց այս քաղաքում տատուս հիմնած մանկատան տեղը չգիտեմ»- ասում է միսիոներուհու թոռը՝ Յուսսի Բյորնը, Ռաֆայելի որդին, ով հայ որբերից մեկն էր:

«Ես ունեմ փաստաթղթեր, որոնք վկայում են մանկատան գոյության մասին: Գիտեմ նաեւ, որ մանկատունը ռուսական եկեղեցուն մոտ, Սլաբոդկա թաղամասում է: Մինչեւ չգտնեմ, չեմ գնա: Այդ հարցում ինձ օգնում է Գյումրու քաղաքապետարանը: Հուսով եմ, որ անպայման կգտնեմ եւ այդ շինությունը կվերածենք պատմական կառույցի կամ թանգարանի: Հայաստանի արխիվից կարողացել եմ գտնել մի քանի փաստաթուղթ, որոնք հուսով եմ կպարզեն այդ կառույցի ճակատագիրը»,- շարունակում է ասելիքը Յուսսի Բյորնը:

Նորվեգացի միսիոներուհու թոռը, արմատնելով հայ Յուսսին Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում: Հայաստանում արդեն տուն է գնել՝ իրականացնելով տատու պատգամը: «Հայաստանում զգում եմ ինչպես իմ տանը: Տատս միշտ ասում էր. «Ամեն ազգ իր հայրենիքում պետք է տուն ունենա: Ես այդ տունը գնեցի»,- իր ասելիքն այս խոսքերով եզրափակց նորվեգացին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահպանվում են նորվեգացի միսիոներուհու մասին վկայող փաստեր ու համապատասխան փաստաթղթեր:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները