Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (221), սեպտեմբեր 2018 թ.  


 

       

«…ԵՒ ՆՇԱՆ ՅԱՂԹՈՒԹԵԱՆ ԵՏՈՒՐ ՄԵԶ, ՍՈՎԱՒ
ԶԿԵԱՆՍ ՄԵՐ ՊԱՀԵԱ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Յայնժամ մեք մի ամաչեսցուք յուսացեալքս ի Քեզ, այլ զօրութեամբ Քով մեծաւ բերկրեսցուք ընդ աջմէ Քումմէ որպես զորդիս լուսոյ եւ որդիս տուընջեան»:
ՇԱՐԱԿՆՈՑ

աչվերացը՝ Սուրբ Խաչի վերացման տոնը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար եւ Խաչին նվիրված չորս տոներից գլխավորն է ու ամենահինը, որովհետեւ Խաչը վեր բարձրացնելն ու փառավորելը վերագրվում է Տյառնեղբայր Հակոբոս Առաքյալին: Նա Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն էր եւ, Խաչն ի տես ժողովրդի բարձրացնելով, «Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք» օրհնությունն ու աղոթքն է ասել:

Ընդհանրական, ապա նաեւ Հայոց Եկեղեցում տոնը հաստատվել է չորրորդ դարում: Հիսուս Քրիստոս, սուրբ եւ անարատ մարմնով, միացավ խաչափայտին, վերափոխեց նրա Էությունը եւ մեզ վերադարձրեց որպես սրբագործության միջոց՝ ընդդեմ չարի ու մեղքի:

Եկեղեցու Հայրերը Խաչվերացի տոնը հաստատել են ի նշան Փրկչական Խաչի գերադարձի: Եռամեծ Վարդապետ Գրիգոր Տաթեւացին, խոսելով Խաչի խորհրդի մասին, գրում է. «Խաչով սատանային պարտավորեցրեց՝ ասելով. «Դու ես մարդկանց մեղքերի եւ մահվան պատճառը, ինչպես եւ Ինձ՝ անմեղիս, դու խաչելու տվեցիր»: Եվ, այսպիսով, թշնամացավ հակառակորդի հետ եւ Հոր առջեւ դատապարտեց սատանային մեքղերի մեջ, իսկ մարդկանց ետ դարձրեց արդարություն եւ կյանք», որովհետեւ Խաչը Քրիստոսի փառքն է ու քրիստոնյայի պարծանքը:

Հայ ժողովուրդը միշտ էլ հավատով ու պարծանքով է նայել Քրիստոսի Խաչին՝ դիտելով այն որպես զորության անսպառ աղբյուր: Մեր Հայրերը, պատմության ամենադաժան ու անհուսալի թվացող պահերին, ապավինել են Խաչի զարմանահրաշ զորությանը: Ով սրբությամբ եւ հավատարմորեն ընդունում է Խաչի խորհուրդն ու Խաչվերացի հրավերը, պարտավոր է Խաչի հարանորոգ խորհրդով նորոգվել, հոգեպես ներշնչվել, քանզի Խաչի միջոցով ու Խաչի խորհրդի միջից այսօր մեզ հետ է խոսում Աստված:

Սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը Հայաստանյայց Սուրբ ԵԿեղեցին տոնախմբում է Խաչվերացը, թեեւ մյուս Եկեղեցիներն այն հիշատակում են սեպտեմբերի 14-ին, քանի որ համաքրիստոնեական բնույթ ունի:

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՆՇԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին՝ աշնանային այդ գեղեցիկ օրը, տոնի ուրախ առիթով, կենդանացավ Սուրբ Նշան եկեղեցին, որպեսզի ի կատար ածի ուխտի եկած հավատացյալների նվիրական երազանքը, իղձն ու փափագը: Այս ամենի երեւելի դրսեւորումը եղավ մատուցված ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագը:

Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Յոթվերք, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում: Սուրբ Նշանում էին հավաքվել հավատավոր գյումրեցիներ՝ ներկա գտնվելու մատուցվելիք ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրը ոգեշունչ քարոզ խոսեց՝ մեկնելով օրվա խորհուրդը, մեկ անգամ եւս շեշտելով Խաչի նշանակությունը քրիստոնյայի կյանքում: Սուրբ Պատարագի ընթաքում, ուխտավորաբար Ս. Նշան եկեղեցում գտնվող, հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԹԱՓՈՐ ԽԱՉՎԵՐԱՑԻ «ԽԱՉԻ ՔՈ ՔՐԻՍՏՈՍ»

Տոնի կիրակի երեկոյան կատարվում է Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն եւ անդաստանի կարգ: Արարողությունն սկսվում է, ռեհանով ու ծաղիկներով զարդարված, Խաչը հանդիսավոր թափորով եկեղեցու բակ դուրս բերելով:

Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցուց հոգեւորականաց թափորը, շարականների երգեցողությամբ, դուրս բերեց հաղթական Ս. Նշանը եւ ուղեւորվեց կենտրոնական (Վարդանանց) հրապարակ, ուր եւ կատարվեց անդաստան: Զարդարված Խաչով թափորապետ Տեր Շիրակ ավագ քհն. Առաքելյանը, բարձրացնելով Խաչը, օրհնեց աշխարհի արեւելյան, արեւմտյան, հարավային եւ հյուսիսային կողմերը՝ բարեկարգություն ու խաղաղություն հայցելով Աստծուց եւ օրհնված վարդաջուր ցողելով թափորական ժողովրդի վրա:

Անդաստանից հետո, դարձյալ թափորով մտնելով եկեղեցի, երգեցին «Խաչի քո Քրիստոս երկիրպագանեմք» շարականը: Հավարտ երեկոյան ժամերգության ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին ներկա հավատացյալներին:

Ի ԴԵՊ

Սբ. Նշան եկեղեցում, հավարտ սրբազան արարողության, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, շնորհակալություն հայտնեց երգեհոնահար, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախկին մենակատար Նարինե Սիմոնյանին՝ եկեղեցուն երգեհոն նվիրելու համար: Հիշեցնենք, որ դեռեւս 1991 թվականին Փարիզ մեկնած Նարինեի համար սկսվում է չափազանց դժվար աշխատանքի եւ մեծ հաջողությունների մի ժամանակաշրջան, հընթացս որի երիտասարդ երաժշտագետը կատարելագործում ու բյուրեղացնում է իր վարպետությունը խոշորագույն երգեհոնահարներից մեկի՝ Մարտի Քլեր Ալենի դասարանում:

Թեեւ Նարինե Սիմոնյանը բնակվում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում, սակայն չի կորցրել կապը հայրենի քաղաքի հետ, ինչի վառ վկայությունն է Ս. Նշան եկեղեցուն երգեհոն նվիրելը, որով երգեհոնարարը հնչեցրեց Սուրբ Պարագը:

Սրբազան Հայրը նաեւ իր ցավակցությունը հայտնեց Ս. Նշան եկեղեցու երգչախմբի խմբավար վաղամեռիկ Էմմա Հովհաննիսյանի ընտանիքին:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Սեպտեմբերի 17-ին՝ երկուշաբթի օրը, Սուրբ Յոթվերքում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները