Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

«Ես եմ աշխարհի լույսը: Ով որ ինձ հետեւի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք»:
ՀՈՎՀ. Ը 12

արդկային հարաբերություններն առանց քրիստոնեական առողջ դաստիարակության, ավետարանական պատգամների ճշգրիտ իմացության եւ ըմբռնման, անկասկած կթերանան իրենց առաքելության եւ կոչման մեջ: Ճիշտ դաստիարակություն ստացող յուրաքանչյուր քրիստոնյա հայորդի հաղորդակից է դառնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքին, Սուրբ Հայրերի կողմից սահմանված հոգենորոգ աղոթքներին ու շարականներին: Առաջնորդվելով այս գաղափարով՝ արդեն տասը տարի է, ինչ թիվ 15 կրթօջախում գործում է կիրակնօրյա դպրոց, որ կոչվում է մեր հավատքի Հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով:

Տյառնընդառաջը՝ առաքելահաստատ այս տոնը, լույսի, հույսի եւ Աստծուն ընդառաջ գնալու հրավեր է, որը եւս մեկ անգամ մեզ հիշեցնում է Տիրոջ հետ հանդիպման, Նրանով մեր կյանքն արժեւորելու եւ Տիրոջ անմար լույսը մեր մեջ ունենալու անհրաժեշտությունը: Համաքրիստոնեական այս տոնին առանձնահատուկ էին պատրաստվել դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները, ովքեր, կարծես, ի մի բերեցին հավատքի լույս գործերը:

Հիրավի, այսօր առավել, քան երբեւէ Աստծո լույսի կարիքն ունենք, որպեսզի ցրենք մեզ շրջապատող անգիտության խավարը եւ մեր կյանքը պայծառակերպենք ու իմաստավորենք Քրիստոսով: Այս իրողության շուրջն էր յուրահատուկ ջերմությամբ համախմբվել ուսուցչական կազմը՝ տնօրեն տիկին Սեդա Համբարձումյանի ղեկավարությամբ եւ դաստիարակության գծով փոխտնօրեն Քնարիկ Ադամյանի նախաձեռնությամբ: Ներկա էին դպրոցի աշակերտները եւ ծնողները:

Միջոցառումը, որ տեղի ունեցավ կրթօջախի բակում, սկսվեց «Տերունական աղոթք»-ով եւ բովանդակում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, քառասնօրյա Մանկան տաճարընծայումը՝ միաձուլված հայկական ազգային սովորույթներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր: Սցենարը զերծ չէր նաեւ հարսանեկան տեսարանից: Դպրոցի աշակերտներից զույգեր էին կազմվել՝ հարսանիքի տեսարանը ներկայացնելու համար: «Հարսն ու փեսան», «հարսանիքի» մասնակիցների հետ, շրջեցին բոցավառ կրակի շուրջը, պարեցին ու արտասանեցին:

Այնուհետեւ աշակերտները, իրենց ձեռքով պատրաստած եւ գեղեցիկ փաթեթավորումներով զարդարած, աղանձները բաժանեցին ներկաներին: Հոգեւոր աշխարհը կարեւոր է մարդու համար, քանի որ այդ կերպ հավատքը գործի է վերածվում, ի ցույց է տրվում իմացածը, սովորածը:

Տյառնընդառաջին նվիրված հանդիսույթն ամբողջությամբ առ հոգեւոր ճանապարհը հաստատուն մի քայլ էր, որն օգնելու է յուրաքանչյուր աշակերտի՝ սեփական կյանքը ճշմարտությամբ շեշտադրելու հարցում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՔՆԱՐԻԿ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները