Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (221), սեպտեմբեր 2018 թ.  


 

       

«ԽԱՉ ՔՈ ԵՂԻՑԻ ՄԵԶ ԱՊԱՒԷՆ, ՏԷՐ ՅԻՍՈՒՍ…»
ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

արին չորս անգամ Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Խաչի հիշատակը՝ որպես աշխարհի փրկության մեծագույն խորհրդանիշի: Ի տարբերություն կենարար Ս. Նշանին նվիրված մյուս երեք տոների՝ Վարագա Սուրբ Խաչն ազգային է:

ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ

Երբ Հռիփսիմյանց կույսերն անցնում են Վարագա լեռան մոտով, Սուրբ Հռիփսիմեն այդտեղ է ի պահ տալիս Քրիստոսի Խաչափայտի մասունքը, որ կրում էր իր պարանոցին: Վաղարշապատ մեկնելուց առաջ Սրբուհին Ս. Մասունքն ապահովության համար հանձնում է աղոթակից ճգնավորներին եւ խնդրում ամփոփել «Գալիլիա» կոչվող լեռների այն անձավներում, ուր համատեղ աղոթում էին: Երեք եւ կես դար կյանքը շարունակվում է նույն կերպ: Կույսերի բարի հիշատակն ապրում է նաեւ, Սբ. Կույսի ավանդը թաքցնող, Վարագա լեռների՝ արդեն անծանոթ անձավներում, ավանդ, որի նկատմամբ լցված անափ հավատքով, ճգնավորներն աղոթում են սերնդե-սերունդ:

Յոթերորդ դարի երկրորդ կեսն էր՝ 653 թվականը: Հայ ժողովուրդն զգալի տուժել էր պարսկա-բյուզանդական պատերազմներից: Արաբներն ամենուրեք նոր ավերածություններ էին սփռում եւ կրկին հորդում էր հայի արյունը: Համատարած այս տխուր վիճակում հույսի, հավատի, հոգեկան նոր ուժի ու զորության լույսն է ահա, որ հրաշքով ծագում է, հայոց աշխարհի Վանի շրջանում գտնվող, Վարագա լեռների վրա:

Ճգնավոր Թոդիկը, որ հավանաբար Գլակա վանքի վանահայրն էր, իր աշակերտ Հովելի հետ, աղոթում էր, որպեսզի Տերը նրան ցույց տա պահված մասունքի տեղը: Աղոթքների մեջ վերացած՝ նա հանկարծ մի ձայն է լսում, որին հետեւում է սեռակնաձեւ (քառաթեւ, բոցանիշ, փալյակնահրաշ) հրաշալի մի լուսավորություն, որ մութ գիշերին արեւում է լեռան կատարը, իսկ տասներկու լուսեղեն սյուները տարածվում են նրա շուրջը: Հեռավոր վայրերից եւս նկատվում է հրաշափառ լույսը: Տասներկու օր լույսի այս սյուները շրջապատում են լեռան գագաթը: Ի վերջո գտնվում է երկար փնտրված մասունքը:

1655 թվականին այն տարվում է Վան եւ զետեղվում Ս. Տիրամայր եկեղեցում, որը հետո վերանվանվում է Սբ. Նշան: Ներսես Գ Շինող Հայրապետը հոկտեմբերի մեջ սահմանում է Վարագա Խաչի տոնը եւ, տեսիլքով հոգեզմայլ, հորինում «Նշանաւ ամենայաղթ Խաչիւդ» հոյակապ շարականը՝ նվիրագործելով սրբազան երեւույթը: Հայոց Հայրապետը, ոչ միայն տնօրինում է խաչերեւույթի ամենամյա տոնախմբությունը, այլեւ միաժամանակ թելադրում մեկշաբաթյա պահեցողություն:

Հավելենք նաեւ, որ արդեն մեկ դար լքված ու ավերված է Վարագավանքը, շրջակայքը՝ ցեխի մեջ կորած: Թուրքերը վանքի բակում վերջին տարիներին մինարեթ էին կառուցել: Տեսնողներն ասում են, թե Վարագա սառնորակ աղբյուրի ջուրն էր, կարծես, միայն նույնը մնացել:

Վարագա նշանավոր վանքը մինչ այսօր չի դադարում նվիրական սրբավայր մնալ հայերիս համար: Քրիստոսի հետ կապված բոլոր առարկաները սուրբ ու նվիրական են մեզ՝ քրիստոնյաներիս համար, ունեն սրբող, բժշկող եւ պահպանող յուրահատուկ զորություն: Առավել քան նվիրական է Տերունական Սուրբ Խաչը՝ իբրեւ փրկության միջոց, «քանզի փրկությամբ մեղքի պատճառը վերացրեց, այն երկինքների երկինք եւ փառքի աթոռ դարձրեց եւ հավիտյան այնտեղ բնակվեց: Եվ մենք՝ երկրավորներս, սրա վրա, այսպիսի փրկության համար, մեր աղքատիկ խոսքով կցորդվելով մաքրագույն երջանիկ հոգիներին, մեր փրկության համար գովասանք հատուցենք այս փառավորյալ աստվածազոր սուրբ Նշանին» (Դավիթ Անհաղթ):

Սեպտեմբերի 30-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի ուրախ առիթով, Սբ. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տեր Շիրակ ավագ քհն. Առաքելյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց Տեր Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները