Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

«ՈՎ Է ՍԱ, ԹԱԳԱՒՈՐ ՓԱՌԱՑ, ԵԿԵԱԼ
ՄԱՐՄՆՈՎ ԵՒ ՍՔԱՆՉԵԼԻ ԶՕՐՈՒԹԵԱՄԲ»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Սա է, որ ի գերեզմանէն յարեաւ եւ աւերեաց զդոժխս եւ վերհամբարձեալ փառօք գայ առ Հայր Տէր կարող ի պատերազմի»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այաստանյայց Առաքելական Եկեղեցին մայիսի 10-ին տոնախմբեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որ ժողովրդին հայտնի է նաեւ «Վիճակ» եւ «Ջանգյուլում» անուններով:

«Խորհուրդ մեծ եւ Սքանչելի»-ն հարուցյալ մարմնով աշխարհային քառասնօրյա հրաժեշտի օրերն էր ապրում Իր փոքրածու հոտի հետ եւ երկնային խաղաղությունն էր հովանի դարձրել՝ որպես ջրհեղեղից հետո հաշտության ուխտի կամարակապ ծիածան: Նոր Ուխտով ապրելու տիեզերական վերջին պատգամներն էր Նա փոխանցում առաքյալներին՝ հայտնվելով Երուսաղեմում, Էմմաուսի ճանապարհին, Գալիլեայում, Տիբերյայի լճի ափին… եւ մինչեւ իսկ Ձիթենյաց լեռ: Հիսուս քառասուն օր մնաց երկրի վրա, մնաց, որովհետեւ հարկավոր էր, որ Իր հարության իրողությունը հաստատեր առաքյալների մեջ եւ մեկ անգամ եւս պատրաստեր նրանց՝ դիմակայելու այն ամենին, ինչ սպասվում էր վերջիններիս:

Տիրոջ Համբարձումը, հրաշափառ Հարության պես, կյանքի եւ փրկության հաղթանակն էր մահվան ու կորստի հանդեպ: Այն Փրկչի երեսուներեքամյա երկրային կյանքի ու գործունեության հաղթական վերջակետն էր՝ Բեթղեհեմի անշուք մսուրից մինչեւ Գողգոթայի խաչափայտը, մինչեւ Հարություն ու համբարձում:

Ինչպես ասում է Ս. Գրիգոր Տաթեւացին՝ «համբարձվեց, որպեսզի մեզ համար տեղ պատրաստի, ինչպես որ խոստացավ (Հովհ. ԺԴ 2) եւ վստահություն տա հուսալու, որ մարմնով մտնելու ենք հավիտենական ժառանգություն»: Քրիստոսի համբարձումը ցույց տվեց երկնքի ճանապարհը: Միանշանակ տիեզերքի ձգողականության օրենքն Իր աստվածային կամքին հպատակեցնելով եւ Ձիթենյաց լեռից երկինք համբարձվելով՝ Հիսուս առ Աստված ճանապարհ բացեց երկրավորներիս համար: Ինչպես հաղթության փառապսակը ստանալով՝ նստեց Հոր աջ կողմում, այդպես էլ մահկանացուներիս, Իր երկրորդ գալստյամբ, Իրեն միանալու եւ հավերժանալու խոստումը տվեց:

ԱՎԱՆԴՈՒՅԹ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ

Համբարձման տոնի հետ կապված հայոց մեջ կան մի շարք ավանդույթներ: Այդպիսի մի ավանդույթ է «Ջանգյուլում»-ը կամ «Վիճակ»-ը: Համբարձումը շարժական տոն է, սակայն միշտ համընկնում է հինգշաբթի օրվա հետ: Հնում տոնական հանդիսություններն սկսվում էին չորեքշաբթի օրը: Չորեքշաբթի վաղ առավոտյան կատարվում էր հիմնական ծեսի՝ վիճակի նախապատրաստությունը, ինչի համար էլ տոնը կոչվում է նաեւ «Վիճակ»: Յոթական աղջիկներից կազմված խմբերը դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու, փարչի մեջ յոթն աղբյուրից յոթը բուռ ջուր, յոթը տեսակի ծառից յոթը տերեւ, յոթը տեսակի ծաղիկ եւ հոսող առվից յոթը տեակի քար էին լցնում: Երբ մթնում էր, աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը եւ շուրջբոլորը զարդարում ծաղկեփնջերով:

Հինգշաբթին տոնական հանդիսությունների հիմնական օրն էր: Աղջիկները նախ բերում էին իրենց պահած «Վիճակ»-ի փարչն ու ծաղիկները, որից հետո փոքրիկ հարսնացուն նստում էր փարչի մոտ եւ, յուրաքանչյուր երգվող քառյակից հետո, փարչի միջից հանում նշանները, ապա ընթերցվում էին համապատասխան քառատողերը: Վիճակահանությունն ավարտվում էր փարչում մնացած ջուրը արտերում շաղ տալով:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Մայիսի 10-ին՝ հինգշաբթի օրը, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի ուրախ առիթով, հայոց բոլոր եկեղեցիներում վերստին հնչեղ ղողանջեցին զանգերը: Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում եւս հավաքվել էին մեծաթիվ հավատացյալներ՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզով պատարագիչ Տեր Հայրը դիմեց ներկաներին՝ մեկնելով տոնի խորհուրդը:

ՏՈՆ ԱԶԳԱՅԻՆ «ԷՋ ՄԻԱԾԻՆ Ի ՀՕՐԷ ԵՒ ԼՈՅՍ ՓԱՌԱՑ ԸՆԴ ՆՄԱ»

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, տոնախմբելով Համբարձման տոնը, իր տիրավանդ խորհրդին միախառնել է նաեւ Հայոց Հայրապետական Աթոռը 1441 թվականին Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Էջմիածնում վերահաստատեցին Աթոռը, որովհետեւ այստեղ է Հայրենիքը եւ այստեղ 301 թվականին իջավ Աստծո Միածին Որդին՝ պատվիրելով. «Այստեղ պիտի լինի Իմ Աթոռը քահանայապետական»:

Սա հայ ժողովրդի համար համազգային տոն է, քանզի Կաթողիկոսական Աթոռը՝ Հայ Եկեղեցու հոգեւոր կենտրոնը, Վաղարշապատում վերահաստատելով՝ հնարավոր եղավ պահպանել Արեւելյան Հայաստանի պատմական այս փոքրիկ հատվածը, որի վրա 1918 թվականին կազմավորվեց մեր անկախ պետականությունը՝ շնորհիվ Ս. Էջմիածնի եւ նրա զինվորյալ միաբանության:

Ի հիշատակություն պատմական այդ օրվա եւ ի հավերժություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի՝ հընթացս սրբազան արարողակարգի, կատարվեց գոհաբանական մաղթանք:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները