Հոգեւորականը ո՛չ իշխանության կողմից պետք է լինի, ո՛չ էլ՝ ժողովրդի: Հոգեւորականը պետք է լինի ճշմարտության կողմից...

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 4 (216), ապրիլ 2018 թ.  


 

       

«ՏՐՏՄԱԾ ԲՆՈՒԹԵԱՆՍ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ, ԲԵՐԿՐԵԱԼ
ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ»

«Անժամանակը Հորից եւ անմարմին ծոցածին ծնունդը Այսօր Գաբրիելի ավետումով մարմնանում է Սուրբ Կույսից»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այ Առաքելական Եկեղեցին Աստվածածնին նվիրված յոթը տոն ունի, ի թիվս որոնց Ս. Կույսի Ավետումն է, որ տոնախմբվում է ապրիլի 7-ին:

Տիրամայրը պսակն է բոլոր Սրբերի, մայրը եւ ծնողը արդարների, թագուհին հրեշտակների եւ համայն մարդկության: Նրա միջոցով տեսանելի դարձավ դեպի Կենաց Ծառը տանող ճանապարհը: Նրա միջնորդությամբ կրկին բացվեցին դրախտի դռները, որպեսզի արդարները վարձատրվեն Տիրոջ կողմից:

Աստվածամոր հեզությունն ու խոնարհությունը բոլոր ժամանակներում օրինակ է հանդիսացել ամենքին: Հրեշտակապետի ավետմամբ Մարիամը տեղեկացավ, որ ընտվել է Մեսիայի մայր, պետք է ունենա որդի եւ անունը Հիսուս դնի, Ով լինելու է ողջ մարդկության Փրկիչն ու երկնքի արքայության հավիտենական Թագավորը:

Մարիամն իր զարմանքը թերահավատությամբ չդրսեւորեց, այլ ճիշտ հակառակը: Նա իր շնորհընկալ անձն ընծայաբերեց աստվածային կամքի կատարմանը՝ ցուցաբերելով կատարյալ հնազանդություն ու խոնարհություն. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. Ա 38):

Բանը երկնքից երկիր իջավ, մարմնացավ Կույսից՝ մեղավորներիս փրկության համար: Սա ուրախության, Աստծո մարդեղության ավետման տոնն է: Աստծո Որդին դարձավ մարդու որդի ճշմարտապես եւ ոչ թե երեւութապես: Սուրբ Կույս Աստվածածնից սկզբնավորվեց Անսկիզբը, Անժամանակը ժամանակի մեջ սահմանափակվեց, Տերը ծառայի կերպարանք առավ:

Հայտնի դարձավ Աստծո անբավ իմաստությունը, որը միջոց գտավ վերականգնելու ադամական անկյալ վիճակը: Ինչպես նաեւ հայտնի դարձավ Աստծո անչափելի մարդասիրությունը, քանզի ինչ որ չարեց հրեշտակների համար, արեց մարդկանց համար. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ Իր միածին Որդուն տվեց…» (Հովհ. Գ 16): Տիրամայրն արժանի է իրեն ընծայված բոլոր պատիվներին

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հայոց եկեղեցիներում ապրիլի 7-ին վերստին ղողանջեցին զանգերը, եւ վերստին մեզ ազգովի առիթ ընձեռվեց ծնրադրել Տիրամոր առջեւ, աղոթել ու հայցել նրա բարեխոսությունը: Գիշերային եւ առավոտյան ժամերգություններից հետո առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, Ավետման տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ս. Ավետման տոնը հռչակվել է մայրերի օրհնության օր: Այդ առիթով հայոց բոլոր եկեղեցիներում կատարվում է, մայրության բերկրանքին սպասող, կանանց օրհնության հատուկ կարգ, որպեսզի ամենաօրհնյալի՝ Ս. Աստվածամոր բարեխոսությամբ օրհնվեն հայոց ընտանիքները՝ հավատարիմ մնալով Եկեղեցու սրբազան ավանդությանն ու դավանանքին:

Օրհնության կարգ կատարվեց նաեւ Շիրակի թեմի եկեղեցիներում, այդ թվում եւ առաջնորդանիստ Սուրբ Աստվածածնում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները