Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄԻԼԱՆԻ
ՍՈՒՐԲ ՔԱՌԱՍՈՒՆ ՄԱՆԿԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին հայ համայնքի անդամներ, Միլանում եւ Իտալիայում գործող հայկական ազգային հաստատությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկ. Վիկտորիա Բաղդասարյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս տիար Պիետրո Քուչուկյանը, ինչպես նաեւ Միլանի էկումենիկ խորհրդի անդամներ:

Սրբազան արարողության ընթացքում Նորին Սրբությունն Իտալիայի հայությանը փոխանցեց հայրապետական իր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ուրախություն հայտնելով հիշարժան այս առիթով վերստին հանդիպման եւ միասնական հոգեպարար աղոթքի հնարավորության համար:

«Քրիստոնեական մեր կյանքում, սիրելիներ, մեծ խանդավառություն է եկեղեցու կառուցման հիշատակումը, քանզի եկեղեցու սուրբ ավազանից ծնվածներիս համար չկա նվիրական այլ վայր, քան եկեղեցին: Տիրոջ սուրբ տաճարում երկնառաք բարիքներով լիանում են հավատացյալների հոգիները, լցվում մխիթարությամբ, առատանում Սուրբ Հոգու շնորհներով: Եկեղեցու կամարների ներքո մեր հոգիներում սերմանվում են հույսն ու սերը, զորանում հավատքը եւ լույս տալիս մեր մտքի եւ հոգու տեսողությանը, որպեսզի եկեղեցիացած՝ մեր քայլերը հաստատուն պահենք Տիրոջ շավիղներում եւ արժանի դառնանք Քրիստոսի պարգեւած փրկության շնորհին՝ երկնային արքայության երանությանը:

Այս մեծագույն իղձով, որ նպատակն է քրիստոնեական կյանքի, մեր ժողովրդի զավակները որտեղ եւ ապրեցին՝ կառուցեցին իրենց եկեղեցիները, որ ապրեն աստվածային սրբության ու օրհնության մեջ եւ անխախտ հավատարմությամբ՝ առաքելահաստատ մեր Եկեղեցուն ու աստվածակառույց Սուրբ Էջմիածնին: Հավատքի եւ եկեղեցասիրության այս վկայությունը վառ կերպով բերում եք նաեւ դուք, սիրելիներ, Իտալիայում ապրող հայորդիներդ: Ձեր բարեպաշտությունը, հավատարմությունը քրիստոնեական մեր ինքնությանն ու արժեքներին, հիմքն են այս օրհնյալ երկրում ձեր հանդեպ հարգանքի ու վստահության եւ ձեր հաջողությունների, որովհետեւ Աստված բարիք է պարգեւում խոնարհ սրտով եւ մաքուր հոգով Իր շնորհները ընդունողներին:

Իտալիայում ապրող հայերիդ միջոցով ամրանում են քրիստոնյա մեր երկու ժողովուրդների եղբայրական կապերը, եւ այսօր նաեւ՝ բազմակողմանի դարձող համագործակցությունը Իտալիայի եւ Հայաստանի միջեւ», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամում:

Վեհափառ Հայրապետը նաեւ խոսեց յուրաքանչյուր հայորդու կողմից Հայրենիքի հանդեպ պարտքի մասին: «Մեր ժողովուրդն այսօր Հայաստանում վերափոխումների նոր հույսերով է լցված եւ հավատում է հայրենի երկրի զարգացման նոր ընթացքներին ու բարի ապագային, որը պիտի կերտենք առ մեր Տերն ապավինությամբ, միասնաբար ու միմյանց աջակցելով: Մեր նվիրումով ու ընդհանուր ջանքերով մեր հայրենիքը պիտի դարձնենք ազգային կյանքի եւ ազգային իղձերի ամուր պատվարը: Հայրենիքը մեր ժողովրդի կենսագրությունն է, պատմությունը, մեր սրբություններն ու արժեքներն են, քրիստոնեական նկարագիրը: Այս ճանաչողությունն ու հավատքի ոգին է, որ պիտի փոխանցենք մեր զավակներին: Նրանց համար նույնպես հասկանալի պիտի լինի, թե ինչո՞ւ իրենց նախնիները, մեծ փորձությունների մեջ անգամ, աշխարհե-աշխարհ սփռվելով անգամ, չեն դադարել դպրոց ու եկեղեցի կառուցել, չեն ուրացել հավատքն ու հայրենին:

Քրիստոսով ենք ճանաչում թե ինչ են սերը, հավատարմությունը, նվիրվածությունը, զոհողությունը, թե ինչ են իրական ազատությունն ու արդարությունը, որ դիմադարձում են չարիքներին: Մեր զավակներին պիտի կրթենք առ Քրիստոս սիրով, որպեսզի կարող լինեն դիմադարձել մեր ժամանակների փորձություններին, մոլար գայթակղություններին եւ բարի հավատքով կարողանան ստեղծել իրենց կյանքի երջանկությունը, որպեսզի ապրեն ու գործեն եկեղեցասիրությամբ, ազգային կյանքի, Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկրի հանդեպ պատասխանատվությամբ»,- ընդգծեց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետն աղոթքով հիշեց Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու հիմնադիրներ Հովհաննես եւ Սարգիս Դիարբեքիրյաններին: Տոնի առիթով Նորին Սրբությունը շնորհավորեց եւ իր գնահատանքը բերեց համայնքի բարերար հայորդիներին, նվիրյալ վարչականներին, տասնամյակների ընթացքում պաշտոնավարած Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակներին եւ եկեղեցու հոգեւոր բարեջան հովիվներին` հաստատելով, որ նրանց բարի հավատքով ու գործերով, միասնական հանձնառությամբ է շեն ու պայծառ Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին եւ արդյունավոր համայնքի հոգեւոր-եկեղեցական կյանքը:

Հայոց Հայրապետը նաեւ իր գնահատանքն ու օրհնությունը հղեց համայնքի բոլոր անդամներին` հորդորելով, որ իրենց զավակներին ուսուցանեն լինել աշակերտներ Սուրբ Ավետարանի, աշակերտներ մեր Տիրոջ առաքյալների ու մեր սուրբ հայրերի, ովքեր վկայեցին հավատարմությունը Քրիստոսին եւ իրենց կյանքը նվիրեցին վասն հավատո եւ վասն հայրենյաց:

Պատգամի ավարտին Նորին Սրբությունը հայցեց, որ Տերն ամենուր հայ ժողովրդին պահպանի արի հավատքով, շեն պահի հայոց եկեղեցիները ու պայծառ՝ քրիստոնեական ոգին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Երկնավոր Հայրը, որպեսզի Իր օրհնության ներքո մեր ժողովրդին պահի անփորձ ու անվտանգ, մեկ ու միասնական՝ իր Սուրբ Եկեղեցով, իր Սուրբ Էջմիածնով եւ նվիրական իր հայրենիքով:

Միլանի եկեղեցու կառուցման 60-ամյակի առիթով Վեհափառ Հայրապետը տաճարին ընծայեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկեր:

Հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ Աջհամբույրի արարողություն, որի ընթացքում պատարագին մասնակից բոլոր հավատացյալները հնարավորություն ունեցան ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:

Նույն օրը երեկոյան, ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի եւ նրա շքախմբի, Միլանի Հայ տանը տեղի ունեցավ ընդունելություն, որին հրավիրված էր մասնակցելու ողջ համայնքը: Ընթերցվեց, Իտալիա այցի կապակցությամբ, Նորին Սրբությանն ուղղված Միլանի նահանգի Լոմբարդիայի շրջանային խորհրդի նախագահի ողջույնի խոսքը: Ընդունելության ընթացքում ներկաներին վերստին իր օրհնությունն ու պատգամը հղեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները