Աղօթելը
Աստուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդու միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կ’ազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին:

   
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 8 (220), օգոստոս 2018 թ.  


 

       

ՔԱՐՈԶ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Երկիրպագից ի տաճար սուրբ Քո, երկիւղիւ Քո»:
«Քո սուրբ տաճարում երկրպագենք Քո սուրբ երկյուղով»:

ավիթ սաղմոսերգուն Տիրոջը, Աստծուն ուղղված այս խոսքերով ասում է, որ Քո տաճարում Քո երկյուղով, այսինքն՝ Քո երկյուղը մեր սրտի մեջ ունենալով երկրպագենք: Այսօր Դավիթ սաղմոսերգու արքայից վերցնելով այս խոսքերը՝ դրանք ուղղում ենք իրենից սերած, մարդկության մեջ, մարդկության կողմից, մարդկության պատմության որոշակի ժամանակահատվածում հայտնված մեծագույն կնոջը՝ Աստվածամորը եւ այս սուրբ տաճարում, որ իր անունն է կրում եւ որ նվիրված է իրեն, Դավիթ սաղմոսերգուի խոսքերով, ասում ենք. «Քո սուրբ տաճարում, քո երկյուղով երկրպագենք քո Որդուն»:

Ամեն անգամ, երբ Վերափոխման այս սքանչելի տոնի առջեւ ենք կանգնում, հիշում ենք այն պատմությունը, երբ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, թույլ չտվեց, որ իր մոր սրբածնունդ մարմինն ապականություն տեսնի եւ, նրա ննջումից հետո, վերափոխեց երկինք: Դա վկայվեց Առաքյալների, Եկեղեցու Հայրերի կողմից եւ այսօր վկայվում է նաեւ մեր կողմից. հիրավի դա ճշմարտացի եւ իրական պատմություն է: Ամեն անգամ, երբ դարձյալ կանգնում ենք այս իրականությանը դեմ-հանդիման, փառք ու գոհություն ենք վերընծայում առ Աստված այն շնորհների համար, որ մեզ պարգեւեց առատապես ու առատաբուխ կերպով Իր մոր՝ Աստվածամոր, Աստվածածնի, Տիրամոր միջոցով ու շնորհիվ՝ ի մասնավորի մեր քաղաքի բնակիչներիս: Մեզ ընծայեց այս սքանչելի առիթը՝ ունենալ իրեն նվիրված գեղեցիկ եկեղեցի, ուր ամփոփված է Սուրբ Յոթվիրաց հրաշագործ պատկերը եւ ուխտատեղի է համայն հայ ժողովրդի համար:

Երբ գալիս է այս օրը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը, միշտ ցնծում ու բերկրում ենք՝ իմանալով, որ այս տարի նույնպես Աստվածածինը, բարեխոսությամբ իր Որդու, առատաբուխ շնորհներ պիտի իջեցնի մեզանից յուրաքանչյուրի վրա, եթե իրոք, Դավթի նման, ունենանք իր սուրբ տաճարում սուրբ երկյուղով Տիրոջը երկրպագելու իմաստությունն ու ըմբռնումը: Աստվածածին, Աստվածամայր, Տիրամայր. մարդկային ենթամտածողությամբ արտահայտվող խոսքեր են դրանք, որոնք չեն ամբողջացնում այն ողջ խորհուրդը, որ իր մեջ կրում է Մարիամ Աստվածածինը: Մարդու մտքի համար անհասանելի, տրամաբանության համար անըմբռնելի, այսօրվա մարդու համար էլ շատ հեռավոր ինչ-որ մի բան է թվում՝ ինչպե՞ս կարող է լինել կինն Աստվածածին, Աստծուն ծնող, Աստծուն սնող, Աստծուն մեծացնող ու նաեւ այդ իմաստով խաչի տակ կանգնող, Որդու մարմինը հողին հանձնող եւ երեք օր հետո Նրա հարությամբ ցնծացող: Ինչպե՞ս կարող էր մի կին ունենալ այս ամենը եւ ինչպես կարող էր մի կին իր մեջ, իր փխրուն էության մեջ ընդգրկել աստվածային այս ողջ շնորհն ու աստվածային խորհուրդը: Ուստի մեկ անգամ եւս խոնարհվենք Տիրոջ առջեւ եւ փառք վերընծայենք Նրան, որ մի փխրուն օրիորդի միջոցով մեզ պարգեւեց մարդկության Փրկչին: Եվ դա մեծագույն շնորհ էր՝ տրված ե՛ւ մարդկությանը, ե՛ւ կնոջն ի մասնավորի:

Գիտենք, որ ժամանակին Եվան անեծքի ու նզովքի արժանացավ՝ թույլ գտնվելով, օձից, չարից խաբվելով եւ, որպես այդպիսին, անեծք ժառանգեց: Բայց Աստված չթողեց կնոջն այդ անեծքին եւ նզովքին գերի, այլ դրան դեմհանդիման տվեց մեծագույն շնորհը, մեծագույն օրհնությունը՝ կանանց միջից ընտրելով նրան, ով դառնալու էր Իր Միածին Որդու մայրը:

Հետեւաբար՝ Աստվածածնի ծննդից, Աստվածածնի կյանքից եւ առավել եւս Աստվածամոր վերափոխումից հետո անիմաստ է խոսել Եվային ուղղված անեծքի մասին: Աստվածամայրը քանդեց Եվայի նզովքի կծիկը: Այլեւս կինը նույնքան ազատ է, Աստծու առջեւ նույնքան հավասար եւ հաճելի, որքան ցանկացած արդար տղամարդ: Ուստի երբ այս իմաստով եւ այս մոտեցումով ենք առնչվում Աստվածամոր կերպարին, տեսնում ենք, թե ինչ մեծագույն շնորհ եւ ինչ մեծագույն օրհնություն եղավ մարդկության համար այդ կնոջ ծնունդը: Ուրիշ որեւէ մեկին, ուրիշ որեւէ մի ժամանակ, որեւէ մի կրոնում կամ որեւէ մի կրոնից դուրս այդպիսի պատիվ, այդպիսի փառք չի ընծայվել երբեք, ինչպես ընծայվում է այն օրիորդին, ով, դեռեւս փոքր ու դեռատի, ընդունեց ավետիսը եւ, Աստծու առջեւ խոնարհվելով, ասաց. «Ահավասիկ կամ Քո աղախինը: Թող լինի այնպես, ինչպես Դու ես կամենում»: Եվ եղավ, ինչպես շարականագիրն է ասում, իր Որդու համար միեւնույն ժամանակ ե՛ւ մայր, ե՛ւ աղախին եւ ծառայեց Տիրոջը, Որդի, որ իր Տերն էր միեւնույն ժամանակ:

Եվ երբ վերլուծում ենք Աստվածամոր կերպարը, ապա տեսնում ենք, թե ինչ խոնարհություն, հեզություն, նվիրում է դրսեւորում իր Որդու առաքելության, անվան, ճակատագրի, հարության, փառավորության ճանապարհին: Ո՛չ Ավետարանը, ո՛չ էլ Ավետարանից հետո եղող գրականության որեւէ մեկ հատված մեզ դույզն իսկ չափով չեն տալիս այն առիթը մտածելու, թե Աստվածամայրը երբեւիցե հպարտացավ՝ Աստվածամայր լինելով: Հարությունից հետո իսկ, երբ Քրիստոս արդեն փառավորապես հարություն առավ եւ հետո փառավորապես համբարձվեց, ոչ մի տեղ, ոչ մի ժամանակ, ոչ մի արտահայտություն չենք գտնում այն մասին, թե Աստվածամայրը հպարտացավ եւ իր մեջ հպարտություն ծագեց՝ մտածելու համար, թե ինչպիսի մեծ պատիվ է ունեցել ինքը, որովհետեւ երբեք իրեն շնորհված պատիվն ինքն իր վաստակը չհամարեց, այլ համարեց շնորհ՝ տրված իրեն անարժանապես:

Շատ հաճախ մենք, երբ ինչ-որ մի օրհնության, շնորհի ենք արժանանում, ինչ-որ մի բարիք է մեզ շնորհում Աստված, հպարտանալու առիթը բաց չենք թողնում՝ ասելու համար, որ Աստված մեզ տվեց այսինչ բարիքը կամ շնորհը, որովհետեւ մենք լավն էինք, արդար էինք, մաքուր էինք, հավատացյալ էինք եւ այլն: Եթե այդպիսի մտածում իսկ մեր մեջ ծագում է, ուրեմն պետք է նայենք Աստվածամորը եւ սրբագրենք մեր սխալը՝ Աստվածամոր կերպարի համաձայն: Ցանկացած շնորհ, ցանկացած օրհնություն ընդունենք որպես մեզ արված պատիվ, այլ ոչ թե մեր վաստակը՝ մեզ արժանի մատուցված:

Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, այսօր մեկ անգամ եւս հռչակում ենք ի լուր աշխարհի, որ Աստվածամայրը ննջեց, սակայն նա, նրա մարմինն ապականություն չտեսավ, հողին չհանձնվեց, հող չդարձավ, այլ վերափոխվեց դեպի երկինք, որովհետեւ նույն իր Որդին, որ հարություն է տալիս մեռելներին, որ Ինքն իսկ է հարությունը եւ կյանքը, թույլ չտվեց, որ իր մոր սրբակենցաղ մարմինն ապականություն տեսնի եւ նրան տարավ երկինք: Օրհնյալ լինի Աստծո կամքը, փառք Նրան եւ Իր կամեցածին, որ մեզ շարունակում է շնորհել այս ուրախությունը վայելելու բերկրանքը: Եվ ամեն անգամ Աստվածամոր պատկերի առջեւ խոնարհվելով՝ հիշում ենք այն մեծ օրհնությունը, որ Աստված շնորհել է մեզ: Նամանավանդ կանանց համար Աստվածամայրը պիտի լինի եւ մնա ելակետային կերպար, որի հետ պիտի համեմատվեն, ում պիտի կամենան նմանվել եւ ում շնորհներն ու բարեխոսությունը պիտի հայցեն ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան: Իսկ տղամարդիկ իրենց մայրերի, քույրերի, կանանց մեջ պիտի ցանկանան փնտրել ու գտնել Աստվածամոր հատիկը, Աստվածամոր կերպարի առաքինությունները, Աստվածամոր մաքրությունը, հեզությունը, խոնարհությունը եւ մնացած բոլոր այն առաքինությունները, որոնցով առատապես օժտված է Սուրբ Կույսը:

Ուրեմն՝ այսօր Վերափոխման այս տոնը, Աստվածածնի այս սքանչելի տոնը մի տեսակ հաշտության առիթ է ընծայում մարդկության երկու հատվածներին, որ են տղամարդը եւ կինը, որոնք կարծես թե անհաշտ էին Ադամի եւ Եվայի հետ կատարվածից հետո: Աստվածամոր շնորհիվ եւ Աստվածամոր միջոցով հաստատվում է այն ներդաշնակությունը, որ Աստված ի սկզբանե տղամարդ եւ կին ստեղծեց: «Չկա խտիր ո՛չ տղամարդու եւ ո՛չ կնոջ միջեւ»,- ասում է Առաքյալը: Չկա ոչ մի խտրականություն կնոջ եւ տղամարդու միջեւ, որովհետեւ երկուսն էլ հավասար են ի Հիսուս Քրիստոս: Եթե մենք երկուսս էլ հավասար ենք ի Հիսուս Քրիստոս, ուրեմն երկուսս էլ հավասար ենք նաեւ Աստվածամոր առջեւ, երկուսս էլ հավասարապես կարող ենք հայցել Աստվածամոր բարեխոսությունը, Աստվածամոր օրհնությունը, Աստվածամոր օժանդակությունը: Եվ այսօր այդ պահն է:

Եկեք այսօր խմբովին, ազգովին իրոք Աստվածամոր բարեխոսությունը հայցենք մեր քաղաքի, մեր երկրի եւ համայն աշխարհի համար, որպեսզի սերը, համերաշխությունը, ներդաշնակությունն ու խաղաղությունը հավասարապես տարածվեն, արմատանան ու հաղթանակեն մեր այս տառապալից աշխարհում: Թող Աստվածամոր բարեխոսությունը միշտ եւ ընդմիշտ մեզ հետ լինի այժմ եւ հավիտյանս. ամեն:

ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
13 ՕԳՈՍՏՈՍԻ 2006

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները