Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

ունիսի 1-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ուր, «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, հանդիպեց Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների եւ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ:

Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ, շնորհավորեց եւ իր օրհնությունը փոխանցեց նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ` մաղթելով Աստծո օգնականությունը: Ապա Վեհափառ Հայրապետը ՀՀ վարչապետին ներկայացրեց Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին եւ ներկա հոգեւորականներին, տեղեկություններ փոխանցեց ԳՀԽ գործունեության եւ ժողովի օրակարգում ընդգրկվող ազգային-եկեղեցական կյանքը հուզող զանազան խնդիրների մասին:

Գարեգին Բ Կաթողիկոսը ՀՀ վարչապետի հետ հանդիպումը պատշաճ առիթ նկատեց հոգեւոր դասի համար` ծանոթանալու ապագայի վերաբերյալ նրա տեսլականին եւ լուսաբանություններ ստանալու մեր ժողովրդին հուզող տարբեր խնդիրների վերաբերյալ: Անդրադառնալով վերջին շրջանի ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ դրանք հանգուցալուծվեցին խաղաղ գործընթացներով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնավորից, որպեսզի Տերը զորացնի հայ ժողովրդին` կերտելու խաղաղ եւ բարօր հայրենիք, ապրելու ստեղծագործ ու երջանիկ կյանքով: Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետին հաջողություններ մաղթեց իր պատասխանատու պաշտոնում:

Այնուհետեւ ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուրախություն հայտնելով հանդիպման հնարավորության համար: ՀՀ վարչապետը, խոսելով Հայաստանում սիրո եւ համերաշխության կարգախոսի ներքո տեղի ունեցած փոփոխությունների մասին, կարեւորեց ամենքի ջանքերի մեկտեղումը, որպեսզի ձեւավորված այդ մթնոլորտը լինի մշտական իրողություն Հայաստանի Հանրապետությունում եւ ընդհանրապես հայ ժողովրդի կյամքում: Պարոն Նիկոլ Փաշինյանը կարեւորեց ստեղծարար մթնոլորտի ձեւավորումը, որը նպաստելու է անվտանգության ու բարեկեցության մակարդակի բարձրացմանը եւ ազգային միասնության ամրապնդմանը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաեւ Հայոց Եկեղեցու կարեւոր առաքելությանն ու ազգային կյանքում անուրանալի դերակատարությանը, խոսեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների ու գործակցության մասին, այնուհետեւ ներկայացրեց Վրաստան կատարած իր պաշտոնական այցի արդյունքները, պատասխանեց նաեւ եկեղեցականների հարցերին, որոնք վերաբերում էին ներհայաստանյան կյանքի զարգացումներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայրենի պետության արտաքին քաղաքականությանն ու Սփյուռքին:

Ամփոփելով հանդիպումը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր բարեմաղթանքներն ուղղեց ՀՀ վարչապետին` ընդգծելով, որ անկախ պետականությունը Հայոց Եկեղեցու դարերով փայփայած երազն է եղել, եւ հայրենիքի զորացումը պիտի շարունակի մնալ Եկեղեցու մշտական առաքելությունը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները