Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅՈՐԴՈՒ ՀՈԳՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ոկտեմբերի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդանիստ բոլոր եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան արարողություն` աշխարhահռչակ հայորդի, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հոգու հանգստության համար: Հոգեհանգստյան կարգ կատարվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում` Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի եւ Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանի հանդիսապետությամբ:

Գյումրի քաղաքը եւ հայ ժողովուրդը մեծ ափսոսանքով ու ցավով էր սգում սիրելի հայրենակցի կորուստը, ով, հայրենիքից դուրս գտնվելով, երբեք չդադարեց հայ լինելուց:

ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՍԻՆ

Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Արմատներով էրզրումցի հայրը ծնվել էր Ախալցխայում, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր: Նա հայոց ցեղասպանության ականատեսներից էր: Հայրը երիտասարդ տարիքում մեկնում է Ստամբուլ` երգելու, ուր եւ ծանոթանում է Շառլի մոր հետ եւ ամուսնանում: Հետագայում` հայերի նկատմամբ թուրքերի կողմից հետապնդումներ սկսվելու ժամանակ, հայրը կարողանում է ընտանիքով տեղափոխվել Ֆրանսիա, քանի որ ռուսական անձնագիր ուներ: Այստեղ Էլ ծնվում է փոքրիկ Շառլը:

Հայրը Ֆրանսիայում երգում էր հայ եւ ռուս էմիգրանտների համար եւ այդ գումարներով հետագայում կարողանում է իր սեփական սրճարանը բացել: Պատանի Շառլն սկսում է երգել բարերում` իր ընկեր Պիեռ Ռոշի հետ: Սկզբնական շրջանում հաջողություն չի ունենում: Հանրությունը եւ բժիշկները նրան համոզում են, որ նման ձայնով երբեք հաջողության չի հասնի: Սակայն Էդիտ Պիաֆը կարողանում է ճիշտ գնահատել Ազնավուրի տաղանդը եւ նրա հանար ճանապարհ է բացում դեպի մեծ բեմահարթակներ: Ազնավուրը կարողանում է իր երգերով արտահայտել ժողովրդի սրտից բխող զգացմունքները եւ գրավում նրանց սրտերը: Նրան համարում են Ֆրանսիայի ձայնը: Շառլը դառնում է 20-րդ դարի լավագույն շանսոնյեն:

Երգիչն իր կյանքի շրջադարձային փոփոխություններից է համարում 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Նա հասկանում է, որ հայրենակիցներն իր կարիքն ունեն եւ մեկնում է աղետի էպիկենտրոն, հանդիպում ժողովրդի հետ: Կիսելով նրանց ցավը` մխիթարում է վշտահար ժողովրդին: Մեծանուն հայը համոզված էր, որ ամեն առավոտ իր հետ նոր հույս է բերում: «Հայրս միշտ ասում էր` վաղն Աստված կտա: Չգիտեմ արդյոք ես հավատացյալ եմ, թե ոչ, բայց միշտ վստահ եմ եղել, որ վաղվա համար Աստված հոգացել է»,- հիշատակում էր Ազնավուրը:

Երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Ազնավուրը հիմնում է բարեգործական ընկերություն՝ «Ազնավուրը Հայաստանի համար», որին մասնակից են դառնում շուրջ իննսուն ֆրանսիացի երգիչներ: Արտերկրում ապրող հայերը եւս միավորվում են նրա հետ` այդ ցավը կիսելու ակնկալիքով:

Ազնավուրն ակտիվորեն պայքարում էր ցեղասպանության ճանաչման համար: Պատմում էր, թե մայրը միշտ հակված էր այն տեսլականին, որ պետք է Թուրքիան համարձակություն ունենա ճանաչել կատարվածը, ներողություն խնդրել եւ հատուցել պապերի գործած մեծ հանցանքի համար: Միայն այդպիսով կվերանա երկու ժողովուրդների միջեւ ատելությունը եւ կսկսվեն նոր հարաբերություններ:

Ազգային հերոս Շահնուր Վաղինակ Ազնավուրյանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի համար: Սակայն այն լոկ ֆիզիկական բաժանում է, քանզի Ազնավուրի հիշատակը միշտ անմահ է յուրաքանչյուր հայորդու սրտում:

ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ Գ. ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները