Հոգեւորականը ո՛չ իշխանության կողմից պետք է լինի, ո՛չ էլ՝ ժողովրդի: Հոգեւորականը պետք է լինի ճշմարտության կողմից...

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 4 (216), ապրիլ 2018 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ

«Ուխտը կապակցում է աստվածայինի ու մարդկայինի դաշինքն Աստծո եւ մարդու միջեւ, արարածի հավատարմությունն Արարչի հանդեպ, սուրբ համբույրը՝ աղոթքին ու կյանքին»:
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

պրիլի 8-ին՝ Կրկնազատկի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Սուսաննա Բաղդասարյանի, ուղեւորվեցին Արագածոտնի մարզի Մուղնի գյուղ, ուր գտնվում է Ս. Գեւորգ եկեղեցին:

ՍՐԲԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԸ

Հայ ժողովուրդը հայացրել կամ ազգայնացրել է Ս. Գեւորգ Զորավարին եւ կառուցել Սրբի անունը կրող մեծաթիվ եկեղեցիներ: Մուղնու Ս. Գեւորգը 17-րդ դարի կառույց է: Եղել է հայ գրչության ու դպրության կենտրոններից մեկը: Ճարտարապետն է Սահակ Հիզանեցին: Պատմությունը վկայում է, որ եկեղեցում ամփոփված զորավարի մասունքը Հայաստան է բերվել 350 թվականին՝ Ներսես Մեծ Կաթողիկոսի կողմից:

Այդ օրը, ի մխիթարություն եւ օրհնություն հավատացյալ ժողովրդի, արդեն իսկ ամրագրված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից Ս. Գեւորգ եկեղեցի բերվեց Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը:

ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Դարեր ի վեր ձեռագիր մատյանները եղել են մեր ժողովրդին պատուհասած աղետների «ականատեսն» ու «վերապրողը», այդ թվում՝ 1915-ի ցեղասպանության: Շատերը փրկվել են, իսկ հազարավորների ճակատագիրն անհայտ է: Հայկական ձեռագիր մատյաննեը մեր ժողովրդի հետ սփռվել են աշխարհով մեկ, սակայն ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն այսօր էլ մեր գանձերը վերադարձնում են Մատենադարանին: Այդ ձեռագիր մատյաններից է նաեւ Շուրիշկանի Ավետարանը, որ գրվել է Վասպուրականում, 15-րդ դարում, Բարսեղ Վարդապետի ձեռամբ:

Շահ Աբասի տեղահանությունների ժամանակ հայ գաղթականներն իրենց Սուրբ Գիրքը տեղափոխել են Իրան: Ավանդության համաձայն՝ Արաքսն անցնելիս, Ավետարանն ընկնում է գետը եւ յոթը տարի շարունակ մնում այնտեղ: Երբ կրկին հաջողվում է Արաքսի ջրերից հանել մատյանը, այն ունենում է իր սկզբնական տեսքը: Ընդամենը մի քանի թերթերի եզրերն են փոքր-ինչ թրջված լինում: Ջրի հետքերն առ այսօր նկատելի են:

Հետագայում Ավետարանը պահվել է Իրանի Շուրիշկան գյուղում, իսկ իրանահայերն ամեն տարի, Ս. Հարության տոնին հաջորդող կիրակի օրը (Կրկնազատիկին), նվիրական ուխտի են գնացել ու խոնարհվել զորավոր Ավետարանին: 70-ական թվականներին Ավետարանը բերվեց Հայաստան եւ պահ տրվեց Մատենադարանին:

Սուրբ Գեւորգ Եկեղեցում, մեծաթիվ ուխտավորների ներկայությամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում հավատավոր ուխտավորներն ու շուրիշկանցիները հնարավորություն ունեցան համբուրել Ս. Ավետարանը, ինչպես նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը:

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

Գմբեթավոր բազիլիկը կառուցվել է 18-րդ դարում՝ ճարտարապետական բարձրարվեստ լուծումներով: Աղոթատան կառուցումն իրականացրել են ճարտարապետ Սահակ Հիզանեցին եւ վարպետ Մուրադը: Սյունազարդ գավիթն ու զանգակատունն ավելի են գեղեցկացնում կառույցը: Ներսի պատերը զարդարված են որմնանկարներով: Ճակատի քանդակազարդ խաչքարերն ու երեսապատման բազմազանությունը, ինչպես նաեւ գմբեթի հովհարաձեւ ծածկը յուրաքանչյուր այցելուի վրա թողնում են բացառիկ ազդեցություն: Եկեղեցին ունի նաեւ հարավային դուռ:

Սուրբ Գեւորգի վերասրբագործումն իրականացավ երջանկահիշատակ Մեսրոպ արք. Աշճյանի շնորհիվ: Սրբազան Հայրը եկեղեցու վերակառուցմանը հատկացրեց իր քահանայական ձեռնադրության 35-ամյակի առիթով ԱՄՆ-ում հանգանակված ողջ գումարը:

ՕՀԱՆԱՎԱՆՔ

Ուխտավորների հաջորդ հանգրվանն Օհանավանի եկեղեցին էր, ուր ուխտավորները երգեցին Կոմիտասի «Սուրբ, Սուրբ»-ը, Տերունական աղոթքը եւ «Տեր ողորմեա»-ն: Օհանավանի Ս. Հովհաննես եկեղեցով զմայլված եւ, վանքի հետնամասից բացվող, բնության անկրկնելի տեսարաններով, անդնդախոր ձորերով ու գահավեժ ջրվեժներով հիացած հավատացյալները նստեցին սիրո ճաշի:

ԱՊԱՐԱՆԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

Վերջին կանգառն Ապարանի 7-րդ դարի Ս. Խաչ եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորները, եկեղեցու կամարների տակ, հնչեցրին շարականներ ու աղոթքներ, վառեցին հավատքի մոմեր եւ անչար սրտով հայցեցին Բարձրյալից. «Քո բարերար շնորհներով գթա Քո արարածներին եւ հայոց աշխարհին, որպեսզի ճանաչեն ե՛ւ Քեզ, ե՛ւ Քո Միածին Որդուն»:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍԵԴԱ ԳԻԼՈՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները