Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

«ԽԱՉ ՔՈ ԵՂԻՑԻ ՄԵԶ ԱՊԱՒԷՆ, ՏԷՐ ՅԻՍՈՒՍ…»
ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԵՐԵՎՄԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Առաջի պատուական ամենայաղթ խաչի քո անկանիմք երկրպագելով եւ խնդրեմք զթողութիւն յանցանաց մերոց. քանզի սովաւ բարձեր զդատապարտութիւն ազգի մարդկան»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ոնը հիշատակությունն է Երուսաղեմի երկնքում խաչանման լույսի երեւման: Խորհրդանշաններ կան, որոնք դարերի ընթացքում եւս ներառում են ընդարձակ ու համապարփակ գաղափարներ: Այդպիսին է Ս. Խաչը: Այն ոչ միայն Հիսուսի խաչելության գործիքն է, այլ նաեւ խորհրդանիշը քրիստոնեության, Քրիստոսի քարոզած բոլոր վսեմ սկզբունքների եւ աստվածային ճշմարտությունների: Աստվածորդին միացավ խաչափայտին՝ սրբագործելով այն եւ մեզ տալով «զէնն յաղթութեան» ընդդեմ սատանայի ու նրա խաբկանքների:

Եթե մինչեւ Քրիստոս խաչն անարգանքի եւ նախատինքի նշան էր, ապա Տիրոջ խաչելությամբ նրա մեջ դրվեց կյանքի խորհուրդը, եւ մարդը հնարավորություն ստացավ նոր արարած լինելու. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, ապա նա նոր արարած է» (Բ Կորնթ. Ե 17):

Քրիստոս խաչի վրա ներեց մեզ, մեր մեղքերի պարտամուրհակը վերացրեց՝ մեխելով այն խաչափայտին: Այս գիտակցությամբ ու խոր համոզմամբ է քրիստոնեության մունետիկ Պողոսն ի լուր ամենքի ազդարարում. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գղտ. Զ 14): Անշուշտ տերունական նշանը ճշմարիտ քրիստոնյաներիս համար պարծանքների պարծանքն ու Աստծո անսահման սիրո արտահայտությունն է:

«Ի ՅԵՐԿՆԻՑ ԵՐԵՒԵԱԼ ՆՇԱՆՆ ՅԱՂԹՈՒԹԵԱՆ…»

351թվականի մայիսի 7-ն էր, երբ երկնքում ուժեղ լույս փայլեց, եւ մարդիկ ականատես եղան զարմանալի մի հրաշքի: Երկնքում երեւաց փրկչական Խաչի նշանը, որի պայծառությունից մթագնեց արեգակը: Այն շատ գեղեցիկ էր եւ շողարձակում էր ծիածանագույն շրջանակի մեջ: Լույսը տարածվելով անցավ Գողգոթայից մինչեւ Ձիթենյաց լեռը: Քրիստոնյաներն շտապեցին դեպի Սիոնի մայր եկեղեցի եւ այնտեղ երկար աղոթեցին ու իրենց գոհությունը հայտնեցին Աստծուն, որ արժանացան մեծագույն փառքի՝ Խաչյալ Հիսուսի նշանը տեսնելուն:

Այդ հրաշքին ականատես եղան ոչ միայն քրիստոնյաները, այլեւ Երուսաղեմի՝ տարբեր կրոններ դավանող մյուս բնակիչները: Հրեաներից շատերը հավատացին աստվածային նշանին եւ, գալով քահանաների մոտ, խնդրեցին, որ իրենց մկրտեն, որպեսզի Քրիստոնեական Եկեղեցու անդամ դառնան: Շատերը դարձի եկան, հավատացին Հիսուսին, Սուրբ Կյուրեղի ձեռքով մկրտվեցին եւ դարձան քրիստոնյաներ:

Կյուրեղ Հայրապետը նամակ գրեց Բյուզանդիայի Կոնստանտին կայսրին, պատմեց Երուսաղեմում Ս. Խաչի երեւման մասին եւ խնդրեց, որ ամուր մնա քրիստոնեական հավատի մեջ: Նամակը 5-րդ դարում թարգմանվեց հայերեն եւ ցայսօր, Ս. Խաչի Երեւման տոնին, կարդացվում է հայոց եկեղեցիներում: Հայ Առաքելական Եկեղեցին այն նշում է Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը:

Հայոց պատմության մեջ քիչ չեն խաչի երեւումները: Կորյունն ու Մովսես Խորենացին, Մեսրոպ Մաշտոցի մահն ու թաղումը նկարագրելիս, հիշում են, որ Վաղարշապատում լուսավոր խաչանշանը մի քանի օր շարունակ փայլել է երկնքում այն տան վրա, ուր Սուրբն ավանդել է հոգին, ինչպես նաեւ ուղեկցել թաղման թափորը մինչեւ հուղարկավորության վայր եւ անհետացել միայն Սրբի մարմինը գերեզման իջեցնելուց հետո: Սուրբ Խաչի երեւումները պատմության տարբեր ժամանակաշրջաններում մատնանշում են Աստծո ներկայությունը մարդկանց մեջ եւ ապացույց են մարդկանց հանդեպ Նրա սիրո ու հոգատարության:

Ապրիլի 29-ին՝ տոնի ուրախ առիթով, Գյումրու Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց եւ օրվա խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները