Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

յումրու դրամատիկական թատրոնում ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումը հունիսի 8-ին դիտելու էին եկել ինչպես մշակութային հանրաճանաչ դեմքեր, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, նրանց որդին, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, գեներալներ Ֆելիքս Ցոլակյանը, Սեյրան Օհանյանը: Պատվավոր հյուրերի թվում էր նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

Այս անգամ եւս դահլիճում ո՛չ նստելու, ո՛չ էլ նույնիսկ կանգնելու տեղ կար: Թատրոնի աշխատակազմն ստիպված էր եղել աթոռներ ավելացնել, սակայն դա եւս, կարծես, փրկություն չէր: Աննա Հակոբյանի մուտքը դահլիճ ընդունվեց բուռն ծափողջույններով: Ներկայացումը հուզեց վարչապետի կնոջն ու մշակույթի նախարարին: Այն անհնար էր դիտել առանց արցունքների: Հանդիսատեսը, առանց տարիքային ու մասնագիտական խտրականության, արտասվում էր:

Աննա Հակոբյանը, որ լրագրողների հետ պայմանավորվեց զրուցել ներկայացումից հետո, ասաց. «Ես, ճիշտ է, խոստացա ընդմիջմանը կամ ներկայացման վերջում այդ թեմայով խոսել, բայց կներեք, այժմ արդեն չեմ կարող որեւէ խոսք ասել»: Հարցին, թե հուզվա՞ծ եք, նա պատասխանեց. «Ոչ թե հուզված եմ, այլ չեմ կարող ոչ մի բան ասել, եւ սա կարող եք համարել գնահատականն այդ ներկայացման»:

Լիլիթ Մակունցի աչքերը թաց էին: Նա ասաց. «Ցնցված եմ, շատ տպավորված եմ, հուզիչ էր, ամբողջ ընթացքում չկարողացա զսպել էմոցիաներս, արտասվել եմ, նույնիսկ մի քանի րոպե չէի կարողանում խոսել: Ու դա նորմալ է, որովհետեւ թե՛ խաղն էր տպավորիչ, թե՛ բովանդակությունը. վերապրեցինք նորից այդ չորս օրերը»: Նախարարն ասաց, որ առաջին անգամ էր Գյումրու թատրոնում եւ զարմացել էր դահլիճի լեցուն լինելուց:

Ներկայացման մեջ բարձրաձայնված էին նաեւ իշխանությունների բացթողումները, որոնց պատճառով ապրիլյան պատերազմում այդքան զոհեր ունեցանք: Խոսվում էր նաեւ օլիգարխների որդիների արտոնյալ լինելու, բանակում չծառայելու մասին:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ընդունեց այդ քննադատությունը թատրոնի բեմից, չէ՞ որ խոսքն իր նախարար եղած ժամանակաշրջանին էր վերաբերում, նա ասաց. «Երկար ժամանակ չեմ եղել այսպիսի ներկայացումների՝ որպես դիտորդ, բայց այսօր տեսնում եմ այն միասնությունը, որը գոյություն ունի: Ժողովուրդների պատմությունը կերտում են ուժով եւ մշակույթով: Եվ այսօր այս մշակույթի մեջ է ուժը, որը հավերժացնում է հերոսների սխրագործությունները, ինչպես նաեւ պարտավորեցնող է, որպեսզի ապագային մենք նայենք լիահույս եւ հավատով, թե կյանքը շարունակվում է: Իհարկե, յուրաքանչյուր այսպիսի միջոցառումից մենք հետեւություններ ենք անում»:

Հիշեցնենք, որ երկու գործողությամբ դրամայում փեսան՝ Արմենը եւ հարսանիքին մասնակցող մյուս երիտասարդները, հեռախոսազանգով պատահաբար լսելով պատերազմի գույժը, կիսատ են թողնում քեֆ-ուրախությունն ու շտապում ռազմաճակատ անշուշտ այն պայմանով, որ հետ են գալու եւ շարունակելու են հարսանիքը: Նրանցից ոչ բոլորն են ողջ մնում, սակայն փեսան, վերադառնալով ռազմաճակատից, ստիպում է հարազատներին պարել, շարունակել հարսանիքը, քանի որ այդպես էր ցանկացել իր զոհված ընկերը: Նա կյանքն էր տվել, որպեսզի իր ազգը բազմանա, հարատեւի:

Պիեսի հեղինակը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, ռեժիսորը՝ Լյուդվիգ Հարությունյանը, երաժշտության հեղինակը Հայկոն է, ով առաջին անգամ է ներկայացման համար երաժշտություն գրում: Բեմադրության նկարիչն է Գարեգին Եվանգուլյանը, իսկ հերոսներին մարմնավորում են Նառա Սանթոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Տիգրան Գաբոյանը: Նաեւ մեծ թվով երիտասարդ դերասաններ են խաղում՝ Տարոն Գրիգորյանը (փեսայի դերակատար), Ջեմմա Ադամյանը (հարսի դերակատար): Իրենց մարմնավորած կերպարներով աչքի են ընկնում նաեւ Գեւորգ Գրիգորյանն ու Արսեն Սաղաթելյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները