Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՁՈՐԱՇԵՆՈՒՄ

ուլիսի 9-ին Աշոցքի տարածաշրջանի Ձորաշեն համայնքում, հանդիսապետությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, կատարվեց նոր կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը:

Ձորաշեն համայնքը, Տիրոջ ողորմածությամբ, հուլիսի 9-ին ամրագրեց իր երազանքների իրականացման հերթական առաջընթացը:

Ժամանելով Ձորաշեն` Միքայել Սրբազանը նախ բարեողջույնի խոսք ուղղեց ներկաներին, ապա բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում եկեղեցու հիմնարկեքը: Սրբազան Հայրն առանձնակի անդրադարձ կատարեց հիմքերում տեղադրվելիք վեմ քարերի նշանակությանը՝ շեշտելով, որ տասնվեց անտաշ քարերը խորհրդանշում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի տասներկու Առաքյալներին, երկու Ավետարանիչներին, Պողոս Առաքյալին եւ մեր հավատո հորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչին:

Թեմակալ Առաջնորդն իր հորդորն ուղղեց նաեւ քարերը վերցնող մկրտված հավատացյալներին` ի մասնավորի ասելով, որ հետայսու նրանք են եկեղեցու կառուցման ու պահպանման բարոյական ու նյութական պատասխանատուները: Իսկ թե ինչու անտաշ քարեր ընտրվեցին, Միքայել Սրբազանն ասաց, որ Տերը ժողովրդի միջից առաքյալներ ընտրեց կրթություն չունեցող, «չտաշված» մարդկանց:

Ներկաներին Սրբազան Հայրը նաեւ հիշեցրեց, որ, եկեղեցի ունենալու ցնծության հետ մեկտեղ, մեծանում է նրանց պարտականությունը եւս՝ քրիստոնեական կյանքով ապրելու, չմկրտվածներին մկրտելու, Սուրբ եւ անմահ Պատարագներին ներկա գտնվելու եւ եկեղեցու համար խնամք տանելու առումով:

Հանդիսավոր արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Այնուհետեւ, համապատասխան Սուրբգրային ընթերցվածներով, աղոթքներով եւ սաղմոսասացությամբ, տարածաշրջանի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը, նախ ջրով, ապա գինով, լվաց նոր կառուցվելիք եկեղեցու, արդեն փորված հիմքերի մեջ տեղադրելու համար նախատեսված, տասնվեց վեմ քարերը:

Որից հետո Սրբազան Հայրը սրբալույս Մյուռոնով օծեց լվացված քարերը` յուրաքանչյուրն իր անվան համապատասխան: Օծված քարերը տեղադրվեցին հիմքի մեջ եւ ծածկվեցին շաղախով:

Այնուհետեւ Առաջնորդ Սրբազանը, իր հայրական օրհնանքն ու բարեմաղթանքներն ուղղելով ներկա հավատացյալ ժողովրդին, վերջիններիս հորդորեց նույնպես մասնակից լինել եկեղեցու կառուցմանը, ինչպես նաեւ կարեւորեց եկեղեցու դերը համայնքի հոգեւոր կյանքում:

Ասելիքը շարունակելով՝ Միքայել Սրբազանը հորդորեց գյուղաբնակներին, որ երբ ավարտվի եկեղեցու կառուցվումը եւ Աստծո հովանավորությամբ օծվի, քահանայից պահանջեն` պարբերաբար այցելել իրենց նորակառույց աղոթատուն, Սուրբ Պատարագ մատուցել, երեխաներին մկրտել, զույգերին ամուսնացնել, քանզի գործող եկեղեցի ունենալու պարագային ոչ մի փոքրիկ անկնունք չի մնա, աղոթատունը միշտ մարդաշատ կլինի, երիտասարդ զույգերը պսակի խորհրդով կամրագրեն իրենց կապը, իսկ հանգուցյալին երկրավոր վերջին հանգրվան կուղեկցեն հոգեհանգստյան կարգով:

«Այդ կերպ եկեղեցին կդառնա լիարժեք գործող աղոթատուն, այլ ոչ թե պարզապես հուշարձան, որովհետեւ այն եկեղեցին, որի կամարների ներքո չեն կատարվում վերոնշյալ արարողակարգերը, վերածվում է հուշարձանի, իսկ մենք եկեղեցի ենք կառուցում` ոչ թե հուշարձան»,- նշեց Սրբազան Հայրը:

Հիմնարկեքի արարողակարգն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

Վերջում տեղի ունեցավ մատաղօրհնություն, ապա նաեւ հյուրասիրություն, որի ընթացքում Սրբազան Հայրը շնորհավորեց համայնքի բնակչությանը, բարերարներ Գուրգեն եւ Գարեգին Ստեփանյան եղբայրներին, մաղթեց ուժ, կարողություն` սկսածն օր առաջ ավարտին հասցնելու համար, իսկ ժողովրդին հորդորեց նեցուկ լենել եկեղեցու կառուցման ողջ գործընթացին:

Առաջնորդ Սրբազանն իր խոսքն ուղղեց նաեւ համայնքի հոգեւոր հովվին, դպրոցի տնօրենին ու համայնքի ղեկավարին՝ ասելով որ խիստ կարեւորում է երեքի գործառույթները, քանզի առաջինը խնամում եւ զորացնում է մարդկային հոգին, երկրորդը` կրթում եւ զարգացնում միտքը, իսկ երրորդը հոգ եւ խնամք է տանում մարմնի համար: Նշելով, որ եթե այս երեքը միացյալ ու ներդաշնակ լինեն, համայնքում ամեն բան կատարյալ կլինի:

Տեսնելով ժողովրդի ոգեւորությունը` աղոթքս եմ հղում առ Աստված, որպեսզի կառուցվելիք եկեղեցին շուտափույթ իր ավարտին հասնի եւ, որպես Քրիստոսի խորհրդանշական մարմին, իր շուրջը միավորի համայնքի բնակչությանը` նրանց սիրո եւ Տիրոջ հետ հարատեւ հաղորդության մեջ պահելով:

ԱՐՄԵՆ ՍՐԿ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները