Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (221), սեպտեմբեր 2018 թ.  


 

       

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԻՄՆԱՔԱՐ

«21-րդ դարում մեծահասակների կրթության մանիֆեստը» հռչակում է ուսման ուժն ու ուրախությունը՝ առաջարկելով «ստեղծել «սովորող Եվրոպա», որն ունակ է հաջողությամբ հաղթահարել ապագայի մարտահրավերները՝ օգտագործելով բոլոր անհրաժեշտ հմտությունները, գիտելիքները եւ կարողությունները»: Մեծահասակների կրթությունը, որ ենթադրում է շարունակական գործընթաց մարդու ողջ կյանքում, արդի ժամանակաշրջանում կարեւոր ու անփոխարինելի է համարվում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող եւ թույլ զարգացած երկրներում:

1970-ականներից սկսած՝ միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի, մասնավորապես UNESCO-ի գլխավորությամբ, սկսեցին լրջագույն քայլեր ձեռնարկել՝ ուղղված հասարակության կրթական գործընթացների ու հատկապես ցկյանս ուսումնառության նկատմամբ պետությունների ուշադրության եւ հոգածության մակարդակի բարձրացմանը՝ կրթությունը հռչակելով ոչ թե արդյունք, այլ շարունակական գործընթաց մարդու ողջ գիտակցական կյանքում: Մեծահասակների կրթության, որպես գիտության առանձին ճյուղի, անդրագոգիկայի հիմնադիր-տեսաբաններից Մ. Նոուլզը այժմեական կարեւորագույն խնդիր է համարում «կոմպետենտ, այսինքն՝ այնպիսի մարդկանց «արտադրությունը», ովքեր կկարողանան իրենց գիտելիքները կիրառել փոփոխվող իրավիճակներում, եւ ունակ կլինեն ողջ կյանքի ընթացքում ներգրավվել մշտական ինքնուսուցման գործընթացում»:

Մեծահասակների կրթությունը դիտվում է որպես կայուն զարգացման կարեւորագույն խթան՝ աղքատության ու սովի հաղթահարման, էկոլոգիական ճգնաժամերի կառավարման, գրագետ սպառման եւ կայուն զարգացման համատեքստում ընդգրկված այլ դիտանկյուններից:

Ցկյանս ուսումնառությունը գիտելիքահենք հասարակություն կառուցելու հիմնական գործիքն է, իսկ այդպիսի հասարակության յուրաքանչյուր անդամ հանդես կգա երկու հիմնական եւ դեպի զարգացում տանող առաքելություններով՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում եւ մրցունակություն աշխատաշուկայում: Այսպիսով՝ մեծահասակների կրթությունը դադարում է լինել զուտ տնտեսական զարգացման խթան՝ նպաստելով աշխատաշուկայում մրցունակ լինելուն. այն ձեռք է բերում մեկ այլ՝ սոցիալ-մշակութային առավել կարեւոր եւ հեռանկարային նշանակություն:

Մեծահասակների կրթությունը մեր հասարակության մեջ առավելապես ասոցացվում է կրթության ոչ ֆորմալ ձեւերի հետ, սակայն չպետք է մոռանալ, որ «մեծահասակ» եզրույթն ունի բնորոշման մի քանի՝ հոգեբանական, ֆիզիոլոգիական, սոցիալական եւ մանկավարժական ասպեկտներ: Ուստի մեծահասակների կրթությունն իր մեջ ներառում է նաեւ ֆորմալ կրթության զգալի հատված: Կարեւոր է նաեւ չմոռանալ Բոլոնիայի կրթական գործընթացին մեր երկրի մասնակցությունը, որից հետեւում է, որ ֆորմալ կրթության կարեւորագույն օղակի՝ դպրոցի ավագ դասարանները եւս կարող են դիտարկվել մեծահասակների կրթության ձեւաչափով: Ցավոք թե՛ ավագ դպրոցում, թե՛ միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի կազմման եւ մեթոդների ընտրության հարցերում հաշվի չեն առնվում մեծահասակների կրթության սկզբունքները, առանձնահատկությունները եւ այն կարեւոր տարբերությունները, որոնք առկա են մանկավարժության եւ անդրագոգիկայի միջեւ:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները