Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Արմատք դեղոց բժշկաց զցաւս մարմնոյն առողջացուցանեն, եւ հոսումն արտասուաց ապաշխարհութեան զմեղաց զվէրսն ոգւոցն բժշկեն եւ մանաւանդ որ հանդերձ ողորմութեամբ եւ գթով տնանկացն ապաշխարիցեն»:
ՀՈՎՀ. ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

այաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում տարվա ընթացքում տասն անգամ հիշատակվող Բարեկենդան եւ մեկ անգամ էլ՝ Բուն Բարեկենդան բառերը կոնկրետ տոնի անվանումներ չեն, այլ պահոց շրջաններն ազդարարող, ինչպես նաեւ այդ ընթացքը հավասարակշռող ուրախության օրեր: Անշուշտ Բարեկենդանը կրոնական տոն չէ, սակայն այդ օրերին եկեղեցիներում երգվող շարականների նյութը վերհիշեցնում է նախամարդու՝ Ադամի երջանիկ կյանքը դրախտում՝ «ի ներկայութեան Աստուծոյ»:

Բարեկենդանների մեջ հատկանշական է Մեծ Պահքի նախընթաց կիրակի օրը, որ կոչվում է Բուն Բարեկենդան: Այն իր արմատներով, ծագումով ավելի հին է: Նախկինում Բուն Բարեկենդանի օրը վանքերում նույնիսկ որոշ ազատություն էր տրվում եւ կոչվում էր աբեղաթող: Սուրբ Հայրերը բարեկենդանը համեմատում են դրախտի փափկության, իսկ դրախտի տնկիներն ու բողբոջները՝ եկեղեցու մանուկների հետ: Կենաց ծառը Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու բուրումնավետ ծաղիկներն առաքյալների, մարգարեների, ավետարանիչների ու սուրբ վարդապետների, ովքեր Քրիստոսի անուշ բուրմունքն են. «Քրիստոսի անուշ բուրմունքն ենք Աստծու առջեւ» (Բ Կորնթ. Բ 15): Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր, ուտեստներ՝ ի հետեւություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետեւ երկար ճանապարհ ես գնալու» (Ա Թագ. ԻԹ 7):

Բուն Բարեկենդանի երեկոյան սկսվում է պահքի քառասնօրյա շրջանը, որ պահքերից ամենաերկարն է, ինչի պտճառով էլ կոչվում է Մեծ: Այն շարունակվում է մինչեւ Զատիկ: Իբրեւ պահեցողության քառասնօրյա շրջան՝ Մեծ Պահքի համար օրինակ է Փրկչի՝ անապատում քառասնօրյա պահեցողությունը: Ս. Գրիգոր Տաթեւացին ասում է. «Քրիստոս անմեղ էր եւ պահք պահեց ոչ նրա համար, որ ուներ դրա կարիքը, այլ հաստատելու համար, որ Հին Ուխտն ու Նոր Ուխտը, մարգարեներն ու Քրիստոս իրար հակառակ չեն, այլ լրացնում են միմյանց: Եթե Մովսեսն ու Եղիան Աստծո Խոսքը պահեցին Նրա հիշատակին տված կերակրի զորությամբ, ապա Քրիստոս պահեց Իր զորությամբ» (Քարոզ Բուն Բարեկենդանի):

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Բարեկենդանը հայոց ավանդական կենցաղում տարածված տոներից էր, որը մինչեւ 20-րդ դարասկզբը նշվում էր պատմական Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում: Տոնի վերջին կիրակին Բուն Բարեկենդանն էր. այն ամենաառատ ուտելիքների տոնն էր: Պատահական չէ, որ տոնի վերջին երեկոյին տրվել էր «տրաքելու օր» անվանումը: Անհրաժեշտ էր ամբողջությամբ ճաշակել կերակուրները, որովհետեւ հաջորդ օրն սկսվելու էր Մեծ Պասը: Երեկոյան, երբ արդեն ավարտված էր լինում խնջույքը, որպես ուտիք եւ ուրախ օրերի ավարտի ծիսական խորհրդանիշ, «փակում էին իրենց բերանները» ձվով կամ ձվածեղով եւ միմյանց դիմում բարեմաղթանքով. «Բերաններս փակում ենք սպիտակ ձվով, Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելուն…»:

Այս տարի Հայոց Եկեղեցու տոնացույցում Բուն Բարեկենդանը նշվեց փետրվարի 11-ի կիրակի օրը: Ս. Յոթվերքում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհրդին համահունչ քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները