«ՊԱՏԱՐԱԳ
ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ» ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ
ԵՎ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Սկիզբը` նախորդ համարներում
ավոք,
մեր պատմությունը շարունակաբար եղել է ճակատագրական պահերի հերթականություն`
ժամանակի առումով չնչին դադարներով: Հայրենասիրության ալիքի վրա
միշտ էլ ազգի սերուցքն իրեն դրել է հայրենիքի զոհասեղանին, իսկ պտուղներից
օգտվել է հիմնականում ազգի մրուրը: Այդ նույն պատճառով պարբերաբար
ազգը զրկվել է իր սերուցքից եւ մնացել մրուրի հույսին: Այդ է պատճառը
նաեւ, որ, պատմական նման իրավիճակից հետո, ազգը միշտ հայտնվել է
հոգեւոր ճգնաժամի մեջ, քանի որ սերուցքը վերացել է, եւ մնացել է
մրուրը: Միակ դրականն այստեղ այն է, որ զարմանահրաշ կերպով նույն
այդ մրուրից ձեւավորվել է նոր սերուցք:
Միմիայն այս իմաստով եւ այս տեսանկյունով կարելի է համաձայնել մեծ
Գյոթեի այն հաստատման հետ, ըստ որի «հայրենասիրությունը պատմության
կործանումն է»: Հայրենասիրության ցանկացած պոռթկում փորձում է փոխել
եւ հաճախ էլ փոխում է պատմության ենթադրվող ընթացքը, սակայն, ցավոք,
դրան հաջորդող թվացյալ երանական շրջանը խեղաթյուրվում եւ աղավաղվում
է` զանազան պատեհապաշտների ու սրիկաների կողմից հայրենասիրության
շահարկումով:
Այս հիվանդությունը կարծես թե շատ հեշտ է ախտորոշել, սակայն դժվար`
կանխարգելել: Եվ արդյունքում լինում է այնպես, որ ձեռք բերված հաղթանակների
արդյունքները «մսխվում են», եւ, հոգեւոր վերելքի փոխարեն, ազգը հայտնվում
է դաժան ու ստորացուցիչ դեպրեսիայի մեջ, մինչ դեռ անհրաժեշտ է հայրենասիրություն
դաստիարակել մանկուց, եւ դրա համար էլ օրինակներ տալ ամեն քայլափոխի:
Այս իմաստով թերեւս շատ բան անհրաժեշտ իսկ չէ, այլ պարզապես հստակ
գաղափարական դաստիարակության մարտավարություն է պետք:
Եթե փորձենք պատասխանել այն պարզունակ հարցին, թե արդյո՞ք հայրենասեր
ենք մենք, ցանկալի կլինի դրական պատասխան տալ, սակայն իրականությունն
առավել քան հեռու է այդ ցանկալիից: Հայրենասիրության եւ հայրենապաշտության
իսպառ բացակայության կարող ենք հանդիպել ամեն քայլափոխի: Ընդամենը
մեկ օրինակ բերենք: Ո՞ւր են մեր հայրենիքի եւ պետականության դրոշները,
քանի՞ հարյուր կիլոմետր պետք է անցնել՝ ինչ-որ մի շինության վրա
ծածանվող, հաճախ ծվեն-ծվեն եղած, գունաթափված եւ հարգանքի ոչ մի
զգացում չարթնացնող մի կտոր տեսնելու համար:
Միմիայն Թուրքիայի նախագահի գալուստը եղավ պատճառ, որ օդանավակայանից
մինչեւ նախագահական պալատ ընկած հատվածում մի քանի դրոշներ տեղադրվեն,
այն էլ կարծես ամաչելով: Բարձրացեք Ծիծեռնակաբերդ. այնտեղ ոչ մի
դրոշ չեք տեսնի. միայն թանգարանի շենքի մի անկյունում ամաչկոտ կերպով
իրեն ցույց է տալիս եռագույն դրոշն այնպես, կարծես պատահական կերպով
է այնտեղ հայտնվել:
Վերջերս մեր բարձրաստիճան եկեղեցականներից մեկն անհատական հանդիպման
ընթացքում երկրի ամենաբարձր ղեկավարության առջեւ դրել էր սույն հարցը
եւ պատասխան ստացել, թե` «դեռ դրա ժամանակը չէ»: Իսկ ինչի՞ ժամանակն
է դեռ. միայն աշխատավարձեր բարձրացնելու, գրասենյակները ժամանակի
վերջին ճիչով նորոգելու եւ պատեհ-անպատեհ առիթով ամենաթանկանոց ծառայողական
մեքենաներով նույնիսկ ամենաստորին պաշտոնյաներին ապահովելո՞ւ ժամանակն
է:
Շարունակելի
>>>
|
|