Աղօթելը
Աստուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդու միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կ’ազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 8 (220), օգոստոս 2018 թ.  


 

       

«ՔՐԻՍՏՈՍ ԵԿԵԱԼ Ի ՓՈԽՈՒՄՆ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻՆ
ԵՒ ՍՈՒՐԲ ԿՈՒՍԻՆ ՄԱՐԻԱՄՈՒ»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

«Կենդանի տապանակ կտակարանաց նորոյ ուխտիս, որով ելք յերկիր աւետեաց հորդեալ հոգւով ի քեզ տպաւորեալ Բանին, վասն որոյ ամենեքեան...»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ

Անզուգական շարականի աղոթք դարձած այս բառերով ենք դիմում Աստվածամորը, ում Եկեղեցին մի շարք տոներ է նվիրել՝ ադամորդիներիս ուսուցանելու, կրթելու եւ ճշմարիտ կենսակերպ մատնանշելու համար: Այդ տոների շարքում ուրույն շուք ու փայլ ունի Տիրամոր՝ երկինք վերափոխվելու հիշատակությունը, որն ամեն տարի մեծ ցնծությամբ նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը:

Մարիամ Աստվածածինը, որպես Քրիստոսին ծնող անձ, անշուշտ բոլորիս, բոլոր քրիստոնյաներիս մայրն է: Հովհաննես Ավետարանիչն ասում է. «Ամեն ինչ Նրանով եղավ, եւ առանց Նրա չեղավ ոչինչ, որ եղել է» ¥Հովհ. Ա 3¤: Ինչպես Քրիստոս Արարիչ է, օրհնյալ Աստված, հավիտենական Հոր Որդի, այնպես եւ Քրիստոս Աստծուն մարդեղեն ծնելու պատիվն ու շնորհն ստացած մայրն էլ, բնականաբար, բոլորիս մայրն է: Ուստի մայրության շնորհը կարող է նաեւ զորանալ որդու միջոցով:

Սուրբ Կույս Մարիամը Քրիստոսի մայրն էր, բայց, խաչի վրա անլուր չարչարանքների մեջ, Տերը պատվիրեց, որ նա Իր սիրելի աշակերտի՝ Հովհաննես Ավետարանչի մայրը դառնա. «Ահա քո որդին», նաեւ՝ «ահա քո մայրը»: Աստվածածնի պարագայում չկար երկրավոր հայր, որովհետեւ Աստված էր մարդացողը: Եղավ միայն երկրավոր մայր՝ առանց հոր, եւ սրանով մայրության պատիվը կրկնապատկվեց: Հետեւաբար՝ Աստված մայր պիտի ունենար, եւ այդ մայրը պիտի կոչվեր Աստվածածին. սա գերաշխարհիկ կոչում է:

Աստվածամայրը, Որդու պատգամին հնազանդ, շուրջ տասներեք տարի ապրեց Հովհաննես Աստվածաբան Առաքյալի խնամատարության ներքո եւ Որդու խոսքի համաձայն էլ վերափոխվեց երկինք՝ հրեշտակների դասի ուղեկցությամբ:

Վերափոխման այս հանդիսավոր ու խորախորհուրդ արարողությանը մասնակցում էին Փրկչի տասներկու Առաքյալները եւ «բազմութիւն աշակերտաց Նորայ կտակին»:

Զաքարիա Ա Ձագեցին «Աստվածածնի ննջման քարոզ»-ում գրում է. «Եվ այժմ մարմնով վերափոխվեց հավերժ կենդանիների Երկիր եւ դեպի դրախտի տենչալի Կենաց ծառը…: Եվ անմարմին սուրբ սերովբեն փակ է պահում Կենաց ծառի ճանապարհը, ուր այսօր վերափոխվեց Սուրբ Աստվածածինը՝ միշտ կենդանի մայրը, քանզի անմահության բաժակը ճաշակեց եւ միշտ բարեխոսում է աշխարհի համար»:

Հուղարկավորությանը բացակա Բարդուղիմեոս Առաքյալը, ով Սուրբ Հոգու տնօրինությամբ ուշացել էր, որպեսզի նրա միջոցով առաքյալներն իմանային Տիրամոր՝ մարմնով երկինք փոխադրվելու մասին: Ի մխիթարություն Բարդուղիմեոսի՝ նրան տալիս են Տիրամոր պատկերը, որը նա իր հետ բերում է հայոց աշխարհ:

«ԵՒ ԼՈՅՍ ԱՄՊԵՂԵՆ Ի ՎԵՐՈՒՍՏ ԽԱՉԱՆՄԱՆ ԿԱԹԵԱՑ Ի ՊԱՏԿԵՐՆ»
ՆԱԽԱՏՈՆԱԿ

Գյումրու Ս. Աստվածածին մայր եկեղեցում է գտնվում յոթնապատիկ խոցված Տիրամոր հրաշագործ պատկերը՝ 1852 թվականից: Ըստ ավանդության՝ այն նկարել է Թովմաս Առաքյալը:

Օգոստոսի 11-ին՝ հետկեսօրին, ժամերգությունից հետո, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվեց նախատոնակ: Հոգեւորականաց թափորը, Առաջնորդ Սրբազանի հանդիսապետությամբ, սուրբգրային ընթերցվածներով, շարականների հոգեթով երգեցողությամբ եւ սաղմոսասացությամբ, հանդիսավորաբար Ս. Աստվածածին եկեղեցուց դուրս բերեց Ս. Յոթվիրաց հրաշագործ պատկերը եւ ուղղվեց քաղաքի Վարդանանց ¥կենտրոնական¤ հրապարակ:

Այստեղ թափորապետ Սրբազան Հայրը, հավատացյալների խուռներամ բազմության ներկայությամբ, կատարեց անդաստան՝ Ս. Խաչով, Ս. Ավետարանով եւ Սուրբ Յոթվիրաց պատկերով օրհնելով երկրի չորս ծագերը:

Սրբազան արարողակարգին ներկա էին հավատացյալներ ոչ միայն Շիրակի մարզից, այլեւ Երեւանից ու Ջավախքից:

Գրիգոր Մարաշեցին սրբապատկերի համար ասում է. «Առաքեա՛ զշնորհս ամենակարօղ զօրութեանդ ի փայտեղեն անօթս այս, եւ արա՛ զսա յառողջութիւն հիւանդաց, ի հալածումն դիւաց, ի բժշկութիւն ամենայն վտանգելոց հոգւով եւ մարմնով»:

«ՈՎ ՄԱՅՐ ԼՈՒՍՈՅ ԵՒ ԱՌԱԳԱՍՏ ՍՐԲՈՒԹԵԱՆ…»
ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Սուրբ Աստվածածնի բարեխոսությանը կրկին դիմելու եւ մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա գտնվելու ակնկալությամբ էին, ինչպես հայաստանյայց բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Գյումրու Ս. Աստվածածնում, Վերափոխման տոնի առիթով ի մի եկել ուխտավոր հայորդիներ Հայաստան աշխարհի տարբեր շրջաններից, Ջավախքից ու սփյուռքից: Առաջնորդանիստ մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, դիմելով ներկա մեծաթիվ հավատավորներին, պատարագիչ Հայր Սուրբը հանգամանալից անդրադարձ կատարեց օրվա սուրբգրային ընթերցվածին ու տոնի նշանակությանը՝ կարեւորելով Աստվածամոր տեղը յուրաքանչյուր հայ քրիստոնյայի կյանքում:

Ի լրումն օրվա խորհրդի՝ մեծաթիվ հավատացյալներ ստացան Սուրբ Հաղորդություն:

«ԵՍ ԵՄ ՃՇՄԱՐԻՏ ՈՐԹԱՏՈՒՆԿԸ»
ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք, նախապատվությունը տվել է խաղողին: Աստվածածնի օրհնյալ Պտղով՝ Քրիստոսով, փրկությունն աշխարհ մտավ եւ աստվածային այդ փրկարար զորությամբ տրվող օրհնությունն է հայցվում բերք ու բարիք ստեղծողի ու ճաշակողի համար:

Սուրբ Պատարագից հետո, ձեռմաբ թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, Վարդանանց հրապարակում կատարվեց խաղողօրհնեքի ավանդական կարգը: Սուրբ Խաչով եւ Սուրբ Ավետարանով օրհնելով խաղողի ողկույզներով լի արկղերն ու ամանները՝ Սրբազան Հայրն առանձնակի շեշտեց. «Օրհնիր, Տե՛ր, այն որթատունկերն ու այգիները, որոնցից հայտնվեցին օրհնության այս ողկույզները եւ ընծայվեցին Սուրբ Եկեղեցուն: Բազմաբեր դարձրու դրանք, պտղաբերությամբ առատ ու բարեբեր: Անփորձանք պահիր պատուհասներից, որոնք ի վերուստ իջնում են մեր մեղքերի պատճառով՝ կարկտից, հողմերից եւ վնասակար միջատներից…»:

Վերջում հավատացյալ ժողովրդին բաժանվեց օրհնված պտուղը:

Արդ՝ նորոգ սրտով ու երկյուղածությամբ մեկ անգամ եւս հայցենք Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Օգոստոսի13-ին առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

ԼԻԼԻԹ ՇԱՀԲԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները