Հոգեւորականը ո՛չ իշխանության կողմից պետք է լինի, ո՛չ էլ՝ ժողովրդի: Հոգեւորականը պետք է լինի ճշմարտության կողմից...

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 4 (216), ապրիլ 2018 թ.  


 

       

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ

րեք տարի առաջ «Ինտերդիակ» սոցիալական դիակոնիայի կրթության պատասխանատու Թոնի Էդդիին բախտ վիճակվեց հանդիպել Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հետ: Սրբազան Հոր հետ փոխանակած երեք նախադասությունը Թոնիի համար խթան հանդիսացավ հենց Գյումրիում՝ Շիրակի թեմում, սոցիալական դիակոնիայի միջազգային դասընթաց կազմակերպել:

Մինչ տեսլականը վերածվում էր հստակ ծրագրի՝ հետաքրքիր զուգադիպությամբ, Չեխիայում կազմակերպված «Ինտերդիակի» մեկ այլ՝ «Գիտելիքներ ու հմտություններ համայնքի հզորացման եւ մասնակցության համար» կիսամյակային դասընթացին հաջողությամբ մասնակցեցին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ Նառա Մելքոնյանն ու Անի Մկրտչյանը: Ծանոթանալով կենտրոնի գործունեությանը՝ ծրագիրն առավել հստակեցվեց եւ ահա, ամիսներ անց, «Ինտերդիակը» Գյումրիում է՝ սոցիալ-կրթական կենտրոնում, տասներկու երկրներից ժամանած տասնչորս մասնակիցներով, ովքեր իրենց երկրներում սոցիալական դիակոնիա իրականացնող հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ են:

Դասընթացի աշխարհագրությունը տարածվում էր Ղրղզստանից մինչեւ Դանիա՝ ներառելով արեւելյան եւ կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներ: Գարնանային արեւոտ մեկ շաբաթն արտասահմանյան գործընկերների համար հագեցած եւ ընդգրկուն էր՝ հանդիպումներ կենտրոնի շահառուների հետ, գործնական աշխատանքներ կենտրոնի սոցիալական աշխատողների եւ հոգեբանի օգնությամբ, սոցիալական աշխատանքի դիտարկումներ դեպքի վայրում, համայնքի ներքին կառուցվածքների եւ ներհամայնքային հաղորդակցման դիտարկումներ Գյումրու տարբեր, այդ թվում՝ առավել խոցելի թաղամասերում, խմբային աշխատանքներ՝ ենթադրվող շարունակությամբ, երբ, մասնակիցների կողմից դասընթացի շրջանակներում ներկայացված, գործունեությանը մյուս մասնակիցները հետագայում ծանոթանալու են հենց տեղում:

Դիակոնիայի մասնագետների խմբի համար առանձնակի կարեւոր էր ծանոթանալ Գյումրու Ս. Յոթվերք եկեղեցուն՝ ուղեկցող քահանաների օգնությամբ: Ոգեշնչված Հայ Եկեղեցու պատմության դրվագներով՝ հյուրերն արժանացան նաեւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ընդունելությանը՝ անչափ տպավորվելով Սրբազան Հոր հետ հանդիպումից:

Հյուրընկալ Գյումրին եւ իր հյուրերին առանձնակի ջերմությամբ ընդունող սոցիալ-կրթական կենտրոնը մասնակիցներից շատերի մոտ անպայման վերադառնալու ցանկություն առաջացրին: Խումբը շրջագայեց Գյումրու եւ Շիրակի մարզի պատմամշակութային վայրերով:

Երբ մասնակիցներից մեկի՝ եթովպացի Եսայայի ծնողներն իմացան իրենց որդու Հայաստան այցելելու ծրագրի մասին, ոգեւորելուց եւ ուրախանալուց զատ, պարտավորեցրին նրան այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հատկապես Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Եսայայի՝ իր ծնողներին տված խոստումն էլ դարձավ ամբողջ խմբի համար նշանակալից իրադարձության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Խոր Վիրապ այցելելու պատճառը: Որպես դիակոնիայի նվիրյալներ՝ անկախ ազգությունից, այցը դասընթացի մասնակիցների համար յուրատեսակ ուխտ էր՝ մարդկանց օգնելու աստվածահաճ գործի համար օրհնություն եւ զորություն ստանալու ակնկալիքով:

Միջազգային դասընթացի առաջին փուլն ավարտվեց. այն իր շարունակությունն է ունենալու Ռուսաստանում եւ Էստոնիայում անցկացվելիք հաջորդ փուլերի ընթացքում:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները