Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

ՕԾՈՒՄ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ոկտեմբերի 2-ին, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, օծվեցին Արթիկի տարածաշրջանի Լմբատավանքի (Կարմիր վանք) VII դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցու զանգն ու սրբապատկերը՝ առ ի վայելումն Արթիկի եւ համայն հավատացյալների: Սրբապատկերի հեղինակը Տ. Լեւոն քահանա Հովհաննիսյանն է:

ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Լմբատավանքը գտնվում է Արթիկից երկու կիլոմետր հարավ-արեւմուտք եւ ունի շատ հին պատմություն: Ի ցավ մեզ՝ պատմիչներից ոչ մեկը հիշատակություն չի թողել վանքի մասին: Հայտնի չէ նաեւ, թե ով է եղել կառուցողը:

Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին, կառուցված մուգ մանուշակագույն տուֆաքարով, գտնվում է բարձունքի վրա եւ նման է Հայկաձորի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն:

Շքեղ գմբեթը եւս մանուշակագույն է, որի համար էլ տեղաբնակներն անվանել են նաեւ Կարմի վանք: Ենթադրվում է, որ այն կառուցել են Կամսարականները: Եկեղեցու հարավային պատին պահպանվել է մի ընդարձակ արձանագրություն, ուր նշվում է, որ Վահրամ Պահլավունի իշխանի որդի վանքի առաջնորդ Տեր Բարսեղը գնում է վանքն անօրեններից եւ նվիրում Ցիցք գյուղին: Լմբատավանքը, մինչեւ սելջուկների արշավանքը, եղել է Պահլավունի իշխանական տան սեփականությունը, որը ժառանգել են Շիրակի նախկին տեր Կամսարականներից:

Ըստ պատմական աղբյուրների՝ երբ Զաքարյանները սելջուկներից ազատագրում են Հայաստանի հյուսիսային գավառները, վրաց Թամար թագուհին Շիրակը նվիրում է Զաքարյաններին: Կա նաեւ մեկ ուրիշ արձանագրություն, ուր նշվում է, որ ամիրսպասավար Զաքարեն Ցիցքը՝ իր լեռներով, դաշտերով, նվիրում է Լմբատավանքին: Հետեւաբար՝ 13-րդ դարի սկզբին այն պատկանում էր ոչ թե Պահլավունիներին, այլ Հյուսիսային Հայաստանի նոր տերեր Զաքարյաններին: Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցու վերջին՝ 1251 թ. արձանագրության մեջ նշվում է, որ ոմն իշխան իր սեփական հնձանը վաճառում է Ս. Ստեփանոս եկեղեցու սպասավոր Խաչատուրին:

Հնագիտական ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել են եկեղեցու երեսապատման քարեր, քիվեր, լուսամուտների քանդակազարդ շրջանակներ, ինչպես նաեւ խաչքարերի քանդակազարդ բեկորներ, կավե գունազարդ ամաններ, մետաղյա գործիքներ, որոնք պատկանում են 7-13-րդ դարերին:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Ս. Ստեփանոս եկեղեցին անսյուն կառույց է, ունի գլանաձեւ թմբուկ եւ սրածայր վեղարով գմբեթ, որի վրա խաչն է: Լուսամուտները յոթն են. չորսը՝ գմբեթի թմբուկի եւ մեկական՝ արեւելյան, արեւմտյան ու հարավային պատերի մեջ։ Բոլորն էլ երկար ու նեղ են, կամարակապ ու քանդակազարդ պսակներով։ Գմբեթի թմբուկի լուսամուտների պսակների քանդակները գծավոր են, գլանաձեւ, արեւմտյան լուսամուտի պսակինը, կլոր, իսկ հարավային լուսամուտի պսակի քանդակները՝ բուսական ձեւի։

Կողերի պատերի ներսի երեսներին կից ձգվող գլանաձեւ կիսասյուները միանում են կամարներով: Արեւելյան ծայրերում կիսակլոր աբսիդն է, երկու խորաններով: Միակ դուռը հարավային կողմից է: Հյուսիսային խորանի մուտքի ճակատին ագուցված է քառակող կոթողի մի մեծ բեկոր, որի կողի վրա կա մարդու քանդակ, իսկ մյուսի վրա՝ խաղողի ողկուզաձեւ զարդաքանդակ՝ բնորոշ 5-7-րդ դդ.:

Սելջուկյան արշավանքներից ավերված եկեղեցին վերակառուցվել է 13-րդ դարասկզբին. վերականգնվել են գմբեթը, ճակատների երեսապատումը եւ տանիքի սալաքարերը: Եկեղեցու արեւելյան կողմում գտնվում է հին գերեզմանատունը, ուր որպես տապանաքար օգտագործվել են 13-րդ դարի քանդակազարդ խաչքարեր եւ այլ բեկորներ: Այժմ, աղոթատունը շրջապատված է քարե պարսպով:

Ի հավելումն նշենք, որ ներսի կողմից պատերի ծեփվածքի պահպանված մասերի վրա նկատելի են որմնանկարների մնացորդներ, որոնցից մեկը պատկերում է «Խորհրդավոր ընթրիք»-ը: Այն բնական մեծությամբ արտանկարված է եւ գտնվում է Երեւանի պետական պատկերասրահում:

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ

Սրբազան արարողակարգն սկսվեց Տերունական աղոթքով: Միքայել Սրբազանին արարողության ընթացքում օգնում էին Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Նարեկ վրդ. Ավագյանը Հառիճի Թրբանճյան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Ղեւոնդ աբղ. Սաղաթելյանը, Տ. Եղիշե քհն. Նազարյանը, Տ. Լեւոն քհն. Հովհաննիսյանը եւ վանքի վանահայր Տ. Վիգեն քհն. Ղազարյանը:

Համաձայն նախնյաց սրբազան արարողակարգի՝ նախ սովորական ջրով, ապա անապակ գինով լվացվեց զանգը: Այնուհետեւ Սուրբգրային ընթերցվածներով, սաղմոսասացությամբ ու շարականների երգեցողությամբ, հանդիսադիր Սրբազան Հոր ձեռամբ, սրբալույս Մյուռոնով օծվեցին զանգն ու սրբապատկերը:

Վերջում Միքայել Սրբազանը, շնորհավորելով ներկաներին ուրախառիթ օրվա կապակցությամբ, իր երախտիքի եւ օրհնանքի խոսքերերը հղեց ամենքին, նաեւ շնորհակալություն հայտնեց բարերարին, ով ցանկացել էր անհայտ մնալ՝ աստվածահաճ ու եկեղեցանվեր գործունեության համար:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները