Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ՎԱՂՎԱ ՀՈՒՅՍԸ ԼՈՒՅՍՆ Է ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ

«Աստված, ողորմիր մեզ եւ օրհնիր, ցույց տուր երեսդ եւ գթա մեզ, որպեսզի երկրի վրա ճանաչենք ճանապարհը Քո եւ բոլոր ազգերի մեջ փրկությունը Քո»:
ՍԱՂՄ. 66 2-3

ոլորիս կյանքում կան մնայուն արժեքներ, որոնք մեզ ուղեկցում են Աստծու կողմից նախանշված եւ մեր կողմից անցնելիք ամբողջ ճանապարհի ընթացքում: Այդ արժեքներից, թերեւս, ամենագլխավորը հոգեւոր գիտելիքն է՝ ճանաչողական ու զարգացնող: Այս ամենի ձեռք բերման կարեւոր օրրանը դպրոցն է, ուր իշխում են բարին ու գեղեցիկը, նորին մեծություն գիտելիքը, իսկ մարդկային հոգու արժանավորությունն ու բարոյական մաքրությունը Եկեղեցու գոյության նպատակն է. բարոյական մաքրություն ոչ սովորական հասկացողությամբ, այլ մաքրություն ներքին մարդու, մտքի, զգացման, կամքի: Կրթության եւ դաստիարակության ուղղությունից է կախված ժողովրդի կրոնական կյանքի կազմությունը:

Անշուշտ, մանկավարժությունն զբաղվում է դաստիարակությամբ եւ նայում է կրթվող մարդուն իբրեւ մի էակի, ով կատարելապես ենթարկվում է դաստիարակողին: Ուսուցչությունը պարզ աշխատանք չէ: Այն նվիրում է: Հետեւաբար՝ քրիստոնեական կրոն դասավանդող ուսուցիչները տակավին շատ անելիքներ ունեն մատաղ սերնդի բարոյական մաքրագործման ճանապարհին, քանզի, մանուկներին է խոստացված երկնքի առաջին ժառանգորդները լինելու շնորհը՝ նրանց անմիջականության, պարզության ու անմեղության համար: Մանուկներին է տրված նաեւ երկրի վրա առավել սիրված լինելու պատիվը: Նրանք մեր կյանքի հրաշալիքներն են, քնքուշ ծաղիկները, որ հանապազ հոգածության եւ սիրո կարիք ունեն: Հետեւաբար՝ հայոց վերածննդի խարիսխը քրիստոնեական վերակենդանությունն է, մեր դարավոր եւ սրբազան ժառանգության բարեփոխությունն ու բարեկարգությունը:

Մայիսի 13-ին Գյումրու թիվ 15 դպրոցում տիրում էր ջերմ մթնոլորտ: Դպրոց էին այցելել «Ներառման ինդեքս» ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը, Անահիտ Գեւորգյանը, Շիրակի մարզի կրթության բաժնի վարիչ Հրայր Կարապետյանը, Գյումրու կրթության բաժնի պատասխանատու Գեւորգ Ղումաշյանը, մարզպետարանի «Ընտանիքի, երեխաների եւ կանանց պաշտպանության» բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը, Լիլիա Համբարձումյանը, «Կարիտաս Ավստրիա» ծրագրի համակարգող Անի Մաղաքյանը, սոցիալական աշխատակիցներ Զառա Գրիգորյանը, Հայարփի Պողոսյանը եւ Սաբինեի ընտանիքն Ավստրիայից:

Ի հիշատակ վաղամեռիկ Սաբինեի՝ մանկավարժա-հոգեբանական աջակցության ծառայությունների կենտրոնը, Հայկական Կարիտասի համագործակցությամբ, դպրոցում բացեց, Սաբինեի անունը կրող, գեղեցիկ կահավորված դասասենյակ, ուր հիմնականում սովորելու են ներառական կրթության կարիք ունեցող երեխաները: Ներառական կրթությունը նպատակաուղղված է երեխայի անհատականության, տաղանդի եւ մտավոր ու ֆիզիկական ունակությունների լրիվ ներուժով զարգացմանը, որպես «ակտիվ քաղաքացիներ»՝ երեխաներին ու երիտասարդներին նախապատրաստելու գտնել իրենց տեղը:

Ցանկալի ու սպասված հյուրեին դպրոցի բակում դիմավորեցին տնօրեն Սեդա Համբարձումյանը, «Ներառական կրթություն» ծրագրի եւ «Ինդեքս» թիմի համակարգող Էմմա Դուրգարյանը, դաստիարակության գծով փոխտնօրեն Քնարիկ Ադամյանը եւ առաջնորդեցին նորաբաց դասասենյակ, ապա դպրոցի հանդիսությունների սրահ, ուր, ՀԵՊ ուսուցչուհի Վարսիկ Ալեքյանի նախաձեռնությամբ, երեխաները ներկայացրին «Համբարձում» խորագրով թատերական ներկայացումը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաները:

Բացման խոսքով հանդես եկավ տնօրենը, որից հետո, թեմային համահունչ ձեւավորված դահլիճում, բեմադրվեցին Համբարձմանը նվիրված դրվագներ: Սա կարելի է ասել ոչ թե հանդիսություն էր, այլ սաղմոս, աղոթք առ Աստված: Այն շատ ուսուցողական էր թե՛ հոգեւոր գիտելիքների մատուցման, թե՛ հայրենասիրության քարոզի առումով: Ներկաները բերկրանքի պահեր ապրեցին՝ երեխաների շուրթերից լսելով շարականներ ու աղոթքներ:

Վերջում հյուրերն իրենց սրտի խոսքն ուղղեցին դպրոցի տնօրինությանը, կազմակերպիչ ուսուցիչներին եւ միասնաբար աղոթեցին երկրի խաղաղության, ժողովրդի ամբողջականության, հավատքի անսասանության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության համար:

Երեխաները դահլիճը թողեցին վաղվա օրն ավելի լավ դարձնելու ոգեւորությամբ, հույսով ու հավատով լեցուն, իսկ ներկաները՝ այն հաստատ համոզմամբ, որ ստացած հոգեւոր բավարարվածությունը գնահատանք է առ Առաքելական Սբ. Եկեղեցին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԷԼԵՈՆՈՐԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները