Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

ՊԱՐԳԵՎԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
ՍՐԲՈՑ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ետրվարի 6-ին՝ Ս. Ղեւոնդյանց քահանաների տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանաների շնորհաբաշխման արարողություն:

Արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները եւ Մայր Աթոռի կառույցներում ու թեմերում սպասավորող 236 եկեղեցականներ:

Միասնական Տերունական աղոթքից հետո բացման խոսքով հանդես եկավ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Տոնի առիթով շնորհավորելով Նորին Սրբությանը եւ Հայ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին` Սրբազան Հայրը նշեց, որ Սրբոց Ղեւոնդյանց տոնը քահանայական ծառայության արժեւորման, պանծացման ու փառաբանության օր է: Միքայել Սրբազանը նաեւ մաղթեց, որ կորովը, ներշնչանքն ու աստվածային շնորհներն անպակաս լինեն քահանայական դասից:

Մինչ պարգեւաբաշխությունը՝ «Դավիդյան» հիմնադրամի նախագահ եւ բարերար տիար Ասո Դավիդյանը քահանայից դասին տեղեկություններ փոխանցեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի վերաբերյալ: Տիար Ասո Դավիթյանը ներկայացրեց այս առնչությամբ կատարված աշխատանքները, պատասխանեց հոգեւորականների հարցերին:

Այնուհետեւ տեղի ունեցավ շնորհաբաշխությունը: Տոնի առիթով Վեհափառ Հայրապետը մի շարք եկեղեցականների շնորհեց քահանայական լանջախաչեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լանջախաչ կրելու իրավունքի արժանացան տարբեր թեմերում ծառայող մի խումբ քահանաներ:

Հավարտ պարգեւաբաշխության Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, տոնի առիթով, շնորհավորեց եւ իր օրհնությունը հղեց արարողության մասնակիցներին` մաղթելով, որ Ս. Ղեւոնդյանք մշտապես ոգեշնչեն եկեղեցականներին իրենց առաքելության մեջ:

Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց Եկեղեցին մեկ ու կես հազարամյակ նշում է այս տոնը` կարեւորելով այն արժեքները, որոնք այն մատուցում է մեր ժողովրդին: Վեհափառ Հայրապետը դրանց շարքում մասնավորապես առանձնացրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին անձնազոհ նվիրումը, որն իրենց նահատակությամբ վկայեցին Ս. Ղեւոնդյանք:

Անդրադառնալով մեր օրերում եկեղեցականների ծառայությանը եւ հայոց ազգի հոգեւոր կյանքին` Հայոց Հովվապետն ընդգծեց, որ, իբրեւ Տիրոջ խոսքի քարոզիչներ, Տիրոջ այգու մշակներ ու տնտեսներ, եկեղեցականները պետք է այնպես խնամեն Տիրոջ այգեստանները, որ դրանք ծաղկուն վիճակի մեջ ու բարեբեր մնան, մշտարթուն ու աչալուրջ լինեն, որպեսզի չարը որոմներ չսերմանի, եւ ժամանակին կարողանան նկատել եւ արմատախիլ անել: Վեհափառ Հայրապետը հորդորեց հոգեւոր դասին զգոն եւ նախանձախնդիր լինել հոգեւոր սպասավորության մեջ, ազգի զավակներին սնել, կրթել ու դաստիարակել Քրիստոսի պատվիրաններով եւ պատգամներով, Աստվածաշնչի խոսքով` զգուշացնելով, որ այսօր չարը գործում է տարբեր ու ավելի բարեկիրթ անվանումների ներքո:

Գարեգին Բ Կաթողիկոսը նշեց նաեւ, որ, աշխարհիկության անվան ներքո, ներկա ժամանակներում անհավատություն եւ եկեղեցատյացություն է քարոզվում եւ տարածվում, փորձ է արվում խարխլել քրիստոնեական հոգեւոր արժեհամակարգը, այն արժեքները, որոնցով դարեր շարունակ ապրել է ու հարատեւել հայ ժողովուրդը, փորձ է արվում շփոթեցնել եւ շեղել նրան դարերով դավանած ճշմարիտ հավատքից ու արժեքներից:

Նորին Սուրբ Օծությունը շեշտեց, որ այսօրվա եկեղեցականության սրբազան եւ նվիրական պարտականությունն է շարունակել հայրերի արթուն սպասավորությունը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին եւ քահանայից դասին ջանադիր աշխատանքի համար` հայցելով Տիրոջ զորակցությունը եւ Սուրբ Հոգու շնորհներն ամենքին` առավել պայծառացնելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցին եւ նրա զավակներին համախումբ պահելու Եկեղեցու կամարների ներքո: Գարեգին Բ Վեհափառը պատգամեց ժողովրդի հոգում միշտ սերմանել հավատի հունդերը, որպեսզի դրանք առատ պտղաբերեն հայրենաշեն եւ եկեղեցանվեր գործերով:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց, որ Աստված Իր Աջը հովանի դարձնի հայրենի երկրին ու ժողովրդին եւ Իր օրհնությամբ ու առատ շնորհներով զորացնի եկեղեցականներին` փառքով կատարելու իրենց ծառայությունը հավատավոր ժողովրդի հոգեւոր կյանքի շինության համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները